

ԷկոԼուր
Հայկական ատոմային էլեկտրակայանի արդիականացման համար ռուսական կողմից վերցված վարկի մարման ժամկետը կերկարաձգվի:
Ս.թ. դեկտեմբերի 12-ի նիստին գործադիրը հավանություն տվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև` Հայաստանի Հանրապետության տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին 2015 թվականի փետրվարի 5-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Վարկի տրամադրման համաձայնագրով Ռուսաստանի կողմից Հայաստանին նախատեսված է 300 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսավորում, որից 270 մլն ԱՄՆ դոլարը վարկի, իսկ 30 մլն ԱՄՆ դոլարը՝ դրամաշնորհի տեսքով:
Ըստ փոփոխությունների՝ հայկական կողմը վարկն օգտագործելու 2015-2021թթ-ի ընթացքում:
Հայկական կողմը 2015-2019 թթ-ին օգտագործված վարկի գումարը մարելու է 10 տարիների ընթացքում: Վարկի առաջին վճարումը կատարվելու է 2020 թ-ի հունվարի 15-ին՝ նախկինում նախատեսված 2019 թ-ի դեկտեմբերի 31-ի փոխարեն: Իսկ 2020-2021 թթ-ին օգտագործված վարկի գումարը մարելու է 8 տարիների ընթացքում: Վարկի առաջին վճարումը կատարվելու է 2022 թ-ի հունվարի 15-ին:
Առաջարկվող փոփոխությունները ՀՀ ֆինանսների նախարարությունը հիմնավորում է նրանով, որ ՀԱԷԿ-ի արդիականացման ծրագրի շրջանակներում նախապես պլանավորված անհրաժեշտ աշխատանքների ցանկը զգալիորեն ընդլայնվել է, որի արդյունքում Հայկական ԱԷԿ-ի անվտանգության բարձրացմանն ուղղված որոշ առանցքային աշխատանքների ավարտի պլանային ժամկետները դուրս են համաձայնագրով նախատեսված վարկի օգտագործման ժամկետից:
Դեկտեմբեր 12, 2019 at 18:24