
ԷկոԼուր
Հայկական իշխանությունները մտադիր չեն փոխել իրենց քաղաքականությունը ատոմային էներգետիկայի զարգացման վերաբերյալ: Ինչպես կարծում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, առանց ատոմային էներգետիկայի Հայաստանը չի կարողանա ապահովել սեփական էներգետիկ անվտանգությունը: Ապրիլի 25-ի բրիֆինգի ընթացքում (Հանրային հեռուստաընկերության «Բրիֆինգ» հաղորդում) նախարարը պատասխանեց ՀԱԷԿ-ի եւ հանքարդյունաբերության ռիսկերի վերաբերյալ հասարակայնության հարցերին:
Երկրաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանը հայտարարեց, որ ճապոնական «Ֆուկուսիմա» ատոմակայանի վթարից հետո ՀԱԷԿ-ի անվտանգության հարցը չի կարող երկրորդական լինել:
Յադոյանի համաձայն` ՀԱԷԿ-ի հիմնական ռիսկերն են ՀԱԷԿ-ի շրջանում հիդրոերկրաբանական իրավիճակը, սառեցման համակարգը եւ ռադիոակտիվ թափոնները:
Նախարար Մովսիսյանը հայտարարեց, որ թափոնների հարցը լուծված է: «Մենք այսօր չենք կարող թափոններն այլ երկիր տեղափոխել, քանի որ արգելված է ինքնաթիռով տեղափոխել ռադիոակտիվ թափոնները: Նախկինում թափոնները հավաքվում էին առաջին ռեակտորում: Բայց 7 տարի առաջ առաջին ռեակտորում էլ տեղ չմնաց: Մենք որոշեցինք օգտագործել չոր եղանակով թափոնների պահպանման մեթոդիկան եւ, հաշվի առնելով միջազգային փորձը, պահեստարան կառուցեցինք ՀԱԷԿ-ի տարածքում»,- ասաց Մովսիսյանը: Նրա խոսքերով` ռադիոակտիվ թափոնները պահվում են հատուկ տարաներում, որոնք «շատ երկար կյանք ունեն»: Մովսիսյանի խոսքերով` թափոնների քանակը կազմում է տարեկան ընդամենը 30 տոննա, այսինքն այնքան, որքան վառելիք է օգտագործում ՀԱԷԿ-ը:
Ինչ վերաբերվում է ջրի շրջանառությանը, ապա Մովսիսյանի խոսքերով` ՀԱԷԿ-ի տարածքում կայանի մակերեսից 100 մետր հեռավորության վրա կան ջրահոսքեր, որոնք պաշտպանված են ազդեցությունից:
Ջրի սառեցման համակարգի խնդիրը լուծված է, եւ ջրի սառեցումը կատարվում է հարկադրական կերպով` ոչ միայն պոմպերի օգնությամբ, այլ նաեւ ավտոնոմ ռեժիմով:
«ԷկոԼուր»-ի հետ զրույցում Ռուբեն Յադոյանը մեկնաբանեց նաեւ նախարարի խոսքերը:
«Ստորգետնյա ջրերն անցնում են ՀԱԷԿ-ի տարածքի տակով եւ բեկվածքներով հոսում են Արարատյան դաշտավայր: Դա բարձր որակի խմելու ջուր է: Ձնհալի հետեւանքով նրանց մակարդակը բարձրանում է եւ հետո իջնում: Երբ որ մակարդակը բարձր է, մեծանում է նաեւ ռադիոակտիվ աղտոտման ռիսկը:
Սառեցման համակարգում ջուրն անցնում է խողովակաշարով ռեակտորի միջով եւ ապա լցվում ջրահավաք ավազան: Եթե վթար լինի, ապա ջրահավաք ավազանից ջուրը կգնա Արարատյան դաշտավայր: Մենք ժամանակին առաջարկել ենք բարձրացնել համակարգի անվտանգությունը` օգտագործելով հատուկ տեխնոլոգիաներ: Բայց մեզ ասացին, որ օգտագործում են եվրոպական համակարգ: Բայց Եվրոպան չունի մեր առանձնահատկությունները: Մենք նաեւ առաջարկեցինք ռադիոակտիվ թափոնների պահեստարանի համար օգտագործել բոր պարունակող պոլիմերներ»:
«ԷկոԼուր»-ի այն հարցին, թե տարեկան 30 տոննա ռադիոակտիվ թափոնը Հայաստանի նման երկրի համար շատ է, թե քիչ, Յադոյանը պատասխանեց. «Մեզ համար շատ է նույնիսկ 1 կգ թափոնը, այլ ոչ տարեկան 30 կամ 40 տոննան: Իհարկե, թափոնների թաղումը ստիպողական միջոցառում է: Բայց պետք է հաշվի առնել, թե ինչ կա արդեն այսօր եւ միջոցառումներ ձեռնարկել ամենաքիչ վնասի համար: Թափոնների համար մենք առաջարկեցինք օգտագործել Ջաջուռի լքված ածուխի հանքը: Կարծում եմ, որ այնտեղ ավելի քիչ ռիսկեր կան թափոնների թաղման համար, քան ՀԱԷԿ-ի տարածքում: Բայց առաջարկությունը մնաց թղթի վրա»:
13:31 Ապրիլ 29, 2011