«S.O.S Ալավերդի» նախաձեռնության հայտարարությունը՝ Ալավերդու պղնձաձուլարանի փակման հետ կապված մեղադրանքների վերաբերյալ

«S.O.S Ալավերդի» նախաձեռնության հայտարարությունը՝ Ալավերդու պղնձաձուլարանի փակման հետ կապված մեղադրանքների վերաբերյալ

ԷկոԼուր

Լոռու մարզում գործող «S.O.S Ալավերդի» նախաձեռնության անդամ Օլեգ Դուլգարյանը տարածել է հայտարարություն Ալավերդու պղնձաձուլական գործարանի փակման հետ կապված մեղադրանքների վերաբերյալ: Նախաձեռնությունը նշում է, որ որևէ կապ չունի գործարանի փակման հետ:
Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«S.O.S Ալավերդի» նախաձեռնությանը վերջին օրերին մեղադրում են գործարանի հետ կապված խնդիրների համար, ուստի անհրաժեշտություն առաջացավ մի քանի պարզաբանումների:
Ստուգումները գործարանում եղել են պլանային, որոնք
1. իրականացվում են ամեն տարի, ուղղակի նախորդ տարիների համեմատ այս անգամ ստուգումները ռեալ են իրականացվել, ինչը կապված է երկրում տեղի ունեցած փոփոխությունների հետ և ողջունելի է: Կարծում եմ՝ նախորդ տարիներին ստուգվելու և չտուգանվելու պարագայում գործարանը ևս ֆինանսական վնասներ կրել է, ուղղակի այդ վնասները չեն արտացոլվել երկրի պետական բյուջեում:

2. «S.O.S Ալավերդի» նախաձեռնությունն ունի հստակ նպատակ, այն է՝ հասնել Ալավերդիում ժամանակակից տեխնոլոգիաներով, շրջակա միջավայրին նվազագույն վնասներով հանքանյութերի մշակմանը: Խոսքը երբևէ չի գնացել գործարանը փակելու մասին, սակայն որոշ շրջանակներ ցանկանում էին փակման հետ կապված պատասխանատվությունը, դիտավորյալ, պահի հարմարությունից ելելով, ժողովրդի զայրույթն ու ցասումը իրական պատճառներից շեղելու նպատակով, դնել «S.O.S Ալավերդի» նախաձեռնության վրա, այնինչ խնդրի արմատներն ավելի խորն են և ուղիղ կապված են գործարանի ֆինանսական խնդիրների հետ՝ այդ թվում պայմանավորված ՎՏԲ բանկի հետ փոխհարաբերություններով:
Եղել են մարդիկ, որոնք արտահայտվել են գործարանի փակմանը կողմ, սակայն այդ մարդիկ երբևէ որևէ կապ ու առնչություն նախաձեռնության հետ չեն ունեցել:

3. Գրանտակերության առումով պետք է նշեմ, որ նախաձեռնությունը կամ նրան մաս կազմող տեղական ՀԿ-ները երբևէ որևէ գրանտ և ֆինանսավորում չեն ստացել այդ ուղղությամբ աշխատանքի համար: Ավելացնեմ, գրանտերի հոսքը առհասարակ պայմանավորված է լինում արտանետումների առկայությամբ այլ ոչ բացակայությամբ, այնպես որ ազնիվ մղումները չպետք է հատուկ խառնել այլ երևույթների հետ: Քիչ չեն այն մարդիկ, ովքեր գրանտեր և ֆինասավորումներ են ստացել հենց գործարանից ու դա նորմալ է, ձեզ գրանտակերության մեջ մենք չենք մեղադրում:

4. Ստեղծված իրավիճակում, «S.O.S Ալավերդի» նախաձեռնությունը, կշարունակի իր գործունեությունը գործարանի և Թեղուտի խնդիրների իրական պատճառների բացահայտման և աշխատավորների իրավունքների պաշտպանության համատեքստում, որը ենթադրում է շահերի պաշտպանություն սոցիալական և բնապահպանական իրավունքների իրացման առումով:

Համոզված եմ, որ փնթի հանքարդյունաբերությունը կարճացնում է հանքարդյունաբերության կյանքը և տեսլականը: Որպեսզի այդ ուղղությունը լինի երկարատև և կայուն, պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել՝ վերջնագրերով խոսելու փոխարեն»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին «Վալլեքս խմբի մեջ մտնող «Էյ Սի Փի» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանը դադարեցրեց իր աշխատանքը: Դրանից մոտ 1 ամիս առաջ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը տուգանել է ընկերությանը 380 միլիոն դրամի չափով: Հայտնաբերված խախտումները վերացնելու և տուգանքը վճարելու փոխարեն ընկերությունը վերջնագիր է ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ պահանջելով.
• թույլ տալ մինչև 6 անգամ գերազանցել արտանետումների՝ դեռևս 2005 թվականին կառավարության որոշմամբ սահմանված նորմերն ու դրա դիմաց տուգանքներ չկիրառել
• ՎՏԲ-ի հետ կնքված վարկային պայմանագրի երրորդ կողմ հանդիսացող կառավարությունը արգելափակի բանկի ոտնձգությունները «Արմենիան Փափըր Փրոգրամ» ընկերության և «Վալլեքս» խմբի այլ ձեռնարկությունների առգրավման ուղղությամբ
• օրենսդրական նախաձեռնությամբ աջակցել նոր պղնձաձուլարանի կառուցման հայ-չինական ներդրումային ծրագրին:

13:47 Հոկտեմբեր 22, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news