«Ամենակարևորը բունկերների` հատուկ թաքստոցների հարցն է». ՀԱԷԿ-ն ու ազդակիր Առատաշեն համայնքը

«Ամենակարևորը բունկերների` հատուկ թաքստոցների հարցն է». ՀԱԷԿ-ն ու ազդակիր Առատաշեն համայնքը

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է Արմավիրի մարզի Առատաշեն համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված ՀԱԷԿ-ի ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

Մոտ 3000 բնակիչ ունեցող Առատաշեն համայնքը գտնվում է ՀԱԷԿ-ից ուղիղ գծով 10 կմ հեռավորության վրա:  

Վտանգավոր գոտում՝ առանց արտոնությունների

Առատաշենի համայնքապետ Վահրամ Հարությունյանն ասում է՝ ապրում ենք վտանգավոր գոտում, բայց ոչ ապաստարաններ ունենք, ոչ իրազեկված ենք, ոչ էլ արտոնություններ կան:

«Մենք առաջին զոնայի բնակիչներ ենք, բայց չունենք հատուկ ճառագայթային ապաստարաններ: Արտակարգ իրավիճակների դեպքում նկուղներն են նախատեսված: Իրազեկման պաստառներ համայնքում չկան: Իմ կարծիքով՝ ատոմակայանը պետք է իրազեկի բնակիչներին հնարավոր վտանգների մասին, բայց ես երբևէ չեմ տեսել, որ նման բան անեն: Այնպիսի տպավորություն է, որ 100 տոկոսով անվտանգ է և կարիք չկա մեզ որևէ բան ասելու: Ատոմակայանը ինքը պետք է կազմակերպի, մասնագետներ բերի, դպրոցներից, մանկապարտեզներից սկսած իրազեկի: Բա մարդկանց տարրական գիտելիքներ չտա՞ն:

Մեր տարածաշրջանից շատերը քաղցկեղով հիվանդ են, մարդը մտածում է, որ կարող է դրանից էլ լինի: Ինչո՞ւ այդ մասին չեն խոսում, որ ՀԱԷԿ-ը մեզ արտոնություններ չտա՞: Եթե այդպես է, թող մեզ տանեն այլ գոտում ապրենք, մեզ ու մեր երեխաներին վտանգի չենթարկենք:

Ոչ միայն բնակչությանը, նաև տեղական իշխանությանն են անտեսել:  Այս զոնայի տեղական իշխանության ներկայացուցիչների հետ մոտեցումն այլ պետք է լիներ», - ասաց Առատաշենի համայնքապետը:

«Ես տեղյակ չեմ, երբևէ մեզ մոտ չափել են ռադիացիոն, թե՝ ոչ: էս վերջում ասել են՝ տեղ հատկացրեք, որ բերենք, սարք դնենք, ռադիացիոն ֆոնը չափենք, դեռ չեն բերել: Բայց այսքան տարի ինչո՞ւ չեն դրել: Եթե անգամ չափել են մինչև հիմա, ինչո՞ւ չեն ասել՝ լավ է վիճակը, վատ է վիճակը: Ես այդպիսի ինֆորմացիա երբեք ոչ մեկից չեմ լսել», - նշեց Վահրամ Հարությունյանը:

ԷկոԼուրն այցելեց Առատաշենի միջնակարգ դպրոց: Այստեղ միջանցքների պատերին ցուցադրված էին տարհանման պլանները: Դպրոցում մեզ ասացին, որ միջուկային վտանգների դեպքում միայն տարհանման պլանները բավարար չեն. «Ամենակարևոր հարցը բունկերների` հատուկ թաքստոցների հարցն է, որոնք պետք է լինեն համայնքի դպրոցում, մշակույթի տանը և մանկապարտեզում: Սակայն ապաստարաններ չկան»:

Առողջապահական հաստատություններից համայնքն ունի բուժամբուլատորիա, որն ապահովված է միայն յոդով: Առաջին անհրաժեշտության պաշտպանիչ միջոցների ձեռքբեռման համար համայնքապետարանի կողմից հայտ երբևէ չի ներկայացվել:

Անվտանգության ազդանշանների տեղադրման համար ծախսերը ՀԱԷԿ-ը չի հոգում, այլ թողնում է համայնքի վրա: ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովմանը միտված իրավական ակտերի քննարկումներին համայնքը չի մասնակցում: Ուսումնավարժական պարապմունքներ վերջին անգամ անցկացվել են 2017 թ-ին: Միջուկային վտանգի իրազեկվածության մասին իրենց գիտելիքները համայնքապետարանի աշխատակիցները, հարցված բնակիչները գնահատեցին անբավարար:

Ինչպես է ոռոգվում և ջեռուցվում Առատաշենը

Առատաշենի վարչական հողերը կազմում են 970 հեկտար, որից 630 հեկտարը մշակովի հողերն են: Չի ոռոգվում 50 հեկտարը:

«Ոռոգման ջրի խնդիր, կարելի է ասել, չունենք: Բնակիչների մի մասը ջուրը պոմպերով ստանում է Ակնալճից, իսկ մյուս մասը՝ խորքային հորերից: Սևանի ջուրը մեզ չի հասնում», - ասաց Վահրամ Հարությունյանը:

«Մասնակի կոյուղի ունենք, գյուղից դուրս 2 կմ հեռավորության վրա դրենաժներ կան, գրունտային ջրերը, որ հեռացնում են դրենաժները, լցվում, դրա հետ գնում է», - հավելեց նա:

Համայնքապետի խոսքով` ջեռուցման նպատակով բնակչությունը հիմնականում օգտվում է գազից և էլեկտրաէներգիայից: Փայտով ջեռուցվում է 10 տոկոսը:

Գազի համար ամսական վճարը միջինում կազմում է 50.000 դրամ, հոսանքի համար` 10.000-30.000 դրամ, փայտ` միջինը 5 խմ:

Այցի ժամանակ ԷկոԼուրը տեղեկատվական քարոզարշավ անցկացրեց՝ բնակիչներին ճառագայթային վտանգի դեպքում պաշտպանվելու միջոցառումների մասին անհրաժեշտ գիտելիքներ փոխանցելու նպատակով: Համայնքի տարբեր վայրերում փակցվեցին իրազեկման թռուցիկներ:

17:41 Մարտ 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news