Նախատեսվում է Հայաստանում կառուցել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի նոր պահեստարաններ

Նախատեսվում է Հայաստանում կառուցել ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի նոր պահեստարաններ

ԷկոԼուր

Հայաստանը, ունենալով փոքր տարածք, ստիպված է ելք գտնել ռադիոակտիվ թափոնների (ՌԹ) և աշխատած միջուկային վառելիքի (ԱՄՎ) անվտանգ կառավարման և թաղման ապահովման համար: Նախկինում դրանք տեղափոխվում էին Ռուսաստան` դրանց համար նախատեսված հատուկ վայրեր: Հայաստանի շրջափակումից հետո դրանք թաղվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) տարածքում գտնվող պահեստարաններում:

Սույն թվականի հունվարի 10-ին գործադիրն ընդունեց «Հայաստանի Հանրապետությունում առաջացած ռադիոակտիվ թափոնների եվ աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2019-2026թթ. միջոցառումների ծրագիրն ու ծրագրի իրականացման համար մշակված գործողությունների պլան-ժամանակացույցը հաստատելու մասին» թիվ 3-Լ որոշումը:

2019թ-ից կմեկնարկեն ՌԹ-ների և ԱՄՎ-ի անվտանգ կառավարմանն ուղղված միջոցառումները:

Որոշմամբ նախատեսվում է՝

1. ՌԹ-ների հաշվառման ու վերահսկման ազգային համակարգի ստեղծում: ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի նախագծային ժամկետի երկարաձգման գործընթացի շրջանակներում ՀԱԷԿ-ը նախատեսում է իրականացնել առկա ու առաջացող ՌԹ-ների գույքագրում ու էլեկտրոնային համակարգի ստեղծում:

2. «Ռադիոակտիվ թափոնների վնասազերծում» ՓԲԸ-ի հիման վրա կհիմնադրվի ՌԹ-ների միասնական կառավարող կազմակերպություն՝ «Ազգային օպերատոր» ՓԲԸ-ն, որը կիրականացնի ՌԹ-ների փոխադրում, վերամշակում, պահեստարաններում պահում, թաղում, գերեզմանոցների հարթակի ընտրություն, նախագծում, կառուցում, պահեստարանների և գերեզմանոցների շահագործում և այլն:

3. Հայաստանում առաջացած բոլոր տեսակի ՌԹ-ների ու ԱՄՎ-ի ամբողջական կառավարումն ապահովելու համար կներդրվի «աղտոտողը վճարում է» միջազգային փորձը: Կբացվեն համապատասխան արտաբյուջետային հատուկ հաշիվներ:

4. ՌԹ-ների ու ԱՄՎ-ի անվտանգ կառավարման բնագավառում կպատրաստվեն ու կվերապատրաստվեն մասնագետներ:

5. Կարդիականացվի ՌԹ-ների ամբողջական կառավարման համակարգը: Արդիականացումը ներառելու է, մասնավորապես, ՀԱԷԿ-ի տարածքում գտնվող ցածր ակտիվությամբ ՌԹ-ների համար գործող պահեստարանի արդիականացում, շատ ցածր ակտիվությամբ ՌԹ-ների, ցածր ու միջին ակտիվությամբ ՌԹ-ների պահեստարանների կառուցում՝ հետագայում դրանք ընդլայնելու հնարավորությամբ, ԱՄՎ-ի՝ «չոր» եղանակով պահման համար նախատեսված պահեստարանի երրորդ հերթի (12 մոդուլներով) կառուցում ու շահագործման հանձնում, ԱՄՎ-ի նոր պահեստարանի կառուցում և այլն:

 

16:56 Հունվար 17, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news