Ատոմակայանի ազդակիր Մայիսյան համայնքի հոգսերը

Ատոմակայանի ազդակիր Մայիսյան համայնքի հոգսերը

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդակիր բնակավայրերի բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների` արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության մասին նյութերի շարքը:

Ներկայացնում ենք սույն թվականի նոյեմբերի 29-ին ՀԱԷԿ-ի ազդեցության գոտու Մայիսյան համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Ըստ Մայիսյանի համայնքապետ Եսայի Մովսիսյանի` ժամանակին պետությունը Մեծամոր քաղաքի հարևանությամբ գտնվող Այգեգործական ընկերության 800 հեկտար հողերն անհատույց օգտագործման իրավունքով հատկացրել է Մեծամոր համայնքի այն բնակիչներին, ովքեր աշխատում էին ՀԱԷԿ-ում:

«2008թ-ին ՀԱԷԿ-ը և Այգեգործական ընկերությունը 800 հեկտարով մտան Մայիսյան համայնքի տարածքի մեջ: Այն ժամանակ ես կողմ եմ արտահայտվել, բայց հիմա կարծում եմ, որ այդ հողերը Մայիսյանի տարածքի մեջ չպետք է լինեն: ՀԱԷԿ-ը համայնքին տարեկան վճարում է մոտ 5.5 միլիոն դրամ հողի հարկ և գույքահարկ: Համայնքի համար, տնտեսության համար դա փող չէ: Եթե ես այդ գումարը չստանայի, պետությունն ինձ ավելի շատ դոտացիա կտար: Ես հիմա մյուս գյուղերի համեմատ ավելի քիչ դոտացիա եմ ստանում, որովհետև հաշվի են առել, որ ատոմակայանն ինձ հողի հարկ և գույքահարկ է վճարում»,- ասաց Մայիսյանի համայնքապետը:

Մայիսյանը չունի ապաստարաններ

Մայիսյան համայնքը, որի վարչական տարածքում է գտնվում ատոմակայանը, չունի արտակարգ իրավիճակներում պատսպարվելու համապատասխան կահավորմամբ ապաստարաններ: Բնակիչները կարծում են, որ արտակարգ իրավիճակների դեպքում պետք է թաքնվեն նկուղներում: «Բնակիչները իրազեկված են, որ վթարային իրավիճակներում ժամանակավորապես պետք է պատսպարվեն իրենց սեփական նկուղներում»,- ասաց համայնքապետը:

ԷկոԼուրի ֆոտոխցիկը ֆիքսեց պատսպարման համար նախատեսված նկուղներից մեկը: Այն որևէ պաշտպանական և ֆունկցիոնալ նշանակություն չուներ և չէր կարող ծառայել իր նպատակին:

Համայնքում առկա է բժշկական ամբուլատորիա, որտեղ, ըստ համայնքի ղեկավարի, առկա է միայն յոդի պատրաստուկ: «Ոչինչ չունենք, ոչ հակագազեր, ոչ այլ պաշտպանիչ միջոցներ, միայն յոդ են տալիս», - ասաց համայնքապետը:

Բնակչության համար միջուկային անվտանգության վերաբերյալ ուղղորդող պաստառներ չկան, տեսանելի վայրերում բացակայում են տարհանման պլանները: Բնակիչների համար չեն կազմակերպվում ուսումնավարժական պարապմունքներ կամ միջոցառումներ: Ուսումնավարժական պարապմունքներ անցկացվում են միայն դպրոցում, եզակի դեպքերում` նաև համայնքապետարանին կից գործողարձագանքող վթարային խմբերի անձնակազմի համար:

Միջուկային վտանգի իրազեկվածության մասին իր սեփական գիտելիքները համայնքապետը գնահատեց «միջին», սակայն համայնքի ավագ սերնդի ներկայացուցիչները բավարար չեն համարում ազգաբնակչության գիտելիքները, ինչի հաստատումը տվեց բնակիչներից մեկն իր խոսքում. «Բնակիչները պետք է տարրական գիտելիքներ ունենան, որպեսզի կարողանան պաշտպանվել վտագի դեպքում: Մեծ սերունդը գոնե ինչ-որ չափով ունի այդ գիտելիքները, երիտասարդներն ընդհանրապես տեղյակ չեն»:

ԷկոԼուրի հարցումներից պարզ դարձավ, որ բնակչության հիմնական մասն իրազեկված չէ միջուկային և ռադիացիոն վտանգի, դրա հետևանքների և իր կողմից իրականացվելիք պաշտպանական գործողությունների մասին: ԷկոԼուրի հարցին, թե ինչ կանեն, եթե ՀԱԷԿ-ից ստացվի ռադիացիոն վտանգի ազդարարում, գրեթե բոլորը պատասխանեցին. «Անմիջապես տներից դուրս կվազենք»:

Մայիսյանի համայնքապետն ասաց, որ համայնքում չեն իրականացվում բնակիչների առողջությանն ուղղված, գյուղատնտեսական մթերքների որակի, հողի, օդի, ջրի աղտոտվածության հետազոտություններ:

Նշենք, որ ԷկոLուրի հարցմանն ի պատասխան ՀԱԷԿ-ից հայտնել են. «Ճառագայթային գոտու մոնիթորինգն ընդգրկում է ՀԱԷԿ-ից 12 կմ շառավիղով տարածք: ՀԱԷԿ-ում ստեղծվել և անընդհատ համալրվում, վերլուծվում է շրջակա միջավայրի ռադիացիոն պարամետրերի տվյալների բազա: Նման տվյալների բազան ընդգրկում է ՀԱԷԿ-ի շահագործմանսկզբից առ այսօր ժամանակահատվածը: Անհրաժեշտ ենք համարում նշել, որ ռադիացիոն իրավիճակը ՀԱԷԿ-ի տեղակայման շրջանում փոփոխվել է միայն մեկ անգամ 1986 թ-ին, որի պատճառըՉեռնոբիլի ԱԷԿ-ի վթարի հետևանքներն էին: Բացի վերոհիշյալ տվյալների բազայից, ՀԱԷԿ-ում կան ՀԱԷԿ-ի աշխարհագրական դիրքի, ՀԱԷԿ-ի տեղակայման երկրաբանական բնութագրի, ՀԱԷԿ-իտեղաբաշխման հատվածում մշտապես համալրվող օդերևութաբանական տվյալների բազաներ:

Բնապահպանական մոնիթորինգն իրականացվում է ՇՄՊԼ-ի խմբի կողմից: Բաժնում ճարտարագետների խմբի աջակցության շնորհիվ ՀԱԷԿ-ի տեղակայման շրջանում կատարվում է տարբերխնդիրների վերահսկումը բնապահպանական նորմերին և պահանջներին համապատասխան: Այս խմբի քիմիական լաբորատորիան իրականացնում է արտահոսքերի, գրունտային և մակերևութայինջրերի որակի մոնիթորինգ: Էկոլոգիական մոնիթորինգի ծավալը կանոնակարգվում է «ՀԱԷԿ-ի Բնապահպանական վերահսկողության կանոնակարգով»: ՀԱԷԿ-ը մոնիթորինգի արդյունքներովսահմանված կարգով տարեկան հաշվետվություն է ներկայացնում Բնապահպանության նախարարություն: Բացի այդ, ամեն տարի մշակվում է «ՓԲԸ ՀԱԷԿ-ի Բնապահպանական անձնագիրը», որում արտացոլված է տարեկան արտադրական գործունեությունը»: Ստացվում է, որ ՀԱԷԿ-ի համագործակցությունը ազդակիր համայնքների հետ չի գտնվում պատշաճ մակարդակի վրա:

Անդրադառնալով միջուկային անվտանգության ապահովմանը միտված իրավական ակտերի քննարկումներին Մայիսյան համայնքի մասնակցությանը` համայնքապետը հայտնեց, որ քննարկումներին համայնքապետարանը պասիվ մասնակցություն է ունենում:

Ինչպես է ապրում և ջեռուցվում Մայիսյանը

Մայիսյանն ունի 2030 բնակիչ, որից ընդամենը 15-ն են աշխատում ՀԱԷԿ-ում: Բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ և անասնապահությամբ: Ջեռուցման նպատակով օգտագործում են գազ, փայտ և աթար, երբեմն՝ էլեկտրաէներգիա: Ըստ հարցումների՝ գազի, էլեկտրաէներգիայի համար ձմռանը վճարում են 25.000-30.000 դրամ, փայտ էլ սեզոնին օգտագործում են 5-7 խմ ծավալով:

«75 միլիոն ես իմ բյուջեից դրել, ամբողջ գյուղը գաֆազիկացրել եմ, մեծ մասը գազ են օգտագործում: Կան մարդիկ, որ փայտ, աթար են վառում: Դիմել ենք ՀԱԷԿ-ին, որ գոնե շատ աղքատ ընտանիքների համար էլեկտրաէներգիայի վարձը նվազեցնեն. ոչ մի արձագանք», - ասաց համայքնապետը:

Ջրի և կոյուղաջրերի խնդիրը

Մայիսյան համայնքն ունի և խմելու, և ոռոգման ջրի խնդիր: «Առաջ Սևջուր գետն ենք օգտագործել, հիմա չկա ջուր, հազիվ Ակնալճին է բավարարում, մեզ չի հասնում ջուրը: 12 խորքային հոր ունենք, դրանով կարողանում ենք ոռոգել մեր հողատարածքների 80 տոկոսը: Ունեմ մոտ 40 հեկտար տարածք, որտեղ ջուր չի հասնում: Կառավարության որոշմամբ՝ մի նոր հոր կարող ենք հորատել, մեկն էլ՝ վերանորոգել: Եթե այդ աշխատանքներն իրականացվեն, մեր ջրի խնդիրը կլուծվի», - նշեց Եսայի Մովսիսյանը:

Կոյուղաջրերի հեռացման կենտրոնացված համակարգ, մաքրման կայան Մայիսյան համայնքը չունի:

12:33 Դեկտեմբեր 11, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news