Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները միջուկային և ճառագայթային անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ. Զոհրաբ Մնացականյան

Հայաստանը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցները միջուկային և ճառագայթային անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ. Զոհրաբ Մնացականյան

ԷկոԼուր

Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում, ձեռնարկում անհրաժեշտ միջոցները միջուկային և ճառագայթային անվտանգության ամրապնդման և պահպանման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը Վիեննայում տեղի ունեցած «Պահպանելով և ամրապնդելով ջանքերը» խորագրով միջուկային անվտանգության հարցերով երրորդ միջազգային համաժողովին:

«Այսօր հարափոփոխ աշխարհում գլոբալ անվտանգության միջավայրն առերեսվում է արագ զարգացող սպառնալիքների, ինչպիսիք են տեխնոլոգիական զարգացման հետ կապված սպառնալիքները և կիբերհարձակումները։ Մենք չգիտենք կամ չենք կարող պատկերացնել, թե վաղը, տեսանելի ապագայում ինչ և որքան նոր սպառնալիքներ ի հայտ կգան: Դա նշանակում է, որ միջուկային անվտանգության ազգային ռեժիմները, կարգավորող համակարգերը պետք է լինեն ճկուն, հարմարվող և դիմակայուն։ Տեղեկատվության փոխանակումը, փորձառության և փորձի փոխանակումը սպառնալիքը ժամանակին հայտնաբերելու և հասցեագրելու առանցքային նախադրյալներն են», - ասել է ԱԳ նախարարը:

Զոհրաբ Մնացականյանը նշել է՝ որպես չտարածման քաղաքականության ուժեղ աջակից՝ Հայաստանը վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը չտարածման մասին պայմանագրին և այլ համապատասխան պայմանագրերին, ինչպես նաև ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքային համաձայնագրերին և լրացուցիչ արձանագրությանը:

«Հայաստանը մեծապես կարևորում է միջուկային անվտանգության ամրապնդումն ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում՝ միջազգային իրավական գործիքակազմի վավերացման և իրագործման, ինչպես նաև ՀՀ ԱԷԿ-ի և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության և անվտանգությանն ուղղված ամուր ազգային օրենսդրության ձևավորման, միջուկային կայանքների և միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության կանոնների հաստատման միջոցով: ՄԱԳԱՏԷ-ի բազմաթիվ տեսչական ստուգումները և գնահատման առաքելությունները վերահաստատել են Հայաստանի հանձնառությունը իր միջազգային պարտավորությունների կատարմանը, ինչպես նաև բաց ու թափանցիկ լինելու բարձրագույն մակարդակը: Միջազգային պայմանագրերի պահանջներից որևէ խախտում կամ շեղում չի արձանագրվել:
Հայաստանը լիովին կատարում է ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 1540 բանաձևով ստանձնած իր միջազգային պարտավորությունները», - ասել է Զոհրաբ Մնացականյանը:

«Վստահ եմ, որ այսօր ընդունվելիք նախարարական հռչակագիրը կդառնա կարևոր հանգրվան միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերի համար՝ ուղղված գլոբալ չտարածման ռեժիմի ամրապնդմանը և ի ցույց կդնի մեր ընդհանուր հանձնառությունը՝ պահպանելու միջուկային անվտանգության ռեժիմում բարձր չափանիշները», - նշել է Հայաստանի ԱԳ նախարարը։

 

Փետրվար 11, 2020 at 19:34


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր