Վահագն Խաչատրյանը՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ծրագրի ռուսական վարկից հրաժարվելու մասին

Վահագն Խաչատրյանը՝ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ծրագրի ռուսական վարկից հրաժարվելու մասին

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը հունիսի 11-ին որոշեց ՀՀ պետական բյուջեից 63 միլիարդ 200 միլիոն ՀՀ դրամի չափով բյուջետային վարկ տրամադրել «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով` հրաժարվելով ռուսական վարկի մնացած 70 միլիոն դոլլարից: Հիշեցնենք, որ 2015թ. Ռուսաստանը Հայաստանի հետ կնքել էր 270 միլիոն դոլարի վարկի և 30 միլիոն դոլարի դրամաշնորհի տրամադրման համաձայնագիր ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի իրականացման համար:

ԷկոԼուրը թեմայի շուրջ զրուցել է ոլորտի մասնագետների հետ: Այս հրապարակման մեջ ներկայացնում ենք տնտեսագետ Վահագն Խաչատրյանի հետ հարցազրույցը:

- Հայաստանի կառավարությունը հրաժարվեց ՀԱԷԿ-ի արդիականացման համար նախատեսված ռուսական վարկից և որոշեց այդ նպատակով պետբյուջեից միջոցներ հատկացնել: Արդյո՞ք դա լավագույն լուծումն է գումարի խնայողության տեսանկյունից:

Վահագն Խաչատրյան.

- Ռուսական վարկի մնացած մասից հրաժարվելու մեկ հիմնավորում է ինձ հայտնի, ըստ որի՝ եթե մենք շարունակեինք ռուսական կողմից վարկավորումը նույն կերպ ստանալ, սակագնի մեջ փոփոխություն տեղի կունենար։ Այս հիմնավորման մեջ տրամաբանություն կա այն առումով, որ մենք հիմա մեր փողերն ենք օգտագործելու, այսինքն, սա ներքին պարտք է ձևավորելու։ Միշտ էլ ներքին պարտքն ավելի ձեռնտու է, որովհետև մենք ենք այդ գումարի, պարտատոմսի տերը։ Սա ավելի նախընտրելի տարբերակ է, առավել ևս, որ հիմա մեզ մոտ էլ պետական պարտատոմսերի տոկոսադրույքը բավական իջել է։ Այսօր դրսից գումար վերցնելը համաշխարհային շուկայի պայմաններում ֆինանսական առումով ձեռնտու է, սակայն ռուսական վարկը դեռևս թանկ է։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ ինձ համար ընդունելի է գումարի ֆինանսավորման աղբյուրի փոփոխության փաստարկը։

- Որքանո՞վ է իրատեսական այդ գումարի հատկացումը պետական բյուջեից՝ COVID 19-ի պայմաններում:

Վահագն Խաչատրյան.

- 70 միլիոն դոլարը կարող են տալ, հետագայում էլ, եթե բյուջետային խնդիրներ առաջանան, այդ նպատակով նույնպես գումարներ կան։ Ի վերջո, այդ 70 միլիոնը մեկ տարվա մեջ չեն տալու։ Որևէ մեկը իրավունք չունի այդ աշխատանքները դադարեցնել, մասնագիտական առումով էլ եթե խոսենք՝ այդտեղ ուղղակի չի կարելի որևէ աշխատանք ընդհատել։ Ատոմակայանը մի կողմ, Հայաստանը՝ մեկ այլ կողմ։ Այսպիսի նժարների վրա պետք է դնել։ Արևային էներգետիկան իր նշանակությունն ունի, բայց երբևէ չի կարող այն նշանակությունն ունենալ, ինչ՝ ատոմակայանը։ Կառավարության կողմից կարծես անհրաժեշտ քայլերն արվում են, բայց ռազմավարական մոտեցներում ես լրջագույն խնդիրներ եմ տեսնում։ Մենք չունենք էներգետիկայի ճշգրտված ռազմավարություն, կա մինչ 2036թ. ռազմավարության հայեցակետ։ Նախկինում քննարկվող տարբերակում, օրիակ, կար, նոր ատոմակայանի կառուցման երկու տարբերակ, ըստ հզորության։ Դրանից բացի, Էներգետիկայի նախկին ռազմավարության մեջ ատոմային էներգետիկա ունենալու խնդիրը, մոտեցումը հստակ էր, որ պետք է ունենանք։ Այս փետրվարին նախագծային տարբերակ հրապարակվեց։ Հիմա պետք է հասկանալ, թե այդ ռազմավարության մեջ ատոմային էներգետիկան կա, թե՝ ոչ։ Եթե կա, ատոմային էներգետիկայի զարգացումը ո՞րն է լինելու․ հնի վեռակառուցումը, թե՞ նորի կառուցումը։ Հասկանում եմ, որ նորը կառուցելը լրջագույն խնդիրներ է առաջ բերելու և ոչ միայն ֆինանսական։ Միջազգային տարբեր ատյաններում մենք լրջագույն խնդիրներ ենք ունենալու, այդ թվում՝ Եվրոպական Միությունում։ Այլընտրանքային էներգետիկ աղբյուրներ գտնելը շատ լավ է, բայց մենք ունենք ատոմային էներգետիկա և ատոմային կայան, որի ճակատագիրը շատ ավելի կարևոր է ապագայի համար։

Ժամանակն է՝ այս դժվար սոցիալ-տնտեսական պայմաններում այդ հարցի պատասխանը տալ, որովհետև ատոմակայանը գործում է, իր բնական պրոցեսի մեջ է։ Հիմա թե մենք որքանով այդ բնական գործընթացը կառավարելն օգտակար կդարձնենք, կախված է մեր կառավարության գործողություններից։

-Կարո՞ղ է ռուսական վարկի մերժումն ազդել ՀԱԷԿ-ի անվտանգության վրա այն պայմաններում, երբ «Ռոսատոմը» շարունակում է կատարել արդիականացման աշխատանքները:

Վահագն Խաչատրյան.

- Շատ լավ է, որ «Ռոսատոմն» է արդիականացման աշխատանքներն անում։ Եթե Հայաստանում կան մասնագիտական կազմակերպություներ, որոնք կարող են այդ աշխատանքները կատարել, խնդրեմ։ Բայց ես համոզված եմ, որ մենք այդ փորձը չունենք և չէինք էլ կարող ունենալ։ «Ռոսատոմի» կամ «Ֆրամատոմի» նման ընկերությունները, որոնք աշխարհում տարբեր քանակությամբ ատոմակայաններ են կառուցել և սպասարկել, տվյալ դեպքում ՝ հաշվի առնելով իրենց մասնագիտական գիտելիքները, կարող են բարձր մակարդակով նաշատեսված աշխատանքները կատարել: 

Եթե մտադիր ենք շարունակել ևս 5 տարի, իսկ առավելագույնը մինչև 2036 թ․ շահագործել ատոմակայանը, պետք է համոզված լինենք, որ ատոմակայանի անվտանգությունը 100 տոկոսով է ապահովված։ Այս առումով հարցադրումներից մեկն այն պետք է լինի, թե ովքեր են լինելու աշխատանքը վերահսկողները։ Սովորաբար պատվիրատուն է լինում, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունը։ Բայց պատվիրատուն լիարժեք համոզված լինելու համար կարող է միջոցներ գտնել և մեկ ուրիշ կազմակերպության ներգրավել ատոմակայանի շահագործման անվտանգության վերաբերյալ վերջնական եզրակացության ստանալու համար։

Ես համոզված չեմ, որ մենք այդքան մասնագիտական ներուժ ունենք, որ կարող ենք «Ռոսատոմի» աշխատանքները վերահսկել։

Ամենամեծ խնդիրը մինչև հիմա մնացել է ռեակտորը՝ որքանո՞վ է այն անվտանգ: Հիմնական հանգամանքն այն է, թե ռեակտորն ի վիճակի՞ է շարունակել իր աշխատանքը, ֆիզիկական մաշվածությունն ի՞նչ աստիճանի է: Այս վերանորոգման առանձնահատկությունն այն է, որ պետք է տրվի այդ գնահատականը: Ատոմակայանի վերանորոգման համար այսպիսի մեծ գումարներ են նախատեսված, որպեսզի ստուգվի՝ ռեակտորի ֆիզիկական վիճակն ինչպիսին է, արդյո՞ք կարելի է շարունակել շահագործել ռեակտորը մինչև 2026 թ:

Մասնագետներն անհանգստություն ունեն, որ ձեռք բերված նյութերը և աշխատանքները իրական գներին չեն համապատասխանում, չարաշահումներ կան: Մենք այլընտրանքային փորձագիտական գնահատական տալու հնարավորությունից զրկված ենք։ Պետք է այնպիսի մեխանիզմներ ստեղծել, որ վերահսկողությունն անթերի լինի և լիարժեք երաշխիքներ տա: Տարածքային կառավարման և ենթակառուցվաքծների նախարարության համապատասխան կառույցում անկախ մասնագիտական խումբ պետք է լիներ, որը փորձագիտական գնահատական տար նախ ամբողջ ծրագրին, այնուհետ՝ ծրագրի ֆինանսական ապահովմանը, և երրորդ՝ ծրագրի իրականացմանը, իսկ արդեն վերջում ստուգեն անվտանգության համապատասխանելությունը։

Ատոմակայանը միշտ համագործակցել է ֆրանսիական «Ֆրամատոմ» ընկերության հետ։ Ըստ որոշ տեղեկություննների նրանց կողմից պետք է եզրակացություն տրվի ռեակտորի հետագա աշխատունակության և հետագա շահագործման ժամկետների մասին՝ թե մինչև 2026թ., թե մինչ 2036թ.:

- ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում գտնվող համայնքների բնակիչների անվտանգության ապահովման ուղղված հիմնական ծախսերը դրված են այդ համայնքների վրա:

Արդյո՞ք կարելի է պետական վարկի մի մասն ուղղել ապաստարանների կառուցմանն ու անհրաժեշտ իրերի ձեռքբերմանը` յոդի պատրաստուկներ, հակագազեր:

Վահագն Խաչատրյան.

- Անվտանգության հարցը շատ կարևոր է, և դա միայն առօրյա անվտանգությունը չէ։ Ցանկացած երկիր, որն ունի ատոմակայան և ատոմային զենք, պետք է ապահովի ժողովրդի անվտանգությունը։ Մեզ մոտ նվազագույնն էլ չկա։ 25 համայնքները, որոնք առնչվում են ատոմակայանի աշխատանքին, պետք է սուբվենիցայի կամ այլ ձևով օգնություն ստանան։ Ռիսկային գոտում ապրելը պետք է վճարվի պետության կողմից։ Երկու ճանապարհ կա, դա կարող է անել պետությունը պետբյուջեից, կամ պետությունը՝ հանձինս ատոմակայանի, որովհետև ատոմակայանը պետական ձեռնարկություն է։ Սակայն երկար տարիներ ատոմակայանի եկամուտները կողմնակի ճանապարհով իրենից վերցվել է։ Ատոմակայանի եկամուտները վերցնում էին, տալիս Նաիրիտ գործարանի աշխատակիցների աշխատավարձը։ Այն գումարները, որոնք պետք է գնային ատոմակայանի աշխատակիցների սոցիալական վիճակի բարելավմանը կամ ատոմակայանի տեխնիկական վիճակի բարելավմանը, գնում էր քաղաքական նպատակների համար, որը լավագույն դեպքում կոչվում էր Նաիրիտի աշխատավարձ։ 25 համայնքի սոցիալական և անվտանգության խնդիրները պետք է դառնան պետական խնդիր։ Պետք է լինի օրենք ատոմակայանի կամ ատոմային էներգետիկայի զարգացման մասին։ Ատոմային կարգավիճակը պետք է բարձրացնել օրենքի մակարդակով, և ամեն ինչ, հատկապես ֆինանսավորումը, պետք է առանձին տողով գնա։ Անվտանգության հարցերը պետք է աստիճանաբար լուծել։ Որպեսզի ամբողջ ցիկլը փակվի, որպեսզի պատասխանատվության աստիճանը բարձրացվի, որպեսզի հետագայում կառավարությունը և պաշտոնյաները հասկանան, որ ատոմակայանը պարզապես էներգիա արտադրող միավոր չէ, այլ ավելի մեծ նշանակություն ունի, այդ օրենքի ընդունումը, կարծես թե, դարձել է հրատապ։

Մի խնդիր կա ևս՝ մասնագետ կադրերի խնդիրը ունենք այսօր՝ սկսած ատոմակայանի ամենաբարձր պաշտոն զբաղեցնող պատասխանատուներից մինչև առանձին գիտելիքներ չպանջող աշխատակիցները ։ Այս հարցը ևս պետք է օրակարգային լինի:

14:04 Հուլիս 30, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news