

ԷկոԼուր
«Deno Gold Mining» ընկերությունը պատրաստվում է ընդլայնել արտադրությունը: Սակայն «Deno Gold Mining»-ի պատվերով «Էկո Աուդիտ» ՍՊԸ-ի կողմից պատրաստված հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտացիոն ցիկլի վերազինման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի նախագծի հասարակական լսումներն անցկացվում են էական խախտումներով: Կապանի հասարակական կազմակերպությունները հասարակական լսումների մասին տեղեկացվել են լսումների նշանակման օրից` ապրիլի 27-ից մեկ օր առաջ: «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ-ն տարածել է հայտարարություն, որում ասված է. «2012 թվականի ապրիլի 25-ին Կապանի քաղաքապետարանից մեզ և մի շարք հասարակական կազմակերպությունների տեղեկացրեցին և հանձնեցին «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ պատվերով` «Էկո Աուդիտ» ՍՊԸ կատարմամբ, «Դինո Գոլդ Մայնինգ Քամփնի» ՓԲԸ պատկանող հարստացուցիչ ֆաբրիկայի ֆլոտացիոն ցիկլի վերազինման, շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականի նախագիծը` չնշելով հասարակական լսման ժամանակացույցը: Հաջորդ օրը, սույն թվականի ապրիլի 26-ին, Կապանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ հասարակական
լսումը տեղի կունենա մեկ օր հետո` այսինքն ապրիլի 27-ին:
Կազմակերպիչները խախտում են «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-րդ հոդվածի 4-րդ կետը, 8-րդ հոդվածի 2-րդ կետը և Օրհուսի կոնվենցիայի որոշ կետեր, որտեղ նախատեսված են ժամկետներ` նախագիծը ուսումնասիրելու և հետո հասարակական լսումներ անցկացնելու: Ուստի մենք պնդում ենք չխախտել օրենքները և հետաձգել հասարակական լսումներն այնքան ժամանակ, ինչքան նախատեսված են վերոնշյալ օրենքներում: Նշենք, որ նախագծի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց մի շարք անհամաձայնություններ և վրիպումներ:
Կից ներկայացված են` «ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 6-րդ հոդվածի 4-րդ կետը. «Ազդակիր համայնքի ղեկավարները և ձեռնարկողը ծանուցումը ստանալուց հետո 15-օրյա ժամկետում կազմակերպում են նախատեսվող գործունեության վերաբերյալ հասարակական լսումներ (որի արարողակարգը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը)` լրատվական միջոցներով տեղեկություններ հաղորդելով նախատեսվող գործունեության, լսումների տեղի և ժամկետի մասին», 8-րդ հոդվածի 2-րդ կետը. «Լիազորված մարմինը, ազդակիր համայնքի ղեկավարները և ձեռնարկողը 30 օրացուցային օրվա ընթացքում կազմակերպում ու ապահովում են հասարակայնության կողմից փաստաթղթերի ուսումնասիրությունը և լսումները: Հասարակայնության կարծիքը նշված ժամանակամիջոցում ներկայացվում է ազդակիր
համայնքի ղեկավարներին կամ անմիջապես լիազորված մարմին»:
«ԷկոԼուր»-ի տեղեկությունների համաձայն` լսումներն, այնուամենայնիվ, տեղի ունեցել են ապրիլի 27-ին` Կապանի քաղաքապետարանում, սակայն, ի նշան բողոքի, հասարակայնության որոշ ներկայացուցիչներ լքել են դահլիճը:
Ապրիլ 28, 2012 at 15:24
