«Հիվանդություններն ավելացել են, բուսականությունը՝ չորացել». ՀԱԷԿ-ին մերձակա Ակնալիճ համայնքում խնդիրները շատ են

«Հիվանդություններն ավելացել են, բուսականությունը՝ չորացել». ՀԱԷԿ-ին մերձակա Ակնալիճ համայնքում խնդիրները շատ են

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ ՀԱԷԿ-ի ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների վերաբերյալ:

ՀԱԷԿ-ին հարակից Ակնալիճը  չունի որևէ արտոնություն

Ակնալիճը գտնվում է ՀԱԷԿ-ից 5 կմ հեռավորության վրա, ունի 3500 բնակիչ: Ըստ համայնքապետ Գևորգ Միսակյանի՝ ՀԱԷԿ-ի հետ կապված համայնքի ամենամեծ մտհոգությունը ՀԱԷԿ-ին շատ մոտ լինելն է: «Ասել եմ ու հիմա էլ ասում եմ՝ պետք է անվտանգության կանաչ գոտի լինի: Ատոմակայանին հարակից տարածքներն ամբողջովին անապատացած են: Ժամանակին ատոմակայանի կողքին անտառտնտեսություն կար, 350 հեկտար անտառ ունեինք, հատուկ բրիգադա էր աշխատում, խնամում էին ծառերը: Անտառը ոռոգելու համար կար հատուկ պոմպակայան, որն աշխատացնում էր ատոմակայանը: 2000 թ-ից հետո ոռոգման խողովակները քանդեցին, տարան, անտառը չորացավ: Ժամանակին մեզ էլ ջուր էին տալիս ատոմակայանից, բայց հիմա չեն տալիս, որ ծառեր աճեցնենք, գոնե մի ինչ-որ ձև կանաչ ունենանք: Համայնքի 1700 հեկտար վարչական տարածքից մշակում ենք ընդամենը 380 հեկտարը», - ասաց Ակնալճի համայնքապետը:

Ըստ Գևորգ Միսակյանի` ՀԱԷԿ-ին մոտ գտնվող համայնքները պետք է ունենան արտոնություններ, որից այսօր զրկված են: «Մենք, որպես ամենամոտ համայնք, ուզում ենք անտեսված չլինել: Կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի մեզ նման համայնքներին, աջակցի` լուծելու ոռոգման ջրի, կոյուղաջրերի հեռացման և այլ խնդիրները: Իսկ ատոմակայանը պետք է մասնակից լինի այդ գործընթացներին», - շեշտեց համայնքապետը:

«Մենք վտանգավոր գոտում ենք ապրում, առաջին զոնայում, որ մի բան լինի, մենք չենք էլ կարողանա փախնել: Հաշվի առնելով դա՝ մեր հոսանքը պետք է ձրի լինի, գազը ձրի լինի: Բերել, մեր քթի տակ ատոմակայան են կառուցել, բայց մեզ ոչ մի արտոնություն չեն տալիս: Իհարկե, ատոմակայանն ազդում է մեզ վրա. հիվանդություններն ավելացել են, հատկապես քաղցկեղը, բուսականությունը չորացել է, ոչ էլ ջուր ունենք », - բողոքեցին Ակնալճի բնակիչները:

ՀԱԷԿ-ին շատ մոտ, բայց չպաշտպանված

Ակնալճի բնակիչները պաշտպանված չեն ՀԱԷԿ-ի պոտենցիալ ռիսկերից: Համայնքում չկան ապաստարաններ, հատուկ հակաճառագայթային թաքստոց, պաշտպանիչ տեխնիկական միջոցներ, առաջին բուժօգնության անհրաժեշտ պարագաներ ճառագայթային ահազանգերի դեպքերի համար: Գյուղմթերքի անալիզներ չեն անցկացվում:

Ռադիացիոն վտանգի դեպքում բնակիչները պետք է թաքնվեն դպրոցի, մշակույթի տան նկուղներում, որոնք տեխնիկապես կահավորված չեն, իրենցից ներկայացնում են փոքրիկ և խոնավ տարածքներ:

Բնակչության ճառագայթային անվտանգության վերաբերյալ ուղղորդող պաստառներ համայնքում չկան: Ճառագայթային վտանգի դեպքում տարհանման պլանը բնակիչներին հասանելի վայրերում առկա չէ: Հասանելի է դպրոցի տարհանման պլանը:

Անվտանգության ուսումնավարժական պարապմունքներ վերջին անգամ անցկացվել են 2017 թ-ին: ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովման վերաբերյալ իրավական ակտերը համայնքի ներկայացուցիչների հետ չեն քննարկվում: Նորություններին տեղեկանում են մամուլից: Միջուկային վտանգների իրազեկվածության մակարդակը Ակնալճում ցածր է: ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացմանն այստեղ դեմ են:

Ատոմակայանի կողքին տաքանում են գազով և փայտով

Ակնալճի 3500 բնակչից միայն 40-ն են աշխատում ատոմակայանում՝ հիմնականում բանվորի հաստիքով: Բնակիչների եկամուտները ձևավորվում են այգեգործությունից, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումից և անասնապահությունից:

Սոցիալական սուր շրջանը գալիս է ձմռանը: Ջեռուցումը բնակիչների համար մեծ ծախս է: Էլեկտրաէներգիայով գրեթե չեն ջեռուցում տները, հիմնականում տաքանում են գազով և փայտով: Գազի սակագինը ստացված եկամուտների համեմատ բարձր է, փայտն էլ տարեցտարի թանկանում է: Գազի համար ձռմանը ամսեկան վճարում են 20.000, 50.000 և անգամ 80.000 դրամ: Եթե ջեռուցումը փայտով է, սեզոնին անհրաժեշտ է 10-12 խմ: Բնակիչների խոսքով՝ այս տարի փայտը գնել են 1 խմ-ն 23.000 դրամով:

15:42 Փետրվար 01, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news