

ԷկոԼուր
Ապրիլի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պահանջեց լրացուցիչ հետազոտություններ իրականացնել Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին հանքը շահագործող «Lydian International» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Թիմ Քոֆլինը, «Lydian»-ի դուստր ձեռնարկության` «Գեոթիմ» ՓԲԸ-ի աշխատակիցները, հասարակայնության, տեղական համայնքների ներկայացուցիչներ:
Ցիանային արտադրություն:
Սույն թվականի մարտի 12-ին «Lydian International» ընկերությունը տարածել է մամլո հաղորդագրություն (http://www.lydianinternational.co.uk/press-releases/2012-03-12/lydian-receives-environmental-approval-for-processing-at-amulsar-using-heap-leach-technology), որի համաձայն, որպես Ամուլսարի նախագծի շահագործման թույլտվության գործընթացի մի մաս, ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հաստատվել է ընկերության ցիանային տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ ՇՄԱԳ-ը: «ԷկոԼուր»-ի հարցին, թե իսկապես նախարարությունը հաստատել է ցիանային տեխնոլոգիայի կիրառման վերաբերյալ ՇՄԱԳ-ը, Բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը բացասական պատասխան տվեց. «Նախագիծը չի հաստատվել: Նախագիծն անցել է 2 հանրային լսում, այսօր մենք լսում ենք իրականացնում, այս լսման արդյունքում դուք կտեսնեք, թե ինչ հանձնարարական եմ տալիս: Չենք հաստատել, դրա համար էլ լսում ենք իրականացնում»: Սակայն բնապահպանական փորձաքննության փորձագետը (չներկայացավ) նկատեց. «Ծրագիրը մեր մոտ անցել է, 2011 թ. հաստատել, տվել ենք, ուղղակի սա հիմա նախագծի մասով է: Նախագիծը չի անցել, ծրագիրն է, որից հետո որպես մեր ծրագրից հետո ենթադրվում է նախատեսվող գործունեության փորձաքննությունը, որը հիմա ընթացքի մեջ է, եզրակացություն դեռ չի տրվել, բոլորն ընթացակարգով գնում է»: Նախարար` ՇՄԱԳ փորձաքննությունը հաստատված չէ:
Նշենք, որ նախարար Արամ Հարությունյանն իր խոսքում անդրադարձավ ցիանիդի խնդրին: Նա մասնավորապես նշեց. «Այնտեղ մենք ունենք Սպանդարյանի ջրամբար, ամեն գնով ես չէի ուզենա, որ Սպանդարյանի ջրամբարի հարակից տարածքում ցիանի օգտագործմամբ կորզում անեն, որտեղ կարող է հետագա իրավիճակից պրոբլեմներ առաջանա: Եւ շարունակելով ասեմ, որ առաջին շահագրգիռը մենք ենք, որ այնտեղ ներդրում արվի, որ մարդիկ աշխատեն, որ հարկեր վճարվեն, միանշանակ: Բայց երկրորդ շահագրիռը մենք ձեզ հետ միասին եւ նաեւ ներդրողի հետ միասին պետք է լինենք, որ կարողանանք էկոլոգիական հուսալի իրավիճակ ապահովել»:
Բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյանն ընկերությանը հարցրեց. «Հանքաքարի վերամշակման նախագիծ ե՞րբ եք ներկայացնելու նախարարությանը»: «Գեոթիմ»-ի տնօրեն Հայկ Ալոյան. «Մինչեւ վերջնական հետազոտությունների արդյունքը չունենանք»: Նախարար Արամ Հարությունյան. «Բա որ հանքի շահագործման թույլտվությունը տանք, ֆաբրիկայի կառուցմանը չտանք: Ձեզ ձեռք չի՞ տալիս բոլորը միասին»: Հայկ Ալոյան` ոչ:
Սիմոն Պապյան. «Դուք հանքավայրը սկսելու եք շահագործել առանց հանքանյութի վերամշակման նախագծի հաստատմա՞ն»:
«Lydian International» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Թիմ Քոֆլին. «Առաջին թույլտվությունը, ըստ ՀՀ օրենսդրության, բացհանքի թույլտվությունն է եւ դատարկ ապարների: Այնուհանդերձ, պետք է համաձայնություն ձեռք բերենք լեռնահատկացման ընդհանուր նախագծի վերաբերյալ, որն արդեն նախնական փուլում արվել է: Այնուհետեւ հասնում ենք մանրամասն ինժեներական նախագծին, որը 6 միլիոն դոլլարի ներդրում է: Բնական է, որ մինչեւ մենք չիմանանք, որ ամբողջ թույլտվությունները ստացվել է, մենք չենք կարող այդ 6 միլիոնը ներդնել»: Հայկ Ալոյան. «Բնապահպանության նախարարության կողմից համապատասխան թույլտվություն է եղել»:
Այդպես էլ մեզ համար պարզ չդարձավ, թե ինչ է հաստատվել 2011թ.,երբ մարտի 12-ին եւ 30-ին տեղի ունեցած հասարակական լսումների ժամանակ քննարկվել է Ամուլսարի նախագիծն առանց ցիանային արտադրության: Ո՞վ է իրավացի, նախարա՞րը, ով պնդում է, թե ցիանային արտադրության ՇՄԱԳ-ի վերաբերյալ եզրակացություն նախարարությունը չի տվել, թե՞ «Lydian»-ը փորձագետի հետ միասին, ովքեր պնդում են, թե ինչ-որ թույլտվություն եղել է:
Այս հարցերն ավելի վաղ տրվել են Բնապահպանության նախարարությանը («ԷկոԼուր»-ի գրավոր հարցումը` 21.03.2012թ.): Ի պատասխան 2012թ. ապրիլի 3-ին «ԷկոԼուր»-ը ստացավ Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Էդգար Փիրույանի ստորագրությամբ թիվ 5/33/50838 նամակը, որտեղ ընդամենը գրված է. «Նայեք նախարարության www.mnp.am կայքը»:
Ամուլսարի նախագիծը եւ Սեւանա լիճը: ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանի հանձնարարությամբ Ամուլսարի նախագիծը պետք ուղարկվի Սեւանա լճի հիմնահարցերով զբաղվող հանձնաժողով: Ինչպես նշեց առաջին փոխնախարար Սիմոն Պապյան. «Հանքավայրի տարածքը ընկնում է Արփա եւ Որոտան գետերի միջեւ ընկած տարածքում, ես առաջարկում եմ կարծիքի ուղարկել Սեւանի հանձնաժողով, որովհետեւ «Սեւանա լճի մասին» օրենքը դա է պահանջում, որովհետեւ դա գտնվում է Սեւանա լճի ազդեցության գոտում»:
Շարունակելի
Ապրիլ 23, 2012 at 16:09
