Ինչպես է իրականացվում շրջակա միջավայրի մոնիթորինգը. պատասխանում է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն

Ինչպես է իրականացվում շրջակա միջավայրի մոնիթորինգը. պատասխանում է «ՀԱԷԿ» ՓԲԸ-ն

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի տեղակայման շրջանում շրջակա միջավայրի մոնիթորինգի վերաբերյալ ԷկոԼուրը հարցում էր ուղարկել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանին: «ՀԱԷԿ» ՓԲԸ-ի տնօրենը պատասխան նամակով հայտնել է.

«Հայկական ատոմային էլեկտրակայանում շրջակա միջավայրի մոնիթորինգն ատոմակայանի շահագործման օրից իրականացվում է Ռադիացիոն անվտանգության բաժնի կողմից: Դրա համար բաժնում գոյություն ունի Շրջակա Միջավայրի Պաշտպանության Լաբորատորիա, որը իրականացնում է շրջակա միջավայրի ռադիացիոն և էկոլոգիական մոնիթորինգ: Լաբորատորիայի կազմի մեջ մտնում են ռադիացիոն մոնիթորինգն իրականացնող բաժին, որը կազմված է նմուշառման և նմուշը պատրաստող խմբերից, նաև սպեկտոմետրիկ և ռադիոմետրիկ չափումներ իրականացնող խմբերից: Լաբորատորիայի կազմի մեջ մտնող մյուս խումբն էկոլոգիական մոնիթորինգի խումբն է: Լաբորատորիան հագեցած է ժամանակակից գերզգայուն սարքավորումներով (թողարկված աշխարհահռչակ առաջատար ֆիրմաների կողմից` «GANBERRA», «ORTEC» և այլն), որոնք թույլ են տալիս ստանալ ճշգրիտ տեղեկություններ շրջակա միջավայրի ռադիացիոն պարամետրերի մասին: Բոլոր սարքավորումներն անցնում են պետական ստուգում: Նմուշառումն իրականացվում է մշտական դիտարկվող կետերից: Մոնիթորինգն իրականացվում է շրջակա միջավայրի հետևյալ օբյեկտների համար`

• Մթնոլորտային օդ – 4 ստացիոնար ասպիրացիոն սարքավորումներ` տեղադրված ՀԱԷԿ-ից տարբեր հեռավորություններում (500 մ-ից մինչև 35 կմ):
• Մթնոլորտային անկում – 14 ստացիոնար կյուվետ (100 մ-ից մինչև 35 կմ ՀԱԷԿ-ից) նմուշառում, պատրաստում և չափում:
• Հող – 14 ստացիոնար նմուշառման կետեր, որոնք տեղակայված են կյուվետների մոտ (100 մ-ից մինչև 35 կմ ՀԱԷԿ-ից) նմուշառում, պատրաստում և չափում:
• Բուսականություն - 14 ստացիոնար կետերից նմուշառում, պատրաստում և չափում:
• Գետերի ջուր և լճակներ – ընդամենը 9 ջրային օբյեկտներից նմուշառում, պատրաստում և չափում:
• Ստորին նստվածքներ և ջրիմուռներ – ընդամենը ջրային օբյեկտներից նմուշառում, պատրաստում և չափում:
• Ստորգետնյա ջրեր – վերահսկվում են ստորգետնյա հորատանցքերի շնորհիվ, որոնք տեղակայված են գրունտային ջրերի հոսքի ուղղվածությամբ:
• Գամմա ճառագայթային դոզայի հզորություն – ընդամենը 16 ստացիոնար կետեր, չափումները կատարվում են շարժական սարքավորումներով:
• Գյուղատնտեսական մթերքներ, որոնք աճեցվվում են 1-12 կմ շառավիղով տարածքում:

Կետերի տարածքային բաշխումը կատարվում է` հաշվի առնելով լանդշաֆտը և օդերևութաբանական պայմանները տվյալ մոնիթորինգի գոտում: Մոնիթորինգի ծավալը, նմուշառման հաճախականությունը և այլ պարամետրեր` սահմանված «ՀԱԷԿ-ի ռադիացիոն հսկողության համակարգի կանոնակարգում»:

Բացի լաբորատոր չափումներից ՀԱԷԿ-ն ունի հատուկ համակարգչային ծրագիր` ընդունված ԱԷՄԳ-ի կողմից, որը թույլ է տալիս հաշվարկել բնակչության դոզայի բեռնվածությունը՝ հաշվի առնելով ՀԱԷԿ-ի ռեալ արտանետումները: ՀԱԷԿ-ի ռադիացիոն մոնիթորինգի իրականացման պլանում է համագործակցումը միջազգային և տեղական կազմակերպությունների հետ (ԱԷՄԳ, Միջազգային Գիտատեխնիկական կենտրոն, Լոս-Ալամոսի Ազգային Լաբորատորիա (ԱՄՆ), ԵՊՀ և այլն): Վերահսկող կազմակերպությունների համար (ՌՄԱՊԿ, ԱԷՄԳ) կատարվում է հաշվետվություն ամսական և տարեկան ռադիացիոն իրավիճակի մասին:
Ճառագայթային գոտու մոնիթորինգն ընդգրկում է ՀԱԷԿ-ից 12 կմ շառավիղով տարածք: ՀԱԷԿ-ում ստեղծվել և անընդհատ համալրվում, վերլուծվում է շրջակա միջավայրի ռադիացիոն պարամետրերի տվյալների բազա: Նման տվյալների բազան ընդգրկում է ՀԱԷԿ-ի շահագործման սկզբից առ այսօր ժամանակահատվածը: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ռադիացիոն իրավիճակը ՀԱԷԿ-ի տեղակայման շրջանում փոփոխվել է միայն մեկ անգամ 1986 թ-ին, որի պատճառը Չեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքներն էին: Բացի վերոհիշյալ տվյալների բազայից, ՀԱԷԿ-ում կան ՀԱԷԿ-ի աշխարհագրական դիրքի, ՀԱԷԿ-ի տեղակայման երկրաբանական բնութագրի, ՀԱԷԿ-ի տեղաբաշխման հատվածում մշտապես համալրվող օդերևութաբանական տվյալների բազաներ:

Բնապահպանական մոնիթորինգն իրականացվում է ՇՄՊԼ-ի խմբի կողմից: Բաժնում ճարտարագետների խմբի աջակցության շնորհիվ ՀԱԷԿ-ի տեղակայման շրջանում կատարվում է տարբեր խնդիրների վերահսկումը բնապահպանական նորմերին և պահանջներին համապատասխան: Այս խմբի քիմիական լաբորատորիան իրականացնում է արտահոսքերի, գրունտային և մակերևութային ջրերի որակի մոնիթորինգ: Էկոլոգիական մոնիթորինգի ծավալը կանոնակարգվում է «ՀԱԷԿ-ի Բնապահպանական վերահսկողության կանոնակարգով»: ՀԱԷԿ-ը մոնիթորինգի արդյունքներով սահմանված կարգով տարեկան հաշվետվություն է ներկայացնում Բնապահպանության նախարարություն: Բացի այդ, ամեն տարի մշակվում է «ՓԲԸ ՀԱԷԿ-ի Բնապահպանական անձնագիրը», որում արտացոլված է տարեկան արտադրական գործունեությունը:

ՀԱԷԿ-ից շրջակա միջավայր մթնոլորտային արտանետումների և ջրային արտահոսքերի ազդեցությունը նվազագույնի հասցնելու նպատակով կայանում կիրառվում է երկու մոտեցում՝ վարչական և տեխնիկական: Վարչական մոտեցումը կայանում ռադիոակտիվ արտանետումների և արտահոսքերի սահմանափակում հաստատելն է՝ թույլատրելի և վարչական: Թույլատրելի մակարդակը սահմանվում է Պետական վերահսկողական մարմնի կողմից, իսկ վարչական մակարդակը սահմանվում է ՀԱԷԿ-ի ղեկավարության կողմից, և այն փոքր է, քան թույլատրելի մակարդակը: Ընդ որում, վարչական մակարդակի գերազանցումն անթույլատրելի է:

Այս կերպ սկիզբ է առնում այսպես կոչված «ամրության պաշար»՝ դաշնային նորմերը չգերազանցող (որոնք հաստատված են ԱԷՄԳ-ի կողմից): ՀԱԷԿ-ի վերահսկվող գոտուց օդային արտահոսքերը մինչև մթնոլորտ ընկնելը անցնում են մաքրման մեխանիկական ֆիլտրերով, ապա հատուկ բարձր արդյունավետության օդային ֆիլտրերով: Իրականացվում է մշտական ակտիվության դիտարկում՝ օդային ավազան թափվող արտանետումների ինչպես գումարային ակտիվության, այնպես էլ ռադիոնուկլիդային կազմի: ՀԱԷԿ-ում ժամանակացույց է սահմանվել օդային ֆիլտրերի արդյունավետ ստուգման: Էֆֆեկտիվության նվազման դեպքում ֆիլտրերը փոփոխվում են:

ՀԱԷԿ-ի արտահոսքերն արտանետումից առաջ մտնում են հատուկ վերահսկիչ բաքեր: Մինչև բաքերից թափվելը, ջրի գումարային ակտիվությունն է չափվում, և եթե այն չի գերազանցում վարչական մակարդակը, ապա դուրս է գրվում հատուկ անձնագիր, որում նշվում է ջրի տեսակարար ակտիվությունը, նրա ծավալը և այլ պարամետրեր, որից հետո նոր տեղի է ունենում արտանետում: Արտահոսքն իրականացվում է հատուկ խողովակաշարի միջոցով դեպի մաքրման կայան, իսկ այնտեղից կանալով դեպի Սևջուր գետը: Արտահոսքի ակտիվությունը վերահսկվում է ՀԱԷԿ-ի խողովակաշարի դուրս գալու կետից, մաքրման կայանի կառույցների դուրս գալու կետից, Սևջուր գետը թափվելու կետից:

Հարկ է նշել, որ ՀԱԷԿ-ի ողջ շահագործման ընթացքում չի նկատվել ԱԷԿ-ի արտանետումների և արտահոսքերի վարչական մակարդակի գերազանցում: ՀԱԷԿ-ի արտանետումների և արտահոսքերի միջին տեսակարար ակտիվությունը մոտավորապես երկու կարգով ցածր է հաստատված նորմաներից:

Ինչպես նշվեց վերևում, մոնիթորինգի ծավալն ընդգրկում է հողում և գյուղատնտեսական մթերքներում ռադիոնուկլիդների քանակի վերահսկումը ՀԱԷԿ-ի տարածքից 12 կմ շառավիղով: Այս պարամետրերի վերաբերյալ տվյալները, ինչպես նաև ռադիոակտիվ մոնիթորինգի մասին բոլոր արդյունքները տարեկան փոխանցվում են վերահսկիչ մարմնին: ՀԱԷԿ-ի շրջանում ռադիացիոն իրավիճակի մասին տեղեկությունները, համաձայն ՀՀ օրենքի, չեն համարվում գաղտնի և պետք է տրամադրվեն պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին իրենց խնդրանքով և ամբողջ ծավալով:

Ըստ ներկայացված փաստաթղթերի փաթեթի, արտադրական նպատակների համար ստորերկրյա ջրօգտագործման թույլտվության՝ Բնապահպանության նախարարությունը թույլ է տվել 6 հորատանցքների հորատումը»:

Նոյեմբեր 29, 2018 at 10:54


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր