ՀՀ կառավարությունը կրկին փորձում է ռադիոակտիվ հումք հայտնաբերել Հայաստանի տարածքում

ՀՀ կառավարությունը կրկին փորձում է ռադիոակտիվ հումք հայտնաբերել Հայաստանի տարածքում

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը կրկին փորձում է ռադիոակտիվ հումք հայտնաբերել Հայաստանի տարածքում: Սեպտեմբերի 28-ին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը գործադիրի հաստատմանը ներկայացրեց ռադիոակտիվ հումքի որոնմանը վերաբերող միանգամից երեք որոշման նախագիծ: Նախագծերը սահմանում են ռադիոակտիվ հումքի երկրաբանական ուսումնասիրության նպատակով ընդերքօգտագործման իրավունքի տրամադրման մրցութային հանձնաժողովի գործունեությունը, մրցույթին մասնակցողների համար նախատեսվող չափորոշիչները և մրցույթում հաղթող ճանաչված անձի և լիազոր մարմնի միջև կնքվող նախնական պայմանագրի օրինակելի ձևը:

Հիշեցնենք, որ Հայաստանում ռադիոակտիվ հումքի որոնմամբ զբաղվել են դեռ խորհրդային տարիներին Կոլցովյան և Գրոմովյան արշավախմբերը, բայց արդյունահանում չի իրականացվել: Արշավախմբերի կողմից անցկացված հետազոտությունների արդյունքներն ամփոփված են Գ. Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը եւ նրա յուրացման հեռանկարները» հոդվածում (հրապարակվել է «Горный журнал» ռուսական գիտական պարբերականի 2007թ. 6-րդ համարում): Ըստ հոդվածի` Հայաստանում ուրանի պաշարները կազմում են 100 հազար տոննայից ոչ պակաս: Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի հարևանությամբ գտնվող Փխրուտի հանքավայրում ուրանի պաշարները գնահատվել են 20 հազար տոննա, Անտառային հանքավայրում ուրանի կանխատեսվող պաշարները գնահատվել են 30-40 հազար տոննա, Վեդու երևակումները` 10-15 հազար տոննա, Անդիի հանքավայրինը` 5-10 հազար տոննա, իսկ Վայքի երևակումները 20-30 հազար տոննա:

Հոդվածում նշված են ոչ միայն ուրանի կանխատեսվող պաշարները, այլ նաեւ քարտեզագրական տվյալները, որոնք կարող են օգնել Հայաստանում ուրանի որոնողական աշխատանքներին:
2007թ-ին ՀՀ կառավարությունը ապրիլի 22-ին ընդունեց թիվ 228 որոշումը «Ռադիոակտիվ հումքի ուսումնասիրման, հետազոտման, արդյունահանման եւ վտանգավոր ռադիոակտիվ քիմիական թափոնների թաղման նպատակով աշխատանքների իրականացման հատուկ թույլտվությունների տրամադրման կարգի հաստատման մասին»: Իսկ 2008թ. մարտի 6-ին կառավարությունն ընդունեց թիվ 234 որոշումը «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպության» ստեղծման վերաբերյալ, որը զբաղվեց Հայաստանում ուրանի որոնմամբ: Ընկերությունն ուրանի որոնմամբ էր զբաղվում Սյունիքի մարզի Լեռնաձոր համայնքի տարածքում, ինչն առաջացրեց հանրության բողոքի մեծ ալիք: 2010թ-ին Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը հայտարարեց, որ Հայաստանում ուրանի արդյունագործական պաշարներ չկան: 2015թ-ին «Հայ-ռուսական լեռնահանքային կազմակերպություն» ՓԲԸ-ն լուծարվեց:

 

18:45 Հոկտեմբեր 03, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news