Հայաստանի կանաչները ՀԱԷԿ-ի մասին`երկրում մարդը մի հավի արժեք ունի՞

Հայաստանի կանաչները ՀԱԷԿ-ի մասին`երկրում  մարդը մի հավի արժեք ունի՞

ԷկոԼուր

«Միջուկային օբյեկտներում աշխատող եւ այդ տարածքներին հարակից ապրող բնակչության շրջանում հիվանդացությունները զգալիորեն գերազանցում են սովորականին,- «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Հայաստանի կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը,- Եթե դուք ճարեք մի ռադիոլոկատոր եւ ամենահեռավոր կետից` մոտ 50 կմ հեռավորությունից, նայեք ատոմակայանին, դուք այնտեղ կտեսնեք մոտավորապես 1կմ տրամագիծ ունեցող կապտասպիտակավուն սյուն, որը ռադիոակտիվ իզոտոպների հագեցածությունն է օդում»:

Հ. Սանասարյանը բարձրացրեց նաեւ նոր էներգաբլոկի կառուցման հարցը: «Ուզում են այդ ժամկետանց ռեակտորի  փոխարեն, որը 415 մեգավատ հզորություն ուներ, 1060 մեգավատ հզորությամբ նոր ռեակտոր դնեն: Ուղիղ գծով Մեծամոր-Երեւան 18 կմ է: Ֆուկուսիմա ատոմակայանր 400 կմ էր հեռու Տոկիոյից, իսկ ուղիղ գծով` 230 կմ: Անգամ Տոկիոյից բնակչության մի մասը հեռացավ քաղաքից»,- ասաց Հ. Սանասարյանը: Իսկ Մեծամոր ատոմային քաղաքում բնակիչները նույնիսկ չունեն պատշաճ պոլիկլինիկա եւ հիվանդանոց: Պոլիկլինիկան, որը գտնվում էր քաղաքի կենտրոնում, տեղափոխվել է  Մեծամորի հիվանդանոցի շենք` անբարեկարգ  եւ որակյալ բժշկական ծառայություն մատուցելու տեսանկյունից անհարմար լինելու պատճառով: Սակայն տեղի բնակիչները քիչ են օգտվում Մեծամորի հիվանդանոցից. շատերը բուժվում են Արմավիրի եւ Երեւանի հիվանդանոցներում:  Ստացվում է, որ ատոմակայանի նման վտանգավոր օբյեկտի հարեւանությամբ ապրող բնակիչները, զրկված են պատշաճ բուժհաստատությունից:

Տեղի բնակիչներից շատերն անհանգստացած են ռադիոակտիվ ֆոնով, չնայած որ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն բազմիցս հայտարարել է, որ ատոմակայանի շրջակայքում ռադիացիոն ֆոնը նորմայի սահմաններում է:  Հակոբ Սանասարյանն այդքան էլ չի հավատում պաշտոնական տեղեկատվությանը: «Ռադիացիան մնում է ռադիացիա, ինչ վերաբերվում է օրգանիզմին, մարդը մնում է մարդ,- ասում է նա,- Այստեղ խնդիրը հետեւյալն է` երկրում  մարդը ասենք թե մի փոքր կենդանու, մի հավի արժեք ունի, թե չէ: Ցանկացած մարդ, ով հավ է պահում, իր թռչուններին պահում է, որ նրանց վնաս չլինի: Իսկ եթե մարդն ընդհանրապես արժեք չունի, եւ նրան նայում են` որպես ես երկրի տերն եմ, 10 տարի պիտի ղեկավարեմ, իսկ սա 10 տարի անպայման կաշխատի, ես նրան կաշխատացնեմ: Այստեղ մոտեցումների խնդիր կա»:



Ապրիլ 16, 2012 at 14:32


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր