Ի՞նչ անել ճառագայթային վտանգի դեպքում. ՀԱԷԿ-ին հարակից համայնքների բնակիչները իրազեկված չեն պաշտպանվելու միջոցառումների մասին

Ի՞նչ անել ճառագայթային վտանգի դեպքում. ՀԱԷԿ-ին հարակից համայնքների բնակիչները իրազեկված չեն պաշտպանվելու միջոցառումների մասին

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանին հարակից համայնքների բնակիչները իրազեկված չեն ճառագայթային վտանգի դեպքում պաշտպանվելու միջոցառումների մասին: Այս մասին վկայում են ԷկոԼուրի՝ Արմավիրի մարզի 11 համայնքներում անցկացրած ուսումնասիրությունները:

Վերջին ամիսների ընթացքում ԷկոԼուրն այցելել է Արմավիր, Մեծամոր քաղաքներ, Մայիսյան, Մրգաշատ, Զարթոնք, Արշալույս, Ակնալիճ, Արտաշար, Առատաշեն, Եղեգնուտ, Հովտամեջ համայնքներ, հանդիպել Արմավիրի մարզպետի, համայնքապետերի հետ, անցկացրել հարցումներ 60-ից ավելի բնակիչների հետ: Արդյունքում պարզվել է, որ բոլոր համայնքներում բացակայում են ապաստարանները, միջուկային վտանգի դեպքում ուղղորդող պաստառները, տարհանման պլանները: Դպրոցներում առկա տարհանման պլաններն ու պաստառները նախատեսված չեն միջուկային վտանգի իրավիճակների համար: Համայնքները, անգամ դպրոցները, ապահովված չեն պաշտպանիչ միջոցներով: Բուժկետներում առկա է միայն յոդ: Բնակիչները որպես թաքստոցներ դիտարկում են դպրոցների մարզասրահները կամ տների նկուղները՝ խոնավ, ճաքած պատերով և կոտրված պատուհաններով: Իրազեկվածության մակարդակը բոլոր համայնքներում ցածր է: Բնակիչները չգիտեն՝ ինչ է պետք անել, եթե հնչի ճառագայթային վտանգի մասին ազդանշանը: 

ԷկոԼուրը տեղեկատվական քարոզարշավ անցկացրեց ՀԱԷԿ-ին ազդակիր համայնքներում՝ բնակիչներին անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու նպատակով: Համայնքապետարաններում, դպրոցներում, տեսանելի վայրերում փակցվեցին թռուցիկներ, որոնցում նշված է. 

«ԵՂԻՐ ԻՐԱԶԵԿ, ՈՐ ՊԱՇՏՊԱՆԵՍ ՔԵԶ ՃԱՌԱԳԱՅԹԱՅԻՆ ՎՏԱՆԳԻ ԴԵՊՔՈՒՄ

Եթե կլսեք «Ուշադրություն բոլորին, ուշադրություն բոլորին: Ճառագայթային վտանգ է սպառնում հետևյալ բնակավայրերին» չընդհատվող ազդանշանը,  ապա

  • Մ ՛ի մատնվեք խուճապի
  • Եթե ունեք զտող հակագազ, ապա հագե՛ք այն, իսկ եթե չունեք, հագե՛ք շնչադիմակ կամ ձեռքի տակ եղած միջոցներով (խոնավեցրած) փակե՛ք շնչուղիները
  • Հակագազով կամ շնչադիմակով ապահովե՛ք առաջին հերթին ՁԵԶ, ապա` երեխաներին
  • Վերցրե՛ք Ձեզ հետ առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն ու անձը հաստատող փաստաթղթերը
  • Վերցրե՛ք Ձեզ հետ ամենաքիչը 2 օրվա համար անհրաժեշտ ջուր, սննդամթերք, իրեր
  • Արագ պատսպարվե՛ք մոտակա թաքստոցում, կամ որևէ փակ շինությունում
  • Պատսպարման վայրերից դու՛րս եկեք միայն հեռուստատեսության, ռադիոյի և շարժական բարձրախոս սարքավորումների միջոցով այդ մասին իրազեկվելուց հետո
  • Հետագա գործողություններն իրականացրե՛ք ըստ համայնքի (գյուղապետարանի) փրկարարական շտաբի  հրահանգների։

Եթե չեք հասցրել պատսպարվել թաքստոցում և մնացել եք տանը կամ աշխատավայրում, ապա՝

  • Շտապ իրականացրեք տարածքի հերմետիկացման աշխատանքներ՝ ծածկեք դռներն ու պատուհանները և փակեք առկա ճեղքերը՝ օգտագործելով ձեռքի տակ եղած միջոցները
  • Բարձրահարկ շենքերում գտնվելիս` շտապ իջեք վերին հարկերից և տեղ զբաղեցրեք նկուղային տարածքներում կամ դրանց բացակայության դեպքում՝ շենքի առաջին հարկերում

              Փողոցում և բաց տարածքներում գտնվելիս`

  • Թաքնվե՛ք մոտակա ապաստարանում կամ ճանապարհամերձ առվակների, հեղեղատարների համար նախատեսված կառույցներում, տարբեր տեսակի փոսորակներում, թմբապատնեշների և ոչ բարձր պատնեշների (պատերի) հետևում»:

16:53 Փետրվար 19, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news