ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը՝ ՀԱԷԿ-ի արդիականացման համար ռուսական վարկից հրաժարվելու, Մեծամորի ապագայի մասին

ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանը՝ ՀԱԷԿ-ի արդիականացման համար ռուսական վարկից հրաժարվելու, Մեծամորի ապագայի մասին

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը հունիսի 11-ին որոշեց ՀՀ պետական բյուջեից 63 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամի չափով բյուջետային վարկ տրամադրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով` հրաժարվելով ռուսական վարկի մնացած 70 միլիոն դոլարից: Հիշեցնենք, որ 2015թ. Ռուսաստանը Հայաստանի հետ կնքել էր 270 միլիոն դոլարի վարկի և 30 միլիոն դոլարի դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման համար:

ԷկոԼուրը թեմայի շուրջ զրուցել է ոլորտի մասնագետների հետ: Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք Էներգետիկ հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ հարցազրույցը:

Հայաստանի կառավարությունը հրաժարվեց ՀԱԷԿ-ի արդիականացման համար նախատեսված ռուսական վարկից և որոշեց այդ նպատակով պետբյուջեից միջոցներ հատկացնել: Որքանո՞վ է իրատեսական կառավարության՝ ռուսական վարկից հրաժարվելու հիմնավորումը, և արդյո՞ք դա լավագույն լուծումն է ծախսերի խնայողության տեսանկյունից:

Արա Մարջանյան.

- Ստեղծված պայմաններում մենք պետք է լուծենք զուտ ֆինանսական խնդիր։ 1,5 տարի ժամանակ կորցրեցինք տարբեր դրդապատճառներով: Այդ վարկի և դրամաշնորհի ֆինանսական սխեման արդեն չէր բավարարում աշխատանքներն արագ կատարելու համար։ Հայկական կողմը «Ռոսատոմին» պարտավոր էր վճարել հսկայական գումարներ: Հիմնականում այդ բեռի տակից դուրս գալու համար ընդունվեց այս որոշումը։ Երկրորդ հանգամանքն այն էր, որ հայկական կողմը ֆինանսավորումն իր վրա վերցնելու դեպքում հնարավորություն է ստանում 20 տոկոսով մեծացնել հայկական ընկերությունների ներգրավվածությունը ատոմակայանի մոդեռնիզացման գործընթացներում։ Այդ որոշման երկու հիմնական նպատակները հետևյալն են. արագացնել ֆինանսավորման գործընթացը, դարձնել այն ավելի արդյունավետ, վճարել կոնկրետ արված աշխատանքի համար, իսկ երկրորդ բլոկն այն է, որ պետք է մեծացնել հայկական ընկերությունների բաժինը տարվող աշխատանքների մեջ։

Կարո՞ղ է ռուսական վարկի մերժումը ազդել ՀԱԷԿ-ի անվտանգության վրա այն պայմաններում, երբ «Ռոսատոմը» շարունակում է կատարել արդիականացման աշխատանքները:

- Բոլոր հիմնական կապալառուները շարունակում են մնալ նույն ռուսական ընկերությունները: Բոլոր հիմնական ընկերությունները, որոնք ժամանակին մասնակցել են ատոմակայանի շինարարությանը,նախագծմանն ու մոդեռնիզացիային, կշարունակեն իրենց աշխատանքը, հուսանք ավելի արագ ու ռացիոնալ` ժամանակի և ֆինանսական տեսանկյունից։ Ոչ մի փոփոխություն այս տեսանկյունից չի նախատեսվում։ Աշխատանքը նույնպես կիրականացվի «Ռոսատոմ» սերվիսի կողմից։

Ատոմակայանում աշխատանքները մեկ տարուց ավելի ժամկետով ուշացան։ Մենք ժամանակ ենք կորցնում, պետք է արագ և որակով աշխատանքներ իրականացնել ՄԱԳԱՏԷ-ի լիցենզիան ստանալու և մոդեռնիզացիայի հաջորդ քայլերին անցնելու համար։

Ներկայում փորձեր են արվում քաղաքականացնել հարցը։ Այս գործընթացը պետք չէ քաղաքականացնել, այն չունի քաղաքական կամ աշխարհագրական երանգ։ Ընդունված որոշումն առհասարակ կապ չունի քաղաքականության հետ և դիտարկել սա այդ հարթության մեջ բացարձակ անիմաստ է։

Կառավարությունը ներկայացրեց ՀԱԷԿ-ում իրականացված աշխատանքների ցանկը, մասնավորապես, հիմնական համակարգերի փոխարինումը և թարմացումը, և այլն: Այդ նպատակով ծախսվել է 200 միլիոն դոլար: 70 միլիոն դոլար չի ծախսվել, ինչը պետք է հատկացվի պետբյուջեից: Որքանո՞վ է իրատեսական այդ գումարի հատկացումը պետական բյուջեից՝ COVID-19-ի պայմաններում:

Արա Մարջանյան.

- Խոսքը մինչև 2022 թ․ 63 միլիարդ դրամի տրամադրման մասին է` որպես պետական ֆինանսավորում հայկական կողմից: Կառավարության որոշման մեջ հաշվարկված է որոշակի պլան այդ գումարն ըստ տարիների բաշխելու ուղղությամբ։ Կարող եմ ենթադրել, որ եթե ընդունված է այսպիսի որոշում, ապա որոշումն ունի որաշակի հիմնավորում, և կառավարությունը համարում է այն իրատեսական։ 

Ինչ վերաբերում է նրան, որ համավարակի պայմաններում ֆինանսական բեռը կդառնա ավելի զգայուն, ապա իսկապես այդպես է: Մենք կխուսափեինք դրանից, եթե ժամանակին աշխատանքները կատարվեին ըստ ժամանակացույցի և ավարտվեին 2019 թ․ վերջին, ինչպես և կանխատեսել էինք: Երկարաձգումները եկան, համընկան համավարակի իրողություններին։ Բայց այստեղից մենք պետք է անենք մեկ հետևություն․ աշխարհում բոլոր տեսակի գործընթացները, այդ թվում ճգանաժամերը և աղետները, անկանխատեսելի են, և պետություններն ու ազգերը պետք է այս պարագայում լինեն մոբիլիզացված և աշխատեն հստակ, առանց որևէ բացթողումների, ժամանակին և բարձր որակով։ Ատոմակայանի հետ կապված ծրագրերը պետք է շվեյցարական ժամացույցի ճշգրտությամբ իրականացվեն, որպեսզի հանրային և մասնագիտական ակնկալիքները բավարարվեն։ Ժամանակացույցից դուրս մնալը ոչ մեկի չի գոհացնում և մտահագովելու տեղիք է տալիս:

Վարկավորման նոր պայմանների դեպքում հնարավո՞ր է ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկրարաձգվի 2026 թ.-ից հետո: Արդիականացման նպատակով ֆինանսական ռեսուրսների հնարավոր սահմանափակման պայմաններում ի՞նչ պայմաններ են անհրաժեշտ ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար

Արա Մարջանյան.

- Հանրային դաշտում և մեդիայում բավարար խորությամբ և հստակությամբ չի լուսաբանվում ընդունված որոշման էությունը, ակնկալվող արդյունքների նկարագիրը: Կարծես թե, մի փոքր կառավարությունը թերացել է հստակորեն նկարագրել պլանավորվող քայլերը և դրանց իրականացման ժամանակցույցն ու հիմնավորումները։ Անհրաժեշտություն կա, որ թե՛ հանրությունը, թե՛ մասնագետները, թե՛ մեր հարևանները հստակ ինֆորմացված լինեն գալիք քայլերի, անվտանգության ապահովման, պլանավորվող աշխատանքների ժամանակացույցի իրականացման հարցում: Այդ առումով, կարծում եմ, մոտակա ժամանակներս կշտկվի իրադրությունը։

Ինչ վերաբերում է բուն անվտանգությանը, ապա այն անընդհատ ընթացող գործընթաց է։ Հայաստանի ատոմակայանի անվտանգությունը գնահատում են միջազգային և հայկական մասնագիտական կառույցներ։ Բոլորիս համար գաղտիք չէ, որ որոշ երկրներ Հայաստանի ատոմակայանի գործոնն օգտագործում են զուտ աշխարհաքաղաքական նպատակներով, տարբեր տեսակի հերյուրանքեր են տարածում դրա անվտանգության վերաբերյալ։ Այստեղ ուղղակի պետք է հստակ ժամանակացույցով, տեղեկատվական քաղաքականությամբ առաջ շարժվենք։

ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում գտնվող համայնքների բնակիչների անվտանգության ապահովման ուղղված հիմնական ծախսերը դրված են այդ համայնքների վրա:

Ինչպե՞ս եք վերաբերվում տեսակետին, որ պետական վարկի մի մասն ուղղվի ապաստարանների կառուցմանն ու համայնքների համար անհրաժեշտ հակաճառագայթային իրերի ձեռքբերմանը: 

Արա Մարջանյան.

- Այդ պետական վարկը տրամադրված է հստակ սահմանված աշխատանքների համար: Համայնքներում պատուհանները փոքրացնելու կամ այլ գործառույթներ իրականացնելու համար նպատակահարմար չէ այդ միջոցներն օգտագործել: Բայց այն հարցին, թե արդյո՞ք համայնքները պետք է պատրաստ լինեն այս կամ այն դրություններում որոշակի մտածված և վաղորոք պլանավորված գործողությունների, լիարժեքորեն` այո, ուղղակի դա միջոցառումների լրիվ այլ ցանկ է, որը պետք է ֆինանսավորվի, կազմակերպվի և իրականացվի այլ միջոցներով, այլ խողովակներով, խառնել այս երկու խողովակներն իրար, կարծում եմ, ճիշտ չէ:

Եթե Կառավարությունը և պետությունն ատոմակայան է կառուցում ինչ-որ տեղ, դա նշանակում է, որ նա այնքան վստահ է անվտանգության համար, և հիմնական երաշխիքն արդեն այդտեղ է: Համայնքները պետք է պատրաստվեն արտառոց բնական աղետներին նմանվող իրավիճակներում որոշակի գործառույթների իրականացման համար: Այդ աշխատանքները պետք է իրականացնել քաղաքացիական պաշտպանության, Արտակարգ իրավիճակների նախարարության և այլ խողովակներով հանգիստ մթնոլորտում, առանց ավելորդ խուճապային տրամադրություններ ստեղծելու:

Ուղղակի խայտառակություն է, թե ինչ վիճակում է այժմ գտնվում Մեծամոր քաղաքը: ԽՍՀՄ տարիներին Մեծամոր քաղաքը հիմնադրվեց որպես կոմպլեքսային քաղաք իր ուրույն ճարտարապետական լուծումներով, և մտածված էր որպես ատոմակայանին կից գործող և նրա հոգսերը հոգացող սոցիալական-քաղաքացիական կառույց: Ունիկալ փորձառություն կորցրեցինք: Մի քանի տարի առաջ առիթ ենք ունեցել մշակել համալիր առաջարկ, թե ինչպես Մեծամորը կարող է դառնալ ապագայի քաղաք` էներգետիկայի, բարձր տեխնոլոգիայի քաղաք: Այս հարցը պետք է անընդհատ բարձրացնել և առաջիկա տարիներին Հայաստանի համար շատ հետաքրքիր կլիներ, որ մի ծրագիր լիներ, որպեսզի Մեծամորը վերականգներ երիտասարդ քաղաքի ապագային միտված, բարձր տեխոնոլոգիայի, տրանսպորտային հաիասքանչ լուծումներով քաղաքի, տեխնոլոգիական ստարտափերի քաղաքի, վերականգնվող էնեգետիկա օգտագործող քաղաքի և ատոմակայանի մոդեռնիզացիոն ծրագրերի իրականացման քաղաքի համբավը:

Էներգետիկայի նախարարությունն էլ պետք է վերաբացվի, և այն պետք է գտնվի Մեծամոր քաղաքում: Պետք է լինեն ԲՈՒՀ-եր, ստարտափներ, քաղաքը պետք է դառնա այն, ինչ մտածում էին մեր մեծերը, երբ կառուցում էին քաղաքը և ատոմակայանը:

Լուսանկարը՝ Sputnik Արմենիայի

 

12:37 Հուլիս 28, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news