ՀԱԷԿ-ին ազդակիր Եղեգնուտ համայնքը միջուկային անվտանգության տեսանկյունից ապահովված չէ

ՀԱԷԿ-ին ազդակիր Եղեգնուտ համայնքը միջուկային անվտանգության տեսանկյունից ապահովված չէ

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է Արմավիրի մարզի Եղեգնուտ համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված ՀԱԷԿ-ի ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

Ազդեցության գոտում և չպաշտպանված

2000-ից ավելի բնակիչ ունեցող Եղեգնուտ համայնքը գտնվում է ՀԱԷԿ-ից 8-9 կմ հեռավորության վրա: Ազդեցության գոտում գտնվող համայնքում չկան հակաճառագայթային թաքստոցներ: Չկան միջուկային վտանգների դեպքում ուղղորդող պաստառներ, միջուկային անվտանգության պլան: Համայնքի բուժկետը, դպրոցն ապահովված չեն ճառագայթային վտանգների դեպքում անհրաժեշտ պաշտպանիչ միջոցներով: Պատսպարվելու միակ վայրը նկուղներն են, որոնք տեխնիկապես կահավորված չեն և չեն կարող ապահովել բնակիչների անվտանգությունը ճառագայթային վտանգներից:

«Բնակիչները գիտեն, որ մի բան լինի, առաջինը պետք է մտնեն նկուղները: Այլ ապաստարաններ չունենք: Հակագազ, նման բաներ չկան», - ասաց Եղեգնուտի համայնքապետ Ռազմիկ Մկրտչյանը:

Ուսումնավարժական պարապմունքներ անցկացվում են դպրոցում: Վերջին անգամ անցկացվել են 2018 թ-ի սեպտեմբերին:  Մասնակցել են դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:

Ռազմիկ Մկրտչյանը, համայնքի բնակիչները նշեցին, որ ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովմանը միտված իրավական ակտերի քննարկումների մասին իրենց չեն իրազեկում, երբևէ չեն էլ մասնակցել: Իսկ միջուկային վտանգի իրազեկվածության մասին իրենց գիտելիքները հիմնականում գնահատեցին բավարար:

Եթե ոռոգման ջուր չկա, ապա կոյուղաջրերով

Ոռոգման սեզոնին համայնքը ջրի սակավության խնդիր ունի: Ըստ համայնքապետի՝ Սևջուր գետում ջուր չկա, Սևանից բաց թողնվող ջուրը համայնք չի հասնում: Հողերը ոռոգում են կամ Ախուրյանի ջրամբարից եկող ջրով կամ խորքային հորերով. 17 խորքային հոր ունեն: Սակայն ջուրը չի բավականացնում:  Նոր խորքային հորեր են պետք:

«Որ ջուր չի լինում, ՋՕԸ-ը Զարթոնքի կայանից նասոսով կոյուղաջրերն է մղում», - ասաց Ռազմիկ Մկրտչյանը:

Խոսքը Արմավիր և Մեծամոր քաղաքների կոյուղաջրերի մասին է, որոնք առանց մաքրվելու բաց են թողնվում շրջակա միջավայր, լցվում են հարակից համայնքների ջրատարները, հողատարածքները, առաջացնում գարշահոտություն, խոլերա: Արմավիրի մարզ ԷկոԼուրի այցերի ժամանակ խնդիրը բարձրացրել էին նաև Զարթոնք և Արտաշար համայնքները:

Ինչպես մարզի մյուս համայնքները, այդպես էլ Եղեգնուտը չունի կոյուղաջրերի հեռացման կենտրոնացված համակարգ և մաքրման կայան:

Եղեգնուտում խնդիր է նաև խմելու ջուրը: 2 խորքային հոր ունեն, ջուրը պոմպերով են մատակարարում: Սակայն ջրի ցանցը շատ հին է: Ներկայում ԳԱՏՕ ծրագրի շրջանակներում իրականացվում են ջրի ցանցի փոփոխման աշխատանքները:

Ջեռուցումը՝ գազով և փայտով

Հարցումներից պարզ դարձավ, որ բնակիչները ջեռուցման նպատակով հիմնականում օգտագործում են գազ և փայտ: Գազի ծախսը կազմում է 25.000-45.000 դրամ: Փայտ կարող են օգտագործել մինչև 15 խմ: Այս տարի 1 խմ-ը գնել են 25.000 դրամով: Հոսանքից օգտվում են կենցաղային նպատակներով, ամսական ծախսում են 10.000-20.000 դրամ:

16:04 Մարտ 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news