Քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման պայմանները

Քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման պայմանները

ԷկոԼուր

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի և ՌԴ ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կիրիլ Կոմարովի համանախագահությամբ հուլիսի 4 -ին Երևանում տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագրի համատեղ համակարգող հանձնաժողովի 9-րդ նիստը։ Այս մասին հայտնում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Նիստին մասնակցել են ՏԿԵ նախարարության, ՀՀ ԿԱ միջուկային անվտանգության կառավարման պետական կոմիտեի, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի, «Հայատոմ» ՓԲԸ-ի, Ռուսաստանի Դաշնության ատոմային էներգիայի «Ռոսատոմ» պետական կորպորացիայի, «Ռոսէներգոատոմ» կոնցերնի, ինչպես նաև «Ռուսատոմ Սերվիս» ընկերության ներկայացուցիչներ:

Նախարար Սուրեն Պապիկյանը նշել է, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման ծրագիրը ռազմավարական կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար և դրա հաջող իրականացումը բխում է երկու կողմի շահերից։

«Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Կիրիլ Կոմարովն ընդգծել է, որ ատոմակայանի հետագա շահագործմանն ու անվտանգության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը միջազգային հետաքրքրություն է ներկայացնում։

Նիստին ներկայացվել է երկարաձգման ծրագրով պլանավորված աշխատանքների իրականացման ընթացքը և նախատեսված աշխատանքների կատարման ժամանակացույցը, քննարկվել են Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման պայմանները՝ պլանային նախազգուշական վերանորոգման աշխատանքներից հետո, ինչպես նաև Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արդիականացման շրջանակում ՀՀ-ի և ՌԴ-ի միջև համագործակցության մասին միջկառավարական համաձայնագրի գործողության ժամկետի երկարաձգման հարցը:

Ներկայացվել է նաև «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գործունեությունը հումանիտար ոլորտում, անդրադարձ է եղել ատոմային էներգետիկայի բնագավառում կադրերի պատրաստման ուղղությամբ ՀՀ-ի և ՌԴ-ի երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցերի:

 

14:41 Հուլիս 05, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news