Ճառագայթային վտանգի դեպքում Տարոնիկ համայնքում առկա նկուղները բավարար չեն բնակչությանը պատսպարելու համար

Ճառագայթային վտանգի դեպքում Տարոնիկ համայնքում առկա նկուղները բավարար չեն բնակչությանը պատսպարելու համար

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված ՀԱԷԿ-ի ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

ՀԱԷԿ-ից 6 կմ հեռավորության վրա գտնվող Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի բնակիչները ճառագայթային վտանգի դեպքում հնարավորություն չունեն պատսպարվելու: ՀԱԷԿ-ի ազդակիր գոտում գտնվող համայնքում առկա չեն նման դեպքերի համար նախատեսված թաքստոցներ: Որպես ապաստարաններ կարող են ծառայել բնակիչների նկուղները, բայց դրանք ոչ բոլորն ունեն: Իսկ առկա նկուղների մակերեսը բավարար չէ համայնքի 2200-ից ավելի բնակչությանը պատսպարելու համար: Այս մասին ԷկոԼուրին հայտնեցին Տարոնիկի բնակիչները:



Բնակավայրում միջուկային անվտանգության վերաբերյալ ուղղորդող պաստառներ չկան, իսկ միջուկային վտանգի դեպքում բնակչության տարհանման պլանը հասանելի չէ բնակիչների համար: Այն առկա է համայնքապետարանում: ԷկոԼուրին համայնքապետարանից հայտնեցին, որ ԱԻՆ-ի կողմից տրվել է բնակչության տարհանման առաջնահերթության պլան՝ թե ուր պետք է տարհանել բնակչությանը և ինչ տրանսպորտային միջոցներով. «Տարհանման վայրը Էջմիածինն է: Տարհանող մեքենաներն ամրագրված են, գյուղի բեռնատարները՝ հաշվառված»,- նշեցին համայնքապետարանում:



Նկուղները որպես ապաստարան

Տարոնիկի համայնքի ղեկավարի աշխատակազմի առաջատար մասնագետ Մխիթար Ավագյանը նշեց, որ հատուկ ապաստարան որպես այդպիսին չունեն, բայց որոշ բնակիչների նկուղներ կարող են ծառայել այդ նպատակով. «Նկուղներ կան, որ շատ լավ վիճակում են: Ապաստարանի դեր կտանեն: Բնակիչներին հատ-հատ հարցրել ենք, թե ով նկուղ ունի, քանի մարդ կտեղավորվի այնտեղ: Այդպիսի հաշվարկ ենք կատարել»,- ասաց Մխիթար Ավագյանը:

Այդ հարցում-հաշվարկը Տարոնիկի համայնքապետարանը կատարել է Արտակարգ իրավիճակների նախարարության հանձնարարությամբ: Համայնքապետարանն այունհետև ԱԻՆ-ի մարզային ստորաբաժնմանն է ներկայացրել անհրաժեշտ փաստաթղթերը:



Տարոնիկցիները միջուկային վտանգի իրազեկվածության մասին իրենց գիտելիքները գնահատել են միջին մակարդակի: Համայնքապետարանից հայտնեցին, որ Տարոնիկի բնակչությունը ճառագայթային վտանգի դեպքում պաշտպանվելու միջոցառումների մասին տեղեկացված չէ: Անվտանգության միջոցառումների մասին տեղյակ են միայն ՀԱԷԿ-ում աշխատող քաղաքացիները, որոնք կազմում են Տարոնիկի բնակչության մոտ 3 տոկոսը: ՀԱԷԿ-ը Տարոնիկի տարածքում ունի թվով երկու պոմպակայան, որի միջոցով Սևջուր գետից հովացման ջուր է տեղափոխվում դեպի ատոմակայան: Բացի այդ ՀԱԷԿ-ը համայնքում ունի նաև 15 հա մակերեսով ջրամբար, որից նույնպես հովացման համար ջուր է վերցվում: Պոմպակայանի բոլոր աշխատակիցները Տարոնիկ համայնքից են: Համայնքի տարածքում՝ դրենաժային համակարգ են լցվում Ատոմակայանի տեխնիկական ջրերը:


Արտակարգ գոտում՝ առանց անհրաժեշտ դեղամիջոցի ու պարագաների

Տարոնիկ համայնքն ապահովված չէ ճառագայթային վտանգի դեպքում անհրաժեշտ առաջնային օգտագործման պարագաներով՝ չկան դիմակներ, հակագազեր: Համայնքում գործում է բուժկետ, բայց անհրաժեշտ դեղորայքային պարագաները բացակայում են: Համայնքապետարանն իր հերթին երբևէ չի դիմել պատկան մարմիններին բացակայող պարագաների տրամադրման պահանջով: Մինչդեռ այն ամեն տարի մարզպետարանին պետք է ներակայացնի համայնքին անհրաժեշտ պարագաների հայտը:
Այս համայնքում երբևէ ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովմանը միտված իրավական ակտերի քննարկումներ չեն կազմակերպվել: ԱԻՆ-ը անվտանգության ուսումնավարժական պարապմունքներ վերջին անգամ անց է կացրել 2017 թ.:

«Անվտանգության գործողություններին են ծանոթացրել, օրինակ՝ ազդակի դեպքում ինչ պետք է անի ժողովուրդը»,- նշեց համայնքապետարանի աշխատակիցը: Այս միջոցառումներին բնակիչների մասնակցության ապահովումն իրականացվել է բանավոր՝ հեռախոսով տեղեկացնելու միջոցով: ՀԱԷԿ-ն այս համայնքում երբևէ Ճառագայթային մշտադիտարկումներ չի իրականացրել, ստորերկրյա խմելու ջրերի ռադիացիոն մակարդակի ստուգում՝ նույնպես:

16:07 Մայիս 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news