

ԷկոԼուր
Հասարակական լսումը եւ Բարձրադիրի (Մազրա) ոսկու հանքավայրի բաց եղանակով շահագործման նախագիծը պատրաստվել են էական բացթողումներով: Այդ մասին ասում են մայիսի 29-ին Սյունիքի մարզի Ծավ գյուղում տեղի ունեցած լսումների մասնակիցները: Լսումները կազմակերպել էր «Օփուլենդ Թրեյդինգ Սոլյուշնս» ՍՊԸ-ն: «Հասարակական լսումները նորմալ չանցկացվեցին, պատշաճ կերպով չլուսաբանվեցին»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը: Նրա կարծիքով` լսումների կազմակերպիչները պատրաստ չէին հարցերին պատասխանելու, բացակայում էին փորձագետները: «Նախագծով 40 հա տարածք պետք է լցակույտերի համար: Թե որտեղ է այդ տարածքը, ոչ ոք չկարողացավ ցույց տալ: Ոչ ոք չպատասխանեց ջրային ռեսուրսների համար ռիսկերին»,- ասաց Ավագյանը:
WWF-Հայաստանի տնօրեն Կարեն Մանվելյանը նշեց. «Մենք մտավախություն ունենք, որ նախագծի տարածքը Շիկահողի արգելոցի բուֆերային գոտում է: Սակայն նախագծում բացակայում են տեղագրական քարտեզները, եւ կազմակերպիչներից ոչ մեկն այդպես էլ չկարողացավ տրամադրել քարտեզները քննարկման համար»: «ԷկոԼուր»-ի հարցին. «Այսինքն, բացակայո՞ւմ էին փաստաթղթերը, որոնք թույլ կտային գնահատել արգելոցի համար ռիսկերը», Կարեն Մանվելյանը պատասխանեց. «Այո , գործնականում բացակայում էին: Եւ չկային փորձագետներ, ովքեր գնահատել են կենսաբազմազանությունը: Կարմիր գրքում գրանցված կենդանիների մասին հարցին այդպես էլ ոչ ոք չկարողացավ պատասխանել»:
Ընկերության ներկայացուցիչը վստահեցրել է, որ «3 տարվա ընթացքում էքսկավատորը չի աշխատի»: Թե ինչ է դա նշանակում, գիտի միայն ընկերությունը, քանի որ ներկայացված նախագիծը վերաբերում է հանքի բաց շահագործմանը:
Հասարակական լսումները Ծավում անցան բուռն
Մերի Սողոմոնյան, Առավոտ
Կապանի Ծավ գյուղում ավարտվեցին հասարակական լսումները Բարձրադիրի (Մազրայի) ոսկու հանքավայրի աշխատանքային նախագծի վերաբերյալ: Լսումների հենց սկզբին Կապանից քննարկմանը մասնակցելու մեկնած կառույցների պատասխանատուները նշեցին, որ հասարակական լսումների մասին ըստ արժանվույն տեղեկություն չէր տրամադրվել` հատկապես ժամկետի մասով, իսկ Ծավի գյուղապետ Արարատ Մարտիրոսյանը մեկ անգամ եւս հավաստիացրեց, որ իրեն գրավոր չէին ծանուցել: Նրա ասածին ի պատասխան՝ հետազոտություն իրականացնող կառույցի մասնագետները պնդում էին, որ տեղեկացրել էին գյուղապետին, միայն թե` բանավոր: Գյուղապետարանում հավաքված մասնակիցների մի մասը դեմ է եղել հանքի հնարավոր շահագործմանը՝ հիմնավորելով, որ այն կաղտոտի ու բավականին մեծ վնասներ կհասցնի բնակիչների առողջությանն ու հարուստ կենսաբազմազանություն ունեցող շրջակա միջավայրին: Մյուս մասին էլ ավելի շատ մտահոգում էր աշխատանքի առկայությունը, որպեսզի գյուղացիները չշարունակեն լքել գյուղը:
Ծավի բնակիչ 57-ամյա Սպարտակ Ավետիսյանը կողմ է գյուղացիների համար աշխատատեղեր ստեղծելուն, բայց առանց իրենց հողն ու ջուրը թունավորելու ու վնաս հասցնելու: «Երկու տարում 20 ընտանիք դուրս եկավ մեր գյուղից, ամբողջ պատերազմի տարիներին միակ գյուղն էր, որ ոչ մի մարդ չգնաց գյուղից, ընդհակառակը` դրսից եկան ապրելու, իսկ էսօր, խաղաղ պայմաններում, էդքան ընտանիքների գնալը հանցագործություն ա: Կռվեցին էն տարիներին, պայքարեցին, բայց էսօր մեզ բանի տեղ չեն դնում՝ ո՛չ ժողովրդի կարծիքն են հաշվի առնում, ո՛չ էլ մտածում են՝ ինչպես անեն, որ երիտասարդները մնան գյուղում: Ես հանքի շահագործմանը, որը պիտի վնասի գյուղին, բնությունը աղտոտի, դեմ եմ, բայց եթե հնարավոր է 2 տարի հետազոտական աշխատանքներ իրականացնեն առանց վնասելու` թող անեն, իսկ հանքի շահագործմանը միանշանակ դեմ եմ»,- ասում է բնակիչը:
Ըստ պատասխանատու կողմի` հանքը նախատեսվում է շահագործել 14 տարով, իսկ առաջիկա 3 տարիներին կիրականացվեն ուսումնասիրություններ, որից հետո պարզ կլինեն հետագա անելիքները: Ինժեներ-տեխնոլոգ Վռամ Թեւոսյանը նշեց, որ պայթեցումների մակարդակը եւ լիարժեք լիցքը բավական փոքր են` համեմատաբար այլ հանքերի, բայց, այնուամենայնիվ, ազդեցություն ունենալու են: «300-350 մ շառավղով փոշին տարածվելու է եւ նստվածք տա շրջակա միջավայրին: Հողի հանման ժամանակ ինչքան էլ փորձենք ջրցան կազմակերպել՝ լինելու են փոշու արտանետումներ, որոնք նույնպես տարածվելու են. դրա հաշվարկը արված է՝ ինչքան են տարածվելու եւ ինչ նորմերի մեջ են լինելու: ՀՀ կողմից ընդունված՝ բնակավայրերի նորմերի խախտում չի լինելու: Ցանկացած հանք իր վտանգն ունի, բայց մեր հաշվարկներով՝ այս հանքը չի կարող որեւէ աղետալի հետեւանքներ ունենալ»,- պարզաբանել է պարոն Թեւոսյանը, ում ասածների հետ ներկաներից շատերը համամիտ չէին:
Երկրաբան Լիպարիտ Մարկոսյանը տեղեկացրեց, որ նախապես պայմանավորվածություն կար «Լիճքվազ-Թեյ» ոսկու հանքավայրի նախկին սեփականատեր Սիլվա Համբարձումյանի հետ, որ հանքաքարը վաճառվի իրենց, բայց նա ներկայումս այլ կազմակերպություն է ձեռք բերել, որի հետ դեռ պայմանավորվածություն չկա: «Շատ հնարավոր է, որ 3 տարի հետո չհաստատվեն, որ անհրաժեշտ պաշարները կան, եւ բոլոր երկրաբանները թողնեն-գնան: Այսօր միայն երկրաբաններ են աշխատում, մենք 14 տարվա նախագիծ ենք արել, որի առաջին 3 տարին միայն հետազոտական աշխատանքներ պետք է իրականացվեն, տեխնիկա չի աշխատելու: Իսկ 3 տարի հետո, եթե հաստատվի, որ անհրաժեշտ պաշարներ կան, հանքը պետք է շահագործվի: Չի բացառվում նաեւ, որ մի տարի հետո մենք թողնենք-գնանք` պաշարներ չլինելու պատճառով»,- հավելեց երկրաբանը:
Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF Armenia) տնօրեն Կարեն Մանվելյանը ներկաներին հիշեցրեց, որ Գերմանիայի Զարգացման բանկը մեծ ծրագիր է սկսում այս տարածաշրջանում` կենսոլորտային պահպանավայրի ստեղծման ուղղությամբ, որի շրջանակներում ներդրումային 8 մլն-ի կեսը նպատակաուղղվելու է 4 թիրախային համայնքների զարգացմանը, 4 մլն-ն էլ՝ պահպանվող տարածքներին: «Գիտենք, որ այստեղ աշխատատեղերի կարիք կա: Այս ձորը Կապանի տարածաշրջանի միակ ձորն է, որը մաքուր է մնացել հանքերից, դրա համար էլ գերմանացիները գումար են դնում, որ զարգանա ե՛ւ տուրիզմը, ե՛ւ բնությունը, ե՛ւ մարդկանց կենսակերպը: Գյուղի զարգացումը տարբեր փոքր բիզնես-ծրագրերի իրականացման մեջ եմ տեսնում, որոնք կապահովեն աշխատատեղերով եւ սոցիալական խնդիրներ կլուծեն: Դա է այս ձորի ապագան, ոչ թե հանքը:
«Շիկահող» պետարգելոցի տնօրեն Ռուբիկ Մկրտչյանը խիստ մտահոգ է հանքի հնարավոր շահագործման խնդրով, համոզված է` վնասներն անխուսափելի կլինեն, կաղտոտվի այսքան խնամքով պահպանված, նախանձելի կենսաբազմազանություն ունեցող, Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներով, կենդանատեսակներով առանձնացող վայրի բնությունը:
Ծավի գյուղապետ Արարատ Մարտիրոսյանը իր ամփոփիչ խոսում նշեց, որ թեեւ կարեւոր են աշխատատեղերը, բայց մարդկանց առողջության ու աղտոտված ջրում ու հողում ապրելու հաշվին դա ուղղակի անընդունելի է: «Սա մեր բնությունն է, մեր հայրենիքն է, այն շատ սիրելով հանդերձ՝ եկեք միանգամից չմահանանք: Հանքավայրը շահագործելով՝ եկեք այնպես անենք, որ մեզ չթունավորի, չպղտորի, մենք այստեղ ապրել ու ապրում ենք եւ ձգտում ենք ապրել այս մաքուր օդում: Այս տարածքը շատ-շատերը փոքրիկ Շվեյցարիա են անվանում, այստեղ կան պատմական բերդեր, ամրոցներ, որտեղ դարեր շարունակ ապրել է հայը, մաքառել՝ մեջքով դեպի ժայռը, կրծքով դեպի թշնամին, հին դարերից մինչեւ վերջին պատերազմը»,- ասում է 300-ից ավելի բնակչություն ունեցող սահմանամերձ գյուղի ղեկավարը:
Գյուղի երիտասարդների անունից հանդես եկող 21-ամյա Արան իր ելույթում նշեց, որ աշխատանքի բացակայությունը շատ մեծ խնդիր է գյուղի երիտասարդության համար, շատերը նույնիսկ մտադիր են Ռուսաստան գնալ՝ աշխատանք գտնելու հույսով:
Մայիս 30, 2012 at 12:54
