Ինչո՞ւ են չինովնիկներն այդպես վախենում «ուրան» բառից

Ինչո՞ւ  են չինովնիկներն այդպես վախենում «ուրան» բառից

ԷկոԼուր

Բնապահպանության նախարարությունը հայտարարում է, որ Տաշտունի եւ Լիճքվազ Թեյի  հանքավայրերում ուրան չկա: Այս մասին ասված է Մեղրիի քաղաքապետին ուղարկված Բնապահպանության նախարարության պատասխանում: Հիշեցնենք, որ մեղրեցիները դիմել են երկրի բարձրաստիճան այրերին` կապված Մեղրիի տարածաշրջանում հանքարդյունաբերության թափոնների ազդեցությամբ պայմանավորված լուրջ էկոլոգիական իրավիճակի հետ: Բացի այդ, նրանք ուշադրություն են հրավիրել այն բանի վրա, որ ակտիվ աշխատանքներ են տարվում այն հանքավայրերում, որտեղ խորհրդային էքսպեդիցիաները ուրան էին փնտրում: Իր պատասխանում Բնապահպանության նախարարությունը հղում է անում ՀՀ ԳԱԱ երկրաբանության ինստիտուտի վրա, որը կարծիք է հայտնել, որ. «…Սյունիքի մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը կապված է հանքարդյունաբերության հետ: Հանքարդյունահանման ծավալները տարեցտարի ավելանում են, ինչը մարդկանց առողջության եւ շրջակա միջավայրի համար լուրջ ռիսկեր է պարունակում: Բացի այդ, պոչամբարները կարող են էական վտանգ ներկայացնել բարձր սեյսմիկության եւ սողանքային գործընթացների պատճառով»: Իսկ ինչ վերաբերում է Տաշտունում, Լիճքվազ Թեյի եւ Լիճքի հանքավայրերում ուրանի եւ թորումի բարձր պարունակությանը, ինչը նշված է «Ուրան պարունակող հանքերեւակումների քարտեզում», ապա ինստիտուտի կարծիքով դա իրականությանը չի համապատասխանում:

Նշենք, որ Հայաստանում բացի «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ից ոչ մեկ իրավունք չունի զբաղվելու ուրանի եւ թորիումի պաշարների որոնմամբ: ՀՀ կառավարությունը «ուրանային» մենաշնորհը տրամադրել է այդ կազմակերպությանը, ինչն ամրագրված է կառավարության` 2008թ. մարտի 6-ի 234-Ն որոշմամբ:Այս կազմակերպության հետեւում կանգնած է «Ռոսատոմ» պետական կորպորացիան: Մինչ այժմ կազմակերպությունը զբաղվում էր ուրանի որոնմամբ միայն Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի տարածքում: Լեռնաձորում ուրանի առկայության մասին տեղեկությունները հակասական են: ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը հայտարարեց, որ հետազոտված տարածքում ուրան չկա, սակայն ՀՀ ԱԺ պատգամավորների պահանջած` կազմակերպության պաշտոնական հաշվետվություններում նշված է, որ ուրան կա:

Հունիս 17, 2013 at 12:55


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր