Քանի՞ տարի անց Մեղրիում էկոլոգիական արտագաղթ կսկսի (Լուսանկարներ)

Քանի՞ տարի անց Մեղրիում էկոլոգիական արտագաղթ կսկսի (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Հայաստանի հարավային դարպաս Մեղրի քաղաքին սպառնում է էկոլոգիական արտագաղթ: Խնդիրն այն է, որ Մեղրիի տարածաշրջանում ընդլայնվում է հանքարդյունաբերությունը իրեն բնորոշ բոլոր խնդիրներով եւ ռիսկերով: Մեղրիի համար տրված հզոր տեմպն անտեսում է այն փաստը, որ Մեղրին գտնվում է ավելի ցածրում, քան կառուցված, կառուցվող եւ ապագա հանքարդյունաբերական օբյեկտները:

Հանքարդյունաբերական թափոններից եւ պոչերից ամբողջ ծանրաբեռնվածությունն ընկնում է հենց Մեղրիի վրա: Դա առողջության, շրջակա միջավայրի եւ տեղացիների հիմնական զբաղմունքի` գյուղատնտեսության համար իրական վտանգ է:

Ամբողջ Մեղրիի տարա]աշրջանի ջրամատակարարումն ապահովում է Մեղրի գետը: Այն հոսում է լեռներից Մեղրիի կիրճով, որն այժմ լցվում է նոր հանքարդյունաբերական օբյեկտներով:

Մեղրիից ուղիղ գծով 16 կմ հեռավորության վրա` Լիճք գյուղի մոտ, շուտով կբացվի «Թաթսոն» ընկերության վերամշակման ֆաբրիկան, որը մտադիր է շահագործել երկու հանքավայր` Լիճքի պղնձի եւ Այգեձորի պղնձամոլիբդենային հանքավայրերը: Շինարարական աշխատանքներն ընթանում են ողջ թափով: Եւ հողը, որը նախագծի համաձայն, պետք է հետո օգտագործվի տարածքի վերականգնման համար, թափվում է մոտակա կիրճը:

Մեղրիից դեպի հյուսիս-արեւմուտք` 16 կմ հեռավորության վրա, հենց Մեղրի գետի ափին, գտնվում են «Սագամար» ընկերության օյեկտները: Ընկերությունը պետք է ոսկի արդյունահանի Լիճքվազ Թեյի ոսկու սուլֆիդային հանքավայրից, բայց արդեն որերրդ տարին է` չի մտնում իր օբյեկտներ: Բացի այն, որ ընկերությունը չի զբաղվում իր հիմնական գործունեությամբ, նաեւ չի հետեւում փակված օբյեկտների անվտանգությանը: Արդյունքում թունավոր միացությունները պոչերից եւ լցակույտերից ներթափանցում են Մեղրի գետ եւ գնում ներքեւ` Մեղրի քաղաք:

Մեղրիի տարածաշրջանի մեջ է մտնում հանքավայրերի մի ամբողջ խումբ, որտեղ երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում Խաչքար-Փարավանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին–Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք և Կալեր գյուղերի շրջակա տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի և Նռանաձորի պղինձ-ոսկու հանքաերևակումներում:

Նրանցից որոշները հատուկ ուշադրության են արժանի, օրինակ, Տաշտունի հանքավայրը, որը հետազոտվել է նաեւ խորհրդային ժամանակաշրջանում եւ որտեղ աշխատել են տեղի բնակիչները:  Երկրաբանական արշավախմբիի նախկին աշխատակիցներն են հենց, որ պնդում են, որ Տաշտունում ուրան են հետախուզել:

Նեֆիլին սիենիտների մշակումը նույնպես առանձնանում է բարձր ռիսկերով: Եւ պոչերի պահպանումը հատուկ տեխնոլոգիաներ է պահանջում, որոնք միլիոնավոր դոլլարներ արժեն:

Վարդանիձոր գյուղից ոչ հեռու մենք տեսանք մի տարածք, որտեղ երկրաբանահետախուզական աշխատանքներ էին տարվել: Այժմ այդտեղ ոչ ոք չկա: Տեղեկացված անձիք պնդում են, որ հայտնաբերել են ռենիումի պաշարներ` միջազգային շուկաներում ամենաթանկարժեք տարրերից մեկը: Թե ով է այն արդյունահանելու, դեռ հայտնի չէ: Բայց այն, որ ոչնչացնում են սարը, իսկ Մեղրի գետի մեջ թափվելու են լցակույտերը, տեղի բնակիչները չեն կասկածում:

Եւ վերջապես, Մեղրիից ուղիղ գծով 5 կմ դեպի հյուսիս-արեւմուտք գտնվում է Ագարակի պղնձամոլիբդենային հանքավայրը, Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը եւ «GeoProMining» ընկերության մի քանի պոչամբարներ:

«Այնտեղ, որտեղ թափվում են Ագարակի կոմբինատի լցակույտերը, Կարճեւան-Ագարակ 12 հեկտար հատվածի վրա, առաջ ծիրանի այգիներ էին: Նրանք սկսեցին չորանալ այն բանից հետո, երբ կոմբինատը սկսեց աշխատել: Հետո ծառերը կտրեցին, որովհետեւ նրանցից բան չէր մնացել: Հիմա մենք տեսնում ենք, որ միեւնույն բանը կատարվում է նաեւ Մեղրիում եւ հարեւան գյուղերում: Նայեք այս ծառերին, ընկուզենիներն արդեն չորացել են»,- ասում է 80-ական թվակններին Մեղրիի տարածաշրջանի նախկին գյուղատնտեսության վարչության պետ Լյովա Համբարձումյանը: Իսկապես, միայն մեկ հատվածում մենք հաշվեցինք 32 մեռած ընկուզենի: Լյովա Համբարձումյանն ասում է, որ ավելի քան 100 ծառ է չորացել: Բնակիչները վստահ են, որ դա ջրից է: Ագարակի կոմբինատը թափոնները լցնում է հենց Արաքս գետը: Նման բան մենք դեռ չէինք տեսել: Հոսքը նման էր նրան, կարծես  պոչատարը վթարված լիներ:  Եթե վթար լիներ, ապա այդ պոչերի համար մեծ տուգանքներ կսահմանվեին:

Ջուրը բոլորին է պետք` կոմբինատին եւ ապագա ֆաբրիկաներին, «Արեւիկ» ազգային պարկին եւ բնակիչներին:

Իսկ Լիճք գյուղում խողովակների մեջ է առնվում Մեղրիի վտակը` մաքուր գետ Զվառը, որը տարբերվում է ջրի իր բարձր որակով: Ընդհանուր առմամբ Մեղրի գետի վրա պետք է կառուցվի 9 փոքր ՀԷԿ: Միեւնույն ժամանակ, Մեղրիի տարածաշրջանի համար ջուրը աղետալի կերպով չի հերիքում: Եւ մարդկանց տալիս են այն ջուրը, որը պոմպերով քաշում են Արաքս գետից, ընդորում այն հատվածից, որտեղ թափվում են Ագարակի կոմբինատի հոսքերը:

Հունիս 28, 2013 at 13:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր