Մեծամորի և Արմավիրի բնակիչները քիչ են տեղեկացված ՀԱԷԿ-ի անվտանգությանն ուղղված միջոցառումների մասին

Մեծամորի և Արմավիրի բնակիչները քիչ են տեղեկացված ՀԱԷԿ-ի անվտանգությանն ուղղված միջոցառումների մասին

ԷկոԼուր

Որքանո՞վ են Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտում` 10 կմ շառավղով հեռավորության տարածքում գտնվող բնակավայրերի բնակիչներն իրենց անվտանգ զգում, և ապահովվա՞ծ է արդյոք նրանց անվտանգությունը: ԷկոԼուրը սկսում է նյութերի շարք, որոնք հիմնված են ազդակիր բնակավայրերի բնակիչների, տեղի ակտիվ քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների` անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության մասին հարցերին տրված պատասխանների վրա: Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտում` 10 կմ շառավողով հեռավորության տարածքում, գտնվում է 25 բնակավայր:

Մեծամոր համայնք

ՀԱԷԿ-ից 6 կմ հեռավորության վրա գտնվող Մեծամոր քաղաքում վթարային իրավիճակների համար նախատեսված բնակչության տարհանման պլան տեսանելի վայրերում չկա: Միջուկային անվտանգության վերաբերյալ ուղղորդող պաստառներ, ցուցանակներ ևս առկա չեն: Մեծամորում անցկացված հարցումներից պարզվեց, որ բնակիչները բավարար իրազեկված չեն ՀԱԷԿ-ի անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումների  մասին: Հարցվածները նշեցին, որ Մեծամորում պարբերաբար իրականացվում են անվտանգության ուսումնավարժական պարապմունքներ, սակայն միջուկային վտանգի իրազեկվածության իրենց մակարդակը գնահատում են բավարարից վատ: ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության վերաբերյալ իրավական ակտերի քննարկումներ համայնքում չեն անցկացվել:

Մեծամորում կա 3 ապաստարան, որոնք գտնվում են ոչ բարվոք վիճակում:

Մեծամորում բնակչության միջուկային անվտանգության պատասխանատուն համայնքի ղեկավարն է:

Մեծամորի փոխքաղաքապետ Սամվել Գալստյան

- ՀԱԷԿ-ի ազդեցության հետ կապված մոնիտորինգ մեզ մոտ չի իրականացվել, և մենք տեղեկատվություն չունենք: Իմ կարծիքով՝ պետք է մոնիտորինգ իրականացվի, և բնակիչները պետք է տեղեկացված լինեն արդյունքների մասին: Ես երկու ձեռքով կողմ եմ, որ Մեծամորը ճանաչվի ազդակիր համայնք:

Մեծամորի բնակիչ.

- Մինչև 2014 թ-ը ՀԱԷԿ-ը հողի հարկը և գույքահարկը Մեծամորին է տվել: Հետո ստուգումներ եղան Վերահսկիչ պալատի կողմից, որոշեցին, որ մեր վարչական տարածքում չէ, տվեցին Մայիսյան համայնքին: Ներկայում ՀԱԷԿ-ը Մայիսյանի վարչական սահմանում է գտնվում: Մեզ մոտ ոչ մի քննարկում չի անցկացվում:

«Հույսի Մեծամոր» ՀԿ-ի նախագահ Մարգարիտա Սեդրակյան.

- ՀԱԷԿ-ի մասին ազդակիր համայնքների բնակիչների կարծիքները տարբեր են: Կան մարդիկ, որ դրական կարծիք ունեն, կան մարդիկ, որ որևէ տեղեկատվություն չունեն: ՀԱԷԿ-ի անվտանգության հետ կապված որևէ միջոցառման մասին ես` անձամբ, ոչ լսել եմ, ոչ մասնակցել: Ես կցանկանայի իմանալ՝ կան արդյոք ազդակիր համայնքներում ապաստարաններ արտակարգ իրավիճակների դեպքում, ինչ վիճակում են այդ ապաստարանները: Իմ կարծիքով՝ բնակիչները պետք է իրազեկված լինեն այն վայրի մասին, որտեղ ապրում են, պետք է նրանց հետ քննարկվեն բոլոր ռիսկերը:

Հետաքրքիր է իմանալ, որ հիվանդություններն են կապված ատոմակայանի հետ: Միջազգային պրակտիկայում արյան որոշ հիվանդություններ կապում են ռադիացիայի հետ: Մեզ մոտ ռադիացիայի հետ կապված առողջապահական հետազոտություններ չեն արվել:

Արմավիր

Արմավիր համայնքում կա 2 ապաստարան մանկապարտեզում և հիվանդանոցում: Որպես ապաստարաններ են ծառայում նկուղները, որոնք չունեն պաշտպանության անհրաժեշտ պայմաններ, համապատասխան կառուցվածք և այլն: Հարցվածների մեծ մասի համաձայն՝ բնակչության տարհանման պլան և միջուկային անվտանգության վերաբերյալ ուղղորդող պաստառներ համայնքում չկան: Որոշ բնակիչներ ընդհանրապես տեղյակ չեն: Միայն մեկ բնակիչ նշեց, որ բնակչության տարհանման պլան առկա է դպրոցներում: Անվտանգության ուսումնավարժական պարապմունքներ, ըստ արմավիրցիների, իրականացվում են դպրոցներում: Դպրոցի հետ առնչություն չունեցող բնակիչները տեղյակ չէին ուսումնավարժական պարապմունքների անցկացման մասին:  Դրա հետ մեկտեղ հարցվածներն իրենց իրազեկվածության մակարդակը գնահատեցին բավարար: ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության վերաբերյալ իրավական ակտերի քննարկումներին հարցվածներից ոչ մեկ չի մասնակցել:

«Արմավիրի մամուլի ակումբ» ՀԿ-ի նախագահ Անժելա Ստեփանյան.

- Արմավիրի մարզում գյուղացիական տնտեսությունների 70 տոկոսից ավելին սոցիալական վատ վիճակում է գտնվում: Մեծամոր քաղաքը ստեղծվել է ատոմակայանի հենքի վրա: Նախկինում և Մեծամորի, և հարակից համայնքների բնակիչների համար սահմանված էին որոշակի արտոնություններ. 100 տոկոսով ատոմակայանը զիջում էր էլեկտրաէներգիայի վարձավճարները: Հետո դրանք վերանայվեցին, իջեցվեցին մինչև 70, 50 տոկոս, իսկ անկախությունից հետո վերացան բոլոր արտոնությունները:

ՀԱԷԿ-ի մոտակայքում գտնվող համայնքներում սոցիալական վատ վիճակին գումարվում են անվտանգության հետ կապված խնդիրները: Պաշտոնական տվյալները միշտ հերքում են այն ռիսկերը կամ խախտումները, որոնց մասին բարձրաձայնում են անկախ փորձագետները: ՀԱԷԿ-ի շրջանում անվտանգությանն ուղղված միջոցառումներ ես չեմ տեսել: Տեսել եմ միայն Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից կազմակերպվող շոուները:

Կա մեկ այլ խնդիր ևս. այսօր ամբողջ արտեզյան ավազանի ջրային պաշարները վտանգված են, ատոմակայանի ջրով ապահովման համար նոր հորեր են հորատում, մինչդեռ Սև ջուր գետը ցամաքում է:

«Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյան.

- Երբ քննարկվում էր ՀԱԷԿ-ի բլոկի վերակառուցումը, մեր կազմակերպությունն առաջարկություն ներկայացրեց էներգետիկայի նախարարությանը, որպեսզի համայնքներում ներդրումներ իրականացվեն՝ բնապահպանության, զարգացման ծրագրերի համար: Սակայն մեզ պատասխանում են, որ  ՀԱԷԿ-ը շահույթ չունի, վնասով է աշխատում: Իմ կարծիքով՝ մեծ գործող ձեռնարկությունները որոշակի ներդրում պետք է ունենան համայնքի զարգացման հարցում:

Հայաստանում կորպորատիվ սոցիալական պատասխանատվությունը զարգացնելու նպատակով «Կայուն զարգացման նախաձեռնություն» ՀԿ-ն ծրագիր է իրականացրել, որտեղ մենք որպես շահագրգիռ կողմ էինք ներկայացված: Որպես թիրախ համայնք վերցրել էինք Մեծամորը և այլ համայնքներ: Այդ ծրագրի շրջանակներում Հայկական ԱԷԿ-ը «Հույսի Մեծամոր» ՀԿ-ին որոշակի գույք տվեց, տրանսպորտ և այլն: Ամեն տարի Ամանորին կազմակերպության երեխաներին փաթեթներ է նվիրում:

Արմավիրում և Մեծամորում հարցում է անցկացվել նաև բնակիչների սոցիալական վիճակի վերաբերյալ, արդյունքում պարզվել է.

  • Մեծամոր համայնքում բնակչության զգալի մասն աշխատում է ՀԱԷԿ-ում:  Համայնքն ունի պոլիկլինիկա և հիվանդանոց: Կա խնդիր խմելու ջրի հետ կապված. ջուր չկա: Ոռոգման ջուր էլ բավարար քանակությամբ չունեն, համայնքի 600 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող անջրդի է: Համայնքում կա կոյուղաջրերի հեռացման կենտրոնացված համակարգ, բայց չկան մաքրման կայաններ: Բնակիչների խոսքով՝ հաճախ տարածվում է գարշահոտություն: Ջեռուցման նպատակով Մեծամորում օգտագործում են էլեկտրաէներգիա, գազ և փայտ: Եթե բնակիչները ձմռանը ջեռուցումն իրականացնում են գազով և հոսանքով, ապա ամսական 60.000-80.000 դրամի գումար են վճարում, իսկ փայտի ձեռքբերման համար՝  100.000-250.000 դրամ:
  • Արմավիր համայնքում բնակիչների հիմնական զբաղմունքը այգեգործությունն է, բանջարանոցային կուլտուրաների մշակումը, անասնապահությունը: Կան ընտանիքներ, որոնք ապրում են արտագնա աշխատանքների հաշվին: Ոռոգման և խմելու ջուր կա, սակայն խմելու ջուրը վատ որակի է: Հարցվածների մեծ մասը նշեց, որ կոյուղաջրերի հեռացման կենտրոնացված համակարգ, մաքրման կայաններ չկան: Ջեռուցման նպատակով Արմավիրում օգտագործում են էլեկտրաէներգիա, գազ, փայտ և բիովառելիք: Ծախսերը տարբեր են. հոսանքի համար ձմռանն ամսական մինչև 30.000 դրամ, գազի՝ 50.000-80.000 դրամ: Ատոմակայանին հարակից Արմավիրում կան ընտանիքներ, որոնք ձմռանը փայտով են ջեռուցվում:

Երկու համայնքների բնակիչներն էլ նշեցին, որ, որպես ազդակիր համայնքներ, կցանկանային ՀԱԷԿ-ից ստանալ արտոնություններ էլեկտրաէներգիայի վճարի մասով:

16:27 Նոյեմբեր 30, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news