ԷկոԼուր
ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն հնարավորություն ստացավ Հայկական ատոմային էլեկտրակայանից (ՀԱԷԿ) 7 կմ հեռավորությամբ տարածքում և ՀԱԷԿ-ին մոտակա բնակավայրերում օնլայն իրականացնել ճառագայթային մոնիթորինգ: Կոմիտեն նաև արդեն կարող է ճառագայթային հնարավոր վթարների դեպքում տվյալների օպերատիվ փոխանցման միջոցով հակազդման առաջարկություններ մշակել ու անհապաղ տրամադրել համապատասխան մարմիններին:
Սա իրականություն է դառնում Եվրոպական Հանձնաժողովի INSC (Instrument for Nuclear Safety Cooperation - միջուկային անվտանգության բնագավառում համագործակցության գործիքի) շրջանակներում «Միջուկային կամ ճառագայթային վթարների դեպքում ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի անձնակազմի պատրաստվածության և հակազդման կարողությունների զարգացումը» ծրագրի շնորհիվ: Այս ծրագրի շրջանակներում ՀՀ տարածքում տեղադրվում է գերմանական արտադրության վաղ ահազանգման օնլայն համակարգ: Հունիսի 25-ին ՀՀ կառավարությունն էլ այդ համակարգի գործարկման համար որոշեց կոմիտեին տրամադրել ռադիոհաճախականությունների շերտ:
Կառավարության որոշման հիմնավորման համաձայն՝ օնլայն համակարգը բաղկացած է լինելու ճառագայթային մոնիթորինգի համար նախատեսված 32 ստացիոնար կայաններից, երկու սպեկտրոմետրիկ կայաններից և հնարավոր միջուկային կամ ճառագայթային վթարի պատճառով դեպի շրջակա միջավայր արտանետված ռադիոակտիվ նյութերով պայմանավորված ռադիոլոգիական հետևանքների կանխատեսման և վթարային հակազդման գործողությունների պլանավորման համակարգչային JRODOS փաթեթից։ JRODOS փաթեթն արդեն տեղադրվել է կոմիտեի վթարային արձագանքման կենտրոնի սերվերների վրա, և այժմ իրականացվում են կարգաբերման աշխատանքներ։
Իրականացվում է մոնիթորինգային կայանների տեղադրումը՝ թվով 24-ը ՀԱԷԿ-ից մինչև 7 կմ շառավղով տարածքում, իսկ 8 կայան՝ ՀԱԷԿ-ին մոտ գտնվող բնակավայրերում։
«Մոնիթորինգային կայանները ճառագայթային մոնիթորինգի արդյունքներն առցանց GPRS համակարգի միջոցով փոխանցելու են ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի վթարային հակազդման կենտրոն, որը մշակվելուց հետո օնլայն ռեժիմով փոխանցվելու է ՀԱԷԿ-ի և Արտակարգ իրավիճակների նախարարության վթարային հակազդման հանձնաժողովներին, ինչպես նաև ճառագայթային մոնիթորինգի Եվրոպական EURDEP հարթակին։
Վաղ ահազանգման ճառագայթային մոնիթորինգի օնլայն համակարգի անխափան աշխատանքի ապահովման, ինչպես նաև ՀԱԷԿ-ին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման համար նախատեսվում է թվով 24 մոնիթորինգային կայաններից մոնիթորինգի արդյունքները ռադիոկապի միջոցով փոխանցել ՀԱԷԿ-ում տեղադրված ռադիո ընդունիչին»,- նշված է որոշման հիմնավորման մեջ։
Հունիս 25, 2020 at 12:39