www.1in.am
Ռուսական ВВЭР (водаводяные энергетические реакторы) տեսակի ռեակտորներով աշխատող ատոմային էլեկտրակայաններն աշխարհում համարվում են հուսալի և լավագույններից մեկը: «Առաջին լրատվականի» հետ զրույցում «ՀԱՅԱՏՈՄ» Ատոմակայանների շահագործման ԳՀԻ տնօրեն, տեխնիկական գիտությունների դոկտոր Վահրամ Պետրոսյանը հայտնեց, որ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի ռեակտորը այդ ВВЭР տեսակի է լինելու:
Սակայն, նրա խոսքով, նոր ԱԷԿ-ը «գերժամանակակից» որակել չենք կարող. «Ցավոք սրտի, մերոնք «ԱԷԿ-92» նախագիծն են ընտրել, որը կարող էր ավելի թարմ լինել: Արդեն 2012 թիվն ենք մտնում: 20 տարի է անցել: Ինչպե՞ս կարող է գերժամանակակից լինել 1992 թ.-ի նախագիծը»:
Վ.Պետրոսյանի կարծիքով, Հայաստանում 1000-1200 մեգավատանոց 1 բլոկ տեղադրելը սխալ է, առավել նպատակահարմար կլիներ ավելի քիչ հզորությամբ 2 հատ ռեակտոր տեղադրել. «Այլ խնդիր է՝ ռուսները դա ունե՞ն, թե՞ չունեն, բայց աշխարհում կան նման բաներ: Մեր էներգահամակարգի համար ավելի ճիշտ էր 2 հատ, բայց դրա կես հզորության չափով ռեակտոր դնել, որը գումարային կլիներ 1000 ՄՎտ»:
ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման թիվ 1 խոչընդոտը ֆինանսական միջոցների բացակայությունն է, իսկ այդ հարցը առանց լուրջ ներդրողներ գտնելու չի լուծվի: Ներդրողներ գտնելու հույսով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը անցած գարնանը համաժողով պետք է հրավիրեր: Սակայն այդ համաժողովը տեղի չունեցավ, ըստ ամենայնի, հետաքրքրվող կողմի բացակայության պատճառով: Այժմ նախարարությունը կրկին որոշել է տարվա վերջին ներդրողների համաժողով հրավիրել: Ամեն դեպքում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման նախագիծը կարելի կլինի «լուրջ» համարել, եթե իրոք լուրջ ներդրողներ ի հայտ գան:
ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի ընդհանուր արժեքը գնահատվում է 5 մլրդ դոլար: Ռուսաստանն ու Հայաստանը 1 տարի առաջ՝ 2010 թ. օգոստոսի 20-ին, ստորագրեցին հայկական տարածքում ատոմային էներգաբլոկի կառուցման հարցում համագործակցության մասին միջկառավարական համաձայնագիր: Ռուսաստանը կարող է ֆինանսավորել նոր ԱԷԿ-ի կառուցման շուրջ 20%-ը:
Հիշեցնենք, որ Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թ.-ին։ Ներկայումս գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407.5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-50%-ը։ ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013 թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Մասնագետների գնահատականներով, հայկական ԱԷԿ-ը կարող է գործել մինչև 2016 թ.-ը։
Օգոստոս 26, 2011 at 14:56