Հայկական ատոմակայանը և ազդակիր Մրգաշատ համայնքի խնդիրները

Հայկական ատոմակայանը  և ազդակիր  Մրգաշատ համայնքի խնդիրները

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդակիր բնակավայրերի բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների` արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության մասին նյութերի շարքը:

Ներկայացնում ենք ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում գտնվող Արմավիրի մարզի Մրգաշատ համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները:

Մրգաշատը գտնվում է ՀԱԷԿ-ից 6 կմ հեռավորության վրա:

Ըստ համայնքապետ Գևորգ Դանիելյանի՝ ՀԱԷԿ-ի ազդեցության վերաբերյալ համայնքում ուսումնասիրություններ չեն անցկացվել, անվտանգության ռիսկերի մասին տեղեկատվություն չունեն: «Մի ամիս առաջ Երևանից եկան մի երկու հոգի, ասացին՝ ուզում ենք սարքավորում դնել, նայենք` ատոմակայանի ճառագայթումն ինչքան է, բարձրանում է, թե՝ ոչ: Հարցրեցին՝ տեղ կտա՞ք, ասացի՝ որտեղ հարմար է ձեզ, այդտեղ էլ դրեք: Գնացին, էլ չեն եկել», - ասաց Գևորգ Դանիելյանը:

Հարցին, թե ճառագայթման վտանգի դեպքում որտեղ են պատսպարվելու, համայնքապետն ասաց. «Ունենք նկուղներ հիվանդանոցի շենքի տակ, մանկապարտեզի շենքի տակ, մշակույթի տան շենքի տակ, բայց դրանք ոչ մի բանով հագեցված չեն, միայն մշակույթի տան նկուղում սեղան, աթոռներ կան դրված: Հակագազ էլ չունենք, դեղամիջոց, սնունդ, ոչ մի բան»:

Մրգաշատում, ըստ ԷկոԼուրի հարցումների, անվտանգության ուսումնավարժական պարապմունքներ անցկացվում են: Վերջին անգամ անցկացվել է «Շանթ-2018» համապետական զորավարժության շրջանակներում: Հարցված մրգաշատցիները նշեցին, որ թեկուզ արտադասաժամյա դասերի տեսքով ցանկալի է, որ աշակետներին տան ատոմակայանի և նրա անվտանգության, վթարային իրավիճակներում ինքնապաշտպանության վերաբերյալ ընդհանուր տեղեկատվություն, բնակիչների համար տարին 1-2 անգամ կազմակերպվի թեմատիկ դասընթացներ:

Այնուամենայնիվ, համայնքապետը, դպրոցի տնօրենը և առանձին բնակիչներ միջուկային վտանգի մասին սեփական իրազեկվածության մակարդակը գնահատեցին «միջին»:

Բնակչության միջուկային անվտանգության վերաբերյալ ուղղորդող պաստառներ համայնքում չկան: Միջուկային վտանգի դեպքում բնակչության տարհանման պլանը համայնքապետարանի շենքում, փողոցներում ցուցափեղկերում առկա չէ: Հարցին, թե ինչու տեսանելի վայրերում այդ պաստառները չկան, համայքնապետը պատասխանեց. «Սեյֆում է, կպցնեմ պատին, գյուղի կեսը կթողնի, կգնա»:

Նա նշեց, որ ՀԱԷԿ-ի վերաբերյալ իրավական ակտերը համայնքապետարանի հետ չեն քննարկվում, մինչդեռ ցանկալի է, որ դրանք քննարկվեին:

Աշակերտների և դպրոցի անձնակազմի տարհանման պլանները փակցված էին Մրգաշատի թիվ 1 միջնակարգ դպրոցի միջանցքների պատերին:

Դպրոցի տնօրենը ցույց տվեց դպրոցի սպորտ դահլիճը՝ նշելով, որ արտակարգ իրավիճակների դեպքում ամբողջ դպրոցն այդտեղ պետք է պատսպարվի: Դահլիճը սակայն ապաստարանի ֆունկցիոնալ նշանակություն չուներ, ավելին, խոնավ էր և չվերանորոգված:

Մրգաշատն ունի 6600 բնակիչ, որից մոտ 25-ն աշխատում են ՀԱԷԿ-ում: Ըստ համայնքապետի՝ բնակչության աճի դինամիկա կա. 40 ծնունդից հասել է 85-90:

Բնակիչները հիմնականում զբաղվում են այգեգործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, անասնապահությամբ: Սակայն գյուղատնտեսական ամբողջ կարիքների համար ոռոգման ջուրը չի բավարարում:

«Ոռոգման համար 23 հատ խորքային հոր ունենք, խմելու համար՝ 1 հատ: Ջրի հորիզոնները 3 մետրից ավելի իջել են: 120 հեկտար անջրդի հող ունեմ: Մայր առուն՝ Արաքսի ջուրը, գալիս է, 30 գյուղով անցնում, վերջինը մենք ենք, մեզ չի հասնում: 15 տարի է` խնդրում ենք, որ հորատենք նոր հոր, ջուր տանք ժողովրդին», - ասաց Գևորգ Դանիելյանը:

Նա շեշտեց, որ շատ գյուղատնտեսական կուլտուրաներ համայնքում դադարել են աճել: «Քանի ատոմակայան չկար, տարբեր կուլտուրաներ էր աճում, ատոմակայանն աշխատացրեցին, շատ կուլտուրաներ չեն աճում, ձմերուկը պատվում է խոցերով»:

Ատոմակայանի կողքին տաքանալը թանկ է

Համայնքապետի խոսքով՝ ՀԱԷԿ-ին ազդակիր և գազաֆիկացված Մրգաշատի բնակչության 70 տոկոսը ձմռանը տաքանում է փայտով, որն այս տարի թանկացել է, և 1 խմ-ն արժե 32.000 դրամ: Գազից կարողանում է օգտվել բնակչության միայն 25 տոկոսը: Անցկացված հարցումները ցույց տվեցին, որ ընտանիքները ձմռանն ամսական էլեկտրաէներգիայի համար վճարում են 10.000-25.000 դրամ, օգտագործում 5-10 խմ փայտ:

17:43 Դեկտեմբեր 14, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news