Հայկական ԱԷԿ. հարցեր առանց պատասխանների

Հայկական ԱԷԿ. հարցեր առանց պատասխանների

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանը, մեծ հիդրոկասկադների հետ մեկտեղ, (Որոտան) շարունակում է մնալ բազիսային Հայաստանի ողջ էներգոհամակարգի համար, պնդում են «Ատոմային ոլորտի զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկման կազմակերպիչներն ու մասնակից էներգետիկները:

Քննարկումը տեղի ունեցավ Երևանում` մարտի 20-ին, «Ռոսատոմ» պետկորպորացիայի (Ռուսաստանի Դաշնություն) և «Հայատոմ» ՓԲԸ (Հայաստան) գիտահետազոտական ինստիտուտի աջակցությամբ։

Քննարկման հիմնական թեմաներն են` «Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի ժամկետի երկարաձգման հնարավորությունը հաստատված 2026 թ-ից հետո», «ՀԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման, աշխատած միջուկային վառելիքի ուտիլիզացման և ռադիոակտիվ թափոնների թաղման հնարավորությունները»:

Որպես շահագործման ժամկետի երկարաձգման հիմնավորում բերվում է ՀԱԷԿ-ի արդիականացումը, որն անցկացվում է ռուսական 270 միլիոն դոլար վարկի և 30 միլիոն դոլար դրամաշնորհի հաշվին: Ինչպես հայտնեց ՀԱԷԿ-ի տնօրենի խորհրդական Գերա Սևիկյանը, արդիականացումը նպաստում է ՀԱԷԿ-ի` 390 Մվտ-ից մինչև 420 Մվտ և ավելի հզորության ավելացմանը, ինչպես նաև կայանի հուսալիության բարձրացմանը:

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարաձգումը անմիջականորեն կապված է ՀԱԷԿ-ի նոր բլոկի կառուցման հետ: «Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկը դուրս կբերվի շահագործումից նոր միջուկային բլոկի մեկնարկից հետո», - պնդում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Էներգետիկայի և էլեկտրոտեխնիկայի ինստիտուտի տնօրենի տեղակալ Արամ Գևորգյանը:

Մինչև 2020 թ-ը Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրության և սպառման ներկայացված կանխատեսումը հետևյալ տեսքն ունի.

- արտադրություն - 14 միլիարդ կՎտ/ժ;

- ներքին սպառում - 6.5 միլիարդ կՎտ/ժ;

- «Հյուսիս-հարավ» էլեկտրաէներգիայի սեզոնային փոխանակում;

- Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագիր (էլեկտրականություն-գազ) - 6.9 միլիարդ կՎտ/ժ;

- «Հյուսիս-հարավ» էլեկտրաէներգիայի տրանզիտ;

- «Հյուսիս-արևմուտք» էլեկտրաէներգիայի վաճառք:

Այս սխեմայում ՀԱԷԿ-ի մասնաբաժինը կազմում է 30-35%:

ՀԱԷԿ-ի նոր բլոկի ֆինանսավորման հետ կապված հարցերը դեռ որոշված չեն: Աշխատած միջուկային վառելիքի և ռադիոակտիվ թափոնների ուտիլիզացման հարցը շարունակում է խնդիր մնալ:

Ինչպես հայտնի է, աշխատած միջուկային վառելիքը և ռադիոակտիվ թափոնները ժամանակավոր պահվում են ՀԱԷԿ-ի տարածքում գտնվող օբյեկտներում: Այդ օբյեկտների տարողունակությունը սահմանափակ է:

Աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահման պահեստարանի երկրորդ հերթի երկրորդ շենքի հորիզոնական մոդուլներն ամբողջությամբ կլցվեն 2026 թ-ին: Հետևաբար, երրորդ հերթը պետք է կառուցել 2025 թ-ին և շահագործման հանձնել 2026 թ-ին: Իսկ հաշվի առնելով ակտիվ գոտուց տարեկան դուրս բերվող աշխատած վառելիքային կասետների պլանային հաշվարկային քանակությունը` աշխատած միջուկային վառելիքի երրորդ հերթն ամբողջությամբ կլցվի 2035 թ-ին:

Ռուսաստանը պատրաստ է իր տարածքում վերամշակել աշխատած միջուկային վառելիքը, սակայն բաց է մնում առաքման և տրանսպորտի հարցը: Նախկինում փոխադրումն իրականացվում էր երկաթուղու միջոցով` հատուկ նախատեսված և կահավորված վագոնով: Սակայն Հայաստանում երկաթուղիների շրջափակումից հետո աշխատած միջուկային վառելիքի փոխադրումը Ռուսաստան դադարեց:

Ըստ քննարկման մասնակիցների, այս հարցը կարող է լուծվել Վրաստանի հետ երկխոսությունների միջոցով` երկաթուղով փոխադրելով աշխատած միջուկային վառելիքը Հայաստանից մինչև վրացական Փոթի նավահանգիստ, այնուհետև ծովային ճանապարհով դեպի Ռուսաստան: Որպես այլընտրանք դիտարկվում են Իրանի հետ բանակցությունները, որն ունի գործող ատոմակայան Բուշերում: Ռուսաստանը պլանավորում է աշխատած միջուկային վառելիքի փոխադրում Բուշերից նոր միջգերատեսչական համաձայնությունների և կոմերցիոն պայմանագրերի շրջանակներում:

14:43 Մարտ 22, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news