Գնդեվազի տներում «Lydian International» ընկերությունը ռադոն չափող սարքեր է տեղադրել

Գնդեվազի տներում «Lydian International» ընկերությունը ռադոն չափող սարքեր է տեղադրել

ԷկոԼուր

Աննախադեպ երեւույթ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում: «Lydian International» հանքարդյունաբերական ընկերությունը ռադոն չափող սարքեր է տեղադրել Վայոց Ձորի Գնդեվազ համայնքում: Ընկերությունը մտադիր է 2012թ. սկսել Ամուլսարի ոսկու հանքի բաց եղանակով շահագործումը, իսկ Գնդեվազը գտնվում է այդ հանքի ազդեցության գոտում, ինչպես եւ Գորայքը, Սարալանջը, Սարավանը եւ Կեչուտը: Գնդեվազի բնակիչները «ԷկոԼուր»-ին պատմեցին, որ մոտ 40 տներում ռադիոակտիվ սարքերը տեղադրվել են այս տարվա հունվարին: Որոշ տներից սարքերն արդեն հանվել են` վերլուծություններ կատարելու համար:
 
«Մեզ ասացին, որ դա ռադիոակտիվության հետ կապված չէ, ուղղակի սարքերը տեղադրվում են մինչեւ հանքի շահագործումը  ռադոնի քանակություն չափելու համար, որպեսզի հետագայում համեմատելու համար տվյալներ ունենան»,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Գնդեվազի բնակիչ Մխիթար Արշակյանը:

Ամուլսարի ընդերքում բացի ոսկուց կա նաեւ արծաթ, կապար եւ այլ տարրեր: Շրջակա միջավայրի վրա տարբեր տեսակի հանքավայրերի քիմիական ազդեցության աղյուսակի համաձայն` ոսկի եւ արծաթ պարունակող բազմամետաղային հանքավայրերին բնորոշ են ռադիոակտիվ տարրերի` ռադոնի, ուրանի, թորիումի առկայություն:

Գնդեվազի բնակիչ Յուրա Արշակյանն ասաց, որ ռադիոակտիվության հարցը ընկերության հետ քննարկվել է: «Մենք հարցրել ենք ուրանի մասին: Մարդիկ մեզ շատ պարզ, շատ նորմալ, հասկանալու ձեւով բացատրեցին, որ չկա: Եթե կա էլ, շատ քիչ, ուրիշ տեղում, մենք դրան չենք հասնի»,- ասաց Յուրա Արշակյանը:

Հիշեցնենք, որ Հ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածում ներկայացված գիտական տվյալների համաձայն («Горный журнал» գիտական հանդես,  6 համար, 2007թ.)` Ամուլսարում մոտ 100 տոննա պաշարով ուրանի 5 երեւակում կա:



Ապրիլ 27, 2011 at 11:40


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր