ԷկոԼուր
Կառավարությունը կհաստատի Հայկական ատոմային էլեկտրակայանի վթարների դեպքում մոտակա համայնքների բնակչության, ինչպես նաև փրկարարական աշխատանքների մասնակիցների համար պետական պահուստում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը և կուտակման նորմաները: “Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային եւ (կամ) ճառագայթային վթարների դեպքում նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման եւ շտապ պաշտպանական միջոցառումների պլանավորման գոտիներում գտնվող համայնքների բնակչությանն, ինչպես նաեւ փրկարարական ու վթարի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցների համար պետական պահուստում պահպանման ենթակա նյութական արժեքների անվանացանկը եւ կուտակման նորմաները հաստատելու մասին” որոշումը կընդունվի մայիսի 2-ին` ՀՀ կառավարության նիստի ընթացքում:
Ըստ որոշման նախագծի` նյութական աժեքների անվանացանկում 49 անուն ապրանքատեսակ կա, այդ թվում հագուստ, մթերք, սպասք, կենցաղային իրեր, ջուր, շնչադիմակներ, վառելանյութ:
Նշենք, որ էներգետիկայի ոլորտի փորձագետ Էմիլ Սահակյանի կարծիքով` Մեծամորի ատոմակայանի տարածքում բնակչության խտությունը չափազանց բարձր է: “Ատոմակայանի տարածքում, ըստ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության տվյալների, բնակչությունը չափազանց բարձր է` մոտավորապես 290-300 հոգի քառակուսի կիլոմետրի վրա: Չափազանց բարձր խտություն է: Այս տեսակի խտության պայմաններում ատոմակայան կառուցելը վտանգավոր է: Մտահոգված կառավարությունը կամ պետությունը չէր թույլ տա այդ տեսակի պայմաններում ատոմակայանի շահագործումը”,- ասում է Էմիլ Սահակյանը:
Ապրիլ 30, 2013 at 14:39