ՀԱԷԿ-ի ազդակիր գոտու համայնքների բնակիչների անվտանգությունն ապահովված չէ ճառագայթային վթարների դեպքում

ՀԱԷԿ-ի ազդակիր գոտու համայնքների բնակիչների անվտանգությունն ապահովված չէ ճառագայթային վթարների դեպքում

ԷկոԼուր

«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ն 2018-2019թթ. սոցիալական ուսումնասիրություն է կատարել Հայկական ատոմային էլեկտրակայանից 5-10 կմ հեռավորության վրա գտնվող Արմավիրի մարզի 12 համայնքներում: Ուսումնասիրության նպատակն էր պարզել ՀԱԷԿ-ի ազդակիր գոտիներում համայնքների պատրաստվածությունը՝ դիմակայելու ռադիացիոն վտանգներին, ինչպես նաև սոցիալական վիճակը: ԷկոԼուրի թիմն այցելել է Արմավիր և Մեծամոր քաղաքային, Արշալույս, Ակնալիճ, Առատաշեն, Արտաշար, Եղեգնուտ, Զարթոնք, Հովտամեջ, Մայիսյան, Մրգաշատ և Տարոնիկ գյուղական համայնքներ: Հանդիպումների ընթացքում մասնակիցներին բաժանվել են «Ինչպես պաշտպանել ինքներդ ձեզ միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում» տեղեկատվական թերթիկներ, որոնք փակցվել են նաև համայնքների հանրային վայրերում։
Կազմված հարցաթերթիկի (16 հարց) լրացման միջոցով սոցիալական հարցախույզի է ենթարկվել 67 բնակիչ և 12 տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավար, վերցվել են ոլորտի վերաբերյալ հարցազրույցներ։

Ուսումնասիրության արդյունքում պարզվել է.
• ՀԱԷԿ-ի ազդակիր գոտու համայնքների բնակիչների անվտանգությունն ապահովված չէ ճառագայթային վթարների դեպքում։
• Բնակիչների իմացությունը ճառագայթման և էկոլոգիական անվտանգությանը ներկայացվող պահանջներին մակերեսային է, հաճախ հակասական, նույնիսկ տրամագծորեն հակառակ անվտանգության պահանջներին։
• ՀՀ կառավարության ատոմային էներգետիկայի որդեգրած նոր քաղաքականության մասին տեղյակ չէին հարցվածների գերակշիռ մասը՝ 95%-ը։
• Չկա փոխհամագործակցություն ՀԱԷԿ-ի և ազդեցության գոտու համայնքների միջև։ Հանրությունը ներգրավված չէ ՀԱԷԿ-ի ծրագրերի, կայանի հետագա վերազինման, ոլորտում որոշումների կայացման գործընթացներում, ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու ուսումնասիրված համայնքներում ոչ մի նմանատիպ քննարկում չի կայացել։
• ՀԱԷԿ-ը և կառավարությունը համայնքների համար սոցիալական ծրագրեր չունեն և նրանց չեն աջակցում:
• Տեղի բնակչությունը տեղեկատվություն չունի ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում օդի, ջրի, հողերի աղտոտվածության վերաբերյալ իրականացվող մոնիթորինգի, ինչպես նաև արտադրվող գյուղմթերքների որակական կազմի անալիզների կատարման, դրանց ընթացքի և վերջնական արդյունքների մասին։ Եթե նույնիսկ կատարվում են անալիզներ, միևնույն է, բնակչությունը տեղեկացված չէ այդ մասին:
• Հնարավոր ճառագայթման վտանգի մասին բնակիչներն ունեն անբավարար իմացություն, դրան կանխարգելման և հակազդման համար բացակայում են համապատասխան միջոցները։
• Համայնքների բուժսպասարկման կետերում և բնակիչների շրջանում բացակայում են վահանաձև գեղձի արգելափակման համար նախատեսված կայուն յոդի պատրաստուկները։
• Բնակչության պաշտպանության համար նախատեսված անհատական պաշտպանության միջոցներ՝ զտող հակագազեր, շնչադիմակներ չուներ հարցված բնակիչների 100%-ը։
• Ազգային պլանով նախատեսված ապաստարաններ, թաքստոցներ և այլ պաշտպանական կառույցներ համայնքներում չկան։ Որպես ժամանակավոր թաքստոց նախատեսված նկուղները և սպորտդահլիճները չեն համապատասխանում ճառագայթային վտանգիներից պաշտպանվելու տարածքներին և շինություններին ներկայացվող տարրական պահանջներին։ Համայնքներում չկան բնակչության տարահանումն ուղղորդող պաստառներ, տարահանման պլաններ, բացակայում են վտանգի ազդարարման շչակները։
• Էլեկտրաէներգիայի սակագները ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու բնակիչների համար նույնն են, ինչպես ՀՀ մյուս շրջանների բոլոր քաղաքացիների համար։ Ազդակիր համայնքներում չի կիրառվում դոտացիայի մեխանիզմը։ Ջեռուցման նպատակով տեղացիների 70% -ն օգտագործում է վառելափայտ, քանի որ, ըստ հարցվածների, բարձր են էլեկտրաէներգիայի և գազի սակագները:
• ՀԱԷԿ-ն ընդգրկված չէ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին» օրենքով ամրագրված կազմակերպությունների ցանկում։ Համայնքները չունեն «ազդակիր համայնք»-ի կարգավիճակ։ Համայնքների բնակիչները օրենքով զրկված են շրջակա միջավայրի բարելավմանն ուղղված ծրագրերի իրականացման համար ՀԱԷԿ-ի վճարած բնապահպանական հարկերից մասնահանում ստանալու հնարավորությունից։ Նրանք չեն կարող դատական կարգով վիճարկել նաև որևէ որոշում։

Ուսումնասիրությունը կատարվել է «ԷկոԼուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության թիմի և ներգավված կամավորների կողմից՝ «Հանուն Հարավային Կովկասում էներգետիկ պարադիգմի փոփոխությունների» ծրագրի շրջանակներում, դոնոր՝ Brot für die Welt Protestant Development Service, sub grant - Green Alternative (Վրաստան)։ Ուսումնասիրության մանրամասներն ամփոփված են «Հայկական ատոմային էլեկտրոկայանի ազդեցության գոտում գտնվող համայնքներում անցկացված սոցիալական հետազոտության միջանկյալ հաշվետվության» մեջ, որին կարելի է ծանոթանալ այստեղ:

17:59 Նոյեմբեր 20, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news