«Անգամ ճառագայթային տագնապի ազդարարման սարք չունենք», - Հովտամեջի համայնքապետ

«Անգամ ճառագայթային տագնապի ազդարարման սարք չունենք», - Հովտամեջի համայնքապետ

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է Արմավիրի մարզի Հովտամեջ համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված ՀԱԷԿ-ի ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

1400-ից ավելի բնակիչ ունեցող Հովտամեջ համայնքը գտնվում է Հայկական ատոմային էլեկտրակայանի 5-10 կմ ազդեցության գոտում: «Մենք տեղեկացված չենք ատոմակայանի ռիսկերից, ռադիացիոն անվտանգության հետ կապված ինֆորմացիա չունենք, չգիտենք, եթե լինեն արտակարգ իրավիճակներ, ինչ հետևանքներ ենք ունենալու: Մեզ մոտ շտաբային աշխատանքներ են տարել, ասում էին, որ եթե վտանգավոր իրավիճակ լինի, 4-5 ժամ պետք է մնաք նկուղներում: Ասեցի՝ եթե հայտարարվեց տագնապ, ես ոչ մեկին չեմ կարողանա բռնել, տանել նկուղները: Դուք պետք է այդ մարդկանց տանեք: Մեր նկուղներն ապաստարաններ չեն. դուռ, լուսամուտ, սաղ բաց է, պաշտպանական ոչինչ չկա՝ ոչ հակագազ, ոչ յոդ, ոչ մի բան, ես մարդկանց ո՞նց տանեմ, ո՞նց պահեմ: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ռեալ ոչ ոք չգիտի, իրավիճակը, հետևանքները ոչ ոք չի պատկերացնում՝ սկսած ինձանից: Այո, մարդիկ չեն պատկերացնում՝ դա ինչ է, գիտենք, որ ոչ ջուր է, ոչ քամի, ոչ փոշի», - ասաց Հովտամեջի համայնքապետ Արմեն Սարգսյանը:

Բացի հնարավոր վթարներից, այստեղ բնակվողներին անհանգստացնում է նաև ատոմակայանի ներկայիս ազդեցությունը գյուղատնտեսության, մարդկանց առողջության վրա: «Մենք կուզենայինք իմանալ՝ ինչը ցանենք, ինչը պետք չէ, թող հողի, ջրի անալիզներ արվեն: Մենք ռիսկ չենք անում ինքներս տանենք, անալիզ անել տանք, մեզանից են փող ուզելու, թիվ են կրակելու», - նշեց համայնքապետը:

Հովտամեջում չկան միջուկային վտանգների դեպքում բնակչությանն ուղղորդող պաստառներ, տարհանման պլանը հասանելի վայրում փակցված չէ: Պաշտպանիչ միջոցների հարցը բարձրացրել են, բայց ոչինչ չեն ստացել: Համայնքապետն ասում է՝ դրանք ձեռք բերելու համար մեծ գումարներ են պետք, որը իրենց բյուջեով նախատեսված չէ: Հակաճառագայթային թաքստոցների կառուցում որևէ ծրագրով նախատեսված չէ: Անգամ տագնապի ազդարարման սարք չունեն: Արտակարգ իրավիճակների համար ուսումնավարժական պարապմունքներ վերջին անգամ անցկացվել են 2017 թ-ին: ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգության ապահովմանը միտված իրավական ակտերի քննարկումներին տեղացիները չեն մասնակցում:

Ոռոգման և խմելու ջուրը՝ հավելյալ խնդիր

Հովտամեջի բնակիչները հիմնականում զբաղվում են բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ, այգեգործությամբ: Ոռոգման ջուր ստանում են տարբեր աղբյուրներից՝ Քասախ գետից, Սևան-Հրազդան ջրանցքից, Ապարանի ջրամբարից: Նաև արտեզյան հոր ունեն հորատված, սակայն սեզոնին ջրի սակավության խնդիր միշտ լինում է:

Իսկ խմելու ջրի խնդիրը կապում են «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ. ջրագծերը շատ մաշված են, իսկ «Վեոլիա»-ն հրաժարվում է փոխել դրանք:

«Ասբեստի գիծ ունեմ՝ 800 մետր, «Վեոլիա»-ին ասում եմ՝ ես խողովակն առնեմ, դուք բերեք, փոխեք, չեն գալիս, ոչ մի բան չեն ուզում անեն: Մի փողոց է մնացել, որ փոխենք, մնացածը մենք փոխել ենք: Այդ մի փողոցում էլ տարին 12 ամիս վթար է լինում: «Վեոլիա»-ն ասում է՝ ֆինանս չունենք, չենք անելու: Բացի այդ, մեր համայնքի միջոցներով 2 կմ-ից ավելի երկարությամբ նոր թաղամասի համար ջրի խողովակաշար եմ քաշել: 15 տուն կա այդտեղ, գնացել, «Վեոլիա»-ից հոր եմ ուզում հաշվիչի համար, ասում է՝ մեկ հաշվիչը 100.000 դրամ արժի: Պատկերացնում եք, ամեն ինչը մենք անում ենք, մի արկղ պիտի տան, դրա համար հատը 100.000 փող են ուզում», - նշեց Արմեն Սարգսյանը:

Ձմռանն առանց փայտ հնարավոր չէ

Հովտամեջում կա 250 տուն, որից միայն 20-ը գազ չունի: Սակայն գազով ապահովված տներում էլ հիմնականում փայտ են օգտագործում: Տոկոսային հարաբերկցությունը, ըստ համայնքապետի կազմում է 30 տոկոսը գազով, 70 տոկոսը՝ փայտով: Սեզոնին մեկ ընտանիքը միջինը օգտագործում է 7-8 խմ փայտ, իսկ 1 խմ-ի արժեքն էլ աշնանը հասնում է 28.000 դրամի: Հոսանք հիմնականում օգտագործում են ջերմատների համար՝ ամսական 20-25 հազար դրամի սահմաններում:

18:07 Մայիս 29, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news