Արդյո՞ք ընդերքօգտագործողները կատարել են կառավարության որոշումը և ներկայացրել շրջակա միջավայրի մշտադիտարկման հաշվետվություններ. հարցում Բնապահպանության նախարարությանը

Արդյո՞ք ընդերքօգտագործողները կատարել են կառավարության որոշումը և ներկայացրել շրջակա միջավայրի մշտադիտարկման հաշվետվություններ. հարցում Բնապահպանության նախարարությանը

ԷկոԼուր

Արդյոք ընդերքօգտագործող ընկերությունները կատարել են ՀՀ կառավարության որոշումը և ներկայացրել շրջակա միջավայրի մշտադիտարկման հաշվետվություններ: Այս կապակցությամբ «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն հարցում է ուղարկել ՀՀ բնապահպանության նախարարություն:

Հարցման մեջ նշված է.

«ՀՀ կառավարությունը 2018 թվականի փետրվարի 22-ին ընդունել է «Ընդերքօգտագործման հետևանքով բնապահպանական կորուստների նվազեցման, անվերադարձ ազդեցության կանխարգելման նպատակով պլանավորվող մշտադիտարկումների իրականացման պահանջների, ինչպես նաև արդյունքների վերաբերյալ հաշվետվությունները ներկայացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 191-Ն որոշումը: Համաձայն այդ որոշման` մետաղական հանքավայրեր շահագործող ընդերքօգտագործողները պարտավոր են ներդնել շրջակա միջավայրի` ստորերկրյա և մակերևույթային ջրերի, մթնոլորտային օդի, հողային ծածկույթի, վայրի բնության, կենսամիջավայրի, Կարմիր գրքում գրանցված բուսատեսակների և կենդանատեսակների մշտադիտարկումների համակարգ: Արդյունքների վերաբերյալ եռամսյակային և տարեկան հաշվետվությունը պարտավոր են ներկայացնել ՀՀ բնապահպանության նախարարությանը: Նույն որոշմամբ նախարարությանը հանձնարարված է, որպեսզի այդ հաշվետվությունները տեղադրի իր պաշտոնական էլեկտրոնային կայքում։

Հաշվի առնելով վերոգրյալը և առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքով` խնդրում ենք տրամադրել տեղեկատվություն կառավարության որոշման պահանջների կատարման վերաբերյալ՝ մինչ այսօր հաշվետվություն ներկայացրած կազմակերպությունների ցուցակը, ինչպես նաև որոշման պահանջները չկատարած կազմակերպությունների նկատմամբ նախարարության կիրառած գործողությունների վերաբերյալ»։

 

Նոյեմբեր 14, 2018 at 14:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր