

ԷկոԼուր
Ապրիլի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարությունում տեղի ունեցած քննարկման ժամանակ ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը պահանջեց լրացուցիչ հետազոտություններ իրականացնել Ամուլսարի ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագծի վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին հանքը շահագործող «Lydian International» ՍՊԸ-ի գործադիր տնօրեն Թիմ Քոֆլինը, «Lydian»-ի դուստր ձեռնարկության` «Գեոթիմ» ՓԲԸ-ի աշխատակիցները, հասարակայնության, տեղական համայնքների ներկայացուցիչներ:
Ազդեցության գոտին եւ Ջերմուկը:
Ամուլսարի նախագծի ազդեցության գոտու մեջ ընդգրկված են փոքր գյուղական համայնքներ, որտեղ 1000-ից ոչ ավելի տնտեսություն կա: Սակայն միջազգային նշանակության Ջերմուկ առողջարանն ազդեցության գոտում ներառված չէ: «Գեոթիմ»-ի կայքում տեղադրված է փաստաթուղթ (http://www.geoteam.am/media/documents/Technical%20Reports/Impact_of_the_Amulsar_On_Jermuk_arm.pdf), որը հենց այդպես էլ կոչվում է` «Ամուլսարի հանքավայրը բացասական ազդեցություն չի ունենալու Ջերմուկի վրա»:
Ջերմուկ առողջարանային գոտին տարածվում է մինչեւ Ամուլսար (շվեցարական ծրագրով ճոպանուղու վերջին կետը գտնվելու է Ամուլսարի գագաթից 2-3կմ հեռավորության վրա): Տարածքի զարգացումն ամրագրված է կառավարության 2009թ. սեպտեմբերի 18-ին 1064-Ն որոշմամբ:
Ջերմուկի համար գլխավոր ռիսկերն են` տոքսիկ թափոններով էկոլոգիապես մաքուր տարածքի աղտոտումը, պայթեցումների ազդեցությունը հանքային ջրերի աղբյուրների վրա եւ դրանց կորուստը: Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությանը ներկայացված ընկերության պաշտոնական փաստաթղթում Ջերմուկի ռիսկերը նկարագրված չեն: 2011թ. նոյեմբերի 28-ին Ջերմուկում ընկերության կողմից կազմակերպված հասարակական լսումների վերաբերյալ չկա արձանագրություն (նայիր տեսանյութը` http://www.ecolur.org/hy/news/mining/jermuk-residents-worried-about-amoulsar-gold-mine-development/3336/): Այդ լսումների ժամանակ հասարակայնությունը դեմ հանդես եկավ Ամուլսարի ծրագրին: Փաստացիորեն, Ամուլսարի նախագծի վերաբերյալ հասարակայնության եւ անկախ փորձագետների բացասական գնահատականը բացակայում է «Գեոթիմ» եւ «Lydian International» ընկերությունների կայքերից:
Բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության պետի տեղակալ Մարզպետունի Քամալյան. «Ներկայացված ՇՄԱԳ-ում հանքի շահագործման համար տրված է 24,6 հա, լեռնահատկացման ակտով` 393: Փաստորեն, իրենք պետք է այդ տարածքը օգտագործեն: Այդտեղ չկա, թե բերրի շերտի քանակությունն ինչքան է եւ կոնկրետ որտեղ պետք է տեղավորվի, այսինք` մոտավոր բան է գրված: Կոնկրետ բան չկա գրված, ինչքան բերրի շերտ կառաջանա եւ այստեղ գրել են, որ համայնքի հետ համաձայնեցվել է: Համայնքի հետ կապ չունի սա. կառավարության որոշումով համայնքն իր տարածքներով միայն այդ բերրի շերտի օգտագործման իրավունք ունի»:
Փոշի, լցակույտեր, ջուր:
Փորձագետները (չներկայացան) եզրակացություն տվեցին «Գեոթիմ»-ի նախագծի վերաբերյալ:
Առաջին փորձագետ.
-Հիմնականում նայել եմ օդի տեսակետից, եւ արտանետումները բավականին նորմաների սահմաններում է: Մենք հատուկ հաշվարկ արեցինք Գորայք գյուղի վրա, որ եթե բացհանքն աշխատի, ինչ կլինի, եւ գտանք, որ 0,002%-ով ՍԹԿ-ն կավելանա: Ես կարծում եմ, որ օդի առումով ամեն ինչ կարգին է: Պայթեցումից հետո փոշին… ես կարծում եմ, որ այսպես, թե այնպես օդում կա: Փոշու սյունը ջրով նստեցնում են»:
Փորձագետը չի ուսումնասիրել, թե փոշին ինչ է պարունակում:
Երկրորդ փորձագետ.
-Փորձաքննության ժամանակ հաստատվել է մոտավորապես 55,6 միլիոն տոննա հանքաքար: Բացահանքի տարածքը մոտ 112 հա է զբաղեցնում:
Նախարար Արամ Հարությունյան.
-Ինչո՞ւ է 112, չէ որ մենք 24 հա ենք տվել 2009թ.:
Երկրորդ փորձագետ.
-Նախագծով դա էր տրված, ես դա եմ նայել: Ես ինչքան գիտեմ, լիցենզիայի վերաձեւակերպում էր եղել: Այսինքն` հանքային իրավունքի վերձեւակերպում է եղել, ընդլայնում է եղել, ինձ այդպես բացատրեցին, համենայն դեպս: 161 հա նախատեսել են 3 փուլով շահագործել: Մոտ 16 ու կես տարի այդ աշխատանքները պետք է կատարեն: …Իմ մոտ խնդիր էր առաջացել բացհանքի, լցակույտի ռեկուլտիվացիայի հետ կապված, որովհետեւ մոտ 4կմ ուղիղ, 7կմ ճանապարհով լցակույտի տարածքն է, հետ բերել նորից այդքանը (մոտ 80%): Կար երկու խնդիր. մի տեղ նշված է բացհանքի ռեկուլտիվացիա, մի տեղ լցակույտի: Ես այդ ճշգրտումները տվեցի: Որոշեցին, որ լցակույտերը ռեկուլտիվացիա են անելու: Այսինքն, հետ չեն բերելու տարածք:
Նախարար Արամ Հարությունյան.
-Հասկանում եմ` հետ չբերեն, ի՞նչ են անելու: Հանեցին, տարան, մի տեղ լցրին, հարթեցրեցին: Ռեկուլտիվացիա ինչ է նշանակում, որ հետ բերեն, լցնեն իր տեղը:
Քննարկման մասնակից (չներկայացավ).
- Ռեկուլտիվացիա չի նշանակում է հետ բերել: Վերականգնում է Ձեր ասածը: Սա վերականգնելն անհնար է. պատկերացնում եք` 92 միլիոնը հետ բերես, լցնես:
Նախարար Արամ Հարությունյան.
- Մի րոպե, ես պատկերացնում եմ, դուք պատկերացրեք. իրենք սկզբից ներկայացրել են, որ այդպես պետք է անեն:
Քննարկման նույն մասնակից.
- Դրա համար էլ ռեկուլտիվացիա չի լինում:
-Նախարար Արամ Հարությունյան.
- Չի լինում, դրա համար էլ ծրագրին OK չենք տալիս: … Փաստորեն իրենք չեն ուզում հետ բերեն, վերականգնեն, տեղում ուզում են ռեկուլտիվացիա անեն եւ այդ տարածքը դարձնեն օգտագործելի:
Երկրորդ փորձագետ.
-Այո, խնդիրն այդ մասով այդպես են լուծում նրանք:
Նախարար Արամ Հարությունյան.
-Բայց այդ լուծումը մեզ բավարարո՞ւմ է: Դուք` որպես մասնագետ, ո՞ր տարբերակն եք ավելի ճիշտ համարում:
Երկրորդ փորձագետ.
-Մի մասը կարելի էր բերել` բացհանքի հատակը հարթեցնելու, բայց հանքավայրը լրիվ խորությամբ չի ուսումնասիրվել հորատանցքերով:
Նախարար Արամ Հարությունյան.
-Բա ես հիմա ի՞նչը տամ, որ չեք ուսումնասիրել...:
«Գեոթիմ»-ի էկոլոգ Արմեն Ստեփանյանի բացատրությամբ պայթեցումների ընթացքում փոշի գործնականում չի առաջանա, այլ` հանքաքարի կտորներ, որոնք շատ արագ նստում են: «Ինչ-որ պայթեցումը դա փոշի չէ, հիմնականում դա լինում է հանքաքարեր: Փոշին հիմնականում այն մասնիկներն են, որոնք ունեն առավելագույն 75 միկրոն չափ, որոնք կոնկրետ տոկոս են կազմում այդ ամբողջ առաջացած փոշու մեջ: Դա գիտություն է, դա այդպես է: 30-70 միկրոն չափ ունեցող մասնիկները, որոնք համեմատաբար ավելի մեծ քաշ ունեն, եւ երկրի ձգողական ուժը նպաստում է դրանց շուտ նստելուն, դա առավելագույնը 100 մետրի վրա նստում է: …Վատ-վատ տարբերակները հաշվելով` մոդելը ցույց է տալիս, որ 100 մետիր վրա փոշիների այդ ֆրակցիան նստում է: Եւ դա ընդհանուր փոշու 90-95%-ն է կազմում, մնացած 5%-ը 10-35 միկրոն մասնիկներն են, որոնք առավելագույնը տարածվում են 1000մ սահմանով: Պայթեցումը փոշու առաջացման համար ամենավտանգավորը չէ: Պայթեցումը կատարվում է ժամանակ առ ժամանակ` 3 օը մեկ, շաբաթը մեկ: Մեքնենաները 24 ժամ աշխատում են, դրա վերաբերյալ գոյություն ունեն ընդունված նորմեր` ջրցան մեքենաների կրառում, չափիչ կայաններ: Կազմակերպությունը նախատեսում է ջարդիչ կայանները դնել փակ շենքերի մեջ, որը նախագծի մաս է, որը 97%-ով կրճատում է փոշու ընդհանուր արտանետումը: Հանքային փոխադրումը պատրաստվում ենք կատարել փակ փոխադրամիջոցով, որոնք նույնպես 97%-ով փոշու ազդեցությունը նվազեցնում են»,- ասաց Արմեն Ստեփանյանը:
Կենսաբազմազանություն:
Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի (WWF) հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կարեն Մանվելյան. «Մենք ամբողջ էկոհամակարգը ուսումնասիրել ենք` Ջերմուկի եւ Արփա գետի ջրավազանի: Այնտեղ 38 տեսակի Կարմիր գրքի եւ բույս կա, եւ 38 տեսակի կենդանիներ: Երկրորդը` հակասություններ կան երկու զեկույցների մեջ: Այն, որ իրականացրել է «Էկոաուդիտը», այնտեղ գրված է 44 թռչնատեսակների մասին, իսկ բնապահպանական փորձաքննության ամփոփ տեղեկատվության մեջ գրված է 27 թռչուն եւ չի նշված` քանի թռչուն է ընդգրկված Կարմիր գրքում: Մեր տեղեկատվությամբ` դա նաեւ միգրացիոն ուղի է հայկական մուֆլոնի, ընձառյուծի, բեզոարյան այծի համար, որը գրանցված է ոչ թե Հայաստանի, այլեւ միջազգային Կարմիր գրքում: Զարմացնում է, Մամիկոն Ղասաբյանը, ով իրականացրել է ուսումնասիրությունը. նա նաեւ Թռչունների պաշտպանության միության նախագահն է, որը Birdlife International-ի մասն է կազմում, եւ, ըստ իրենց նախագծերի, այդ տարածքը մտնում է կարեւորագույն թռչնաբանական տարածքների մեջ: Այդ հարցը չի արտացոլված զեկույցում: Կենդանիների միգրացիոն ուղիների` բիոկարիդորների հարցերն էլ չեն արտացոլված նախագծի մեջ: …Բոլորս հասկանում ենք, որ տուրիզմը եւ հանքարդյունաբերությունն իրար հակասող գործողություններ են, եւ նույնիսկ եթե հանքը չունենա ազդեցություն, միեւնույնն է` Ջերմուկի բրենդը բավականին կընկնի, քանի որ ցանկացած զբոսաշրջիկ, որ իմանա` 12 կմ –ի վրա հանք են բացում, ոչ մեկ չի գնա:
…Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը սկզբունքորեն դեմ է այս ծրագրին»:
«Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյան. «Ես ուզում էի ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ, փաստորեն, կենսաբազմազանության հետ կապված այստեղ լուրջ ուսումնասիրություններ չեն արվել: …Ուզում եմ անդրադառնալ պայթեցման խնդրին: Պայթեցումների ժամանակ սկսում է լուրջ շումավոյ ստրես կենդանիների մոտ, եւ դա տեղային չէ: Դա կարող է մի քանի կիլոմետր շառավղով գնալ, եւ ուսումնասիրել միայն տեղի կենդանական աշխարհը, մենք կարծում ենք, որ ճիշտ չէ»:
ՀՀ բնապահպանության առաջին փոխնախարար Սիմոն Պապյան. «Ինձ համար, համենայն դեպս, պարզ չեղավ, եթե ինչպես ասում են, որ մեր ինսիտուտների ուսումնասիրությունների արդյունքում Կարմիր գրքում գրանցված կենդանիներ եւ բուսատեսակներ չկան այդ տարածքում, ապա ձեր նախագծում ինչպե՞ս է գրվել, որ կա: Այդ հարցը դուք պետք է լուծեք: Ինչու եմ այս հարցի վրա շեշտադրում, որովհետեւ արդեն ձեր նախագծի մոտեցումները պետք է ելնեն հունվարից ուժի մեջ մտած ընդերքի նոր օրենսգրքով: Ընդերքի օրենսգրքի 26-րդ հոդվածը հստակ արգելում է ընդերքօգտագործումն այն տեղերում, որտեղ կան Կարմիր գրքի կենդանիների եւ բուսատեսակների բնադրավայրերը եւ միգրացիոն ուղիները: Տնտեսական վնասի ձեր հաշվարկները ինձ համար պարզ չէր, թե ինչ մեթոդիկայով եք հաշվել ու արդյոք հաշվի եք առել կենդանական եւ բուսական աշխարհին պատճառվող տնտեսական վնասը»:
Ապրիլ 25, 2012 at 17:17



