Ու՞մ է պետք Հայկական ԱԷԿ-ի այդ նոր էներգաբլոկը

Ու՞մ է պետք Հայկական ԱԷԿ-ի այդ նոր էներգաբլոկը

ԷկոԼուր

Հայկական ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի ճակատագիրը շարունակում է զարմացնել եւ մասնագետների անհանգստությունը հարուցել: «Հատկապես անհանգստացնում է այն, որ 2009թ-ին ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները ընդունեցին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության ներկայացրած անչափ տարօրինակ «Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի (ների) կառուցման մասին» օրենքը: Այդ օրենքը փաստացիորեն փորխաինեց տեխնիկական հիմնավորմանը, որը ցանկացած օբյեկտի կառուցման դեպքում հիմնական փաստաթուղթն է: Խորհրդարանականները քվեարկեցին այն կետերի օգտին, որոնք օրենքում չպիտի լինեին: Խոսքը նոր էներգաբլոկի հզորության մասին է, որը օրենքով սահմանվեց մինչեւ 1200 ՄՎտ: Այդ հզորությունը  2,5 անգամ գերազանցում է Հայաստանի էներգահամակարգի պահանջարկը մինչեւ 2060 թ. հեռանկարով»,- այս մասին «ԷկոԼուր»-ին ասաց էներգետիկայի ոլորտում փորձագետ Էմիլ Սահակյանը: Նշենք, որ գործող բլոկը ապահովում է 350 ՄՎտ հզորություն:

Փորձագետն ուշադրություն դարձրեց նրա վրա, որ կանխատեսվում է երկու բարձրավոլտ գծերի կառուցում, որոնք տանում են դեպի հարեւան երկրներ եւ նախատեսված են նոր ԱԷԿ-ից էլեկտրաէներգիայի արտահանման համար: «Ստացվում է, որ մեր անվտանգության հաշվին մենք պետք է էլեկտրաէներգիայով ապահովենք հարեւան երկրներին»,- ասաց նա:

Ջրով ապահովված լինելը նոր էներգաբլոկի ամենագլխավոր խնդիրներից է: «Արտեզյան եւ բնական աղբյուրներում արդեն այսօր նկատվում է գյուղատնտեսության համար ջրի սուր պակաս: Այս խնդրի հետ այսօր բախվել է նաեւ գործող ԱԷԿ-ը, թեպետ այն պակաս հզոր է, էլ չենք խոսում նոր էներգաբլոկի մասին»,- ասաց Էմիլ Սահակյանը:

Խնդրահարույց հարցերից է մնում պինդ ռադիոակտիվ թափոնների եւ շահագործված միջուկային վառելիքի պահելը: «Համաշխարհային մակարդակով այդ հարցը լուծված չէ: Հզորության ավելացման հետ միասին ավելանում է նաեւ մթնոլորտ ռադիոակտիվ գազերի եւ աէրոզոլների արտանետումներից, ջրավազաններ ռադիոակտիվ ջրահոսքերի լցնումից  բացասական ազդեցության աստիճանը,- նշեց Սահակյանը: «ԷկոԼուր»-ի այն հարցին, թե ինչպես է ստացվում, որ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները եւ մեր միջուկային անվտանգության պետական կոմիտեն պնդում են, որ ռադիոակտիվ ֆոնը նորմայի սահմաններում է, փորձագետը պատասխանեց. «Չափումը գիտակցական ընտրություն է: Կարծում եմ, որ եթե ճիշտ սահմանեն ժամանակը եւ չափման անցկացման վայրը, ապա կարող են ստացվել այլ արդյունքներ: Այստեղ անհրաժեշտ են անկախ ուսումնասիրություններ, որոնք չկան»: Հարցին, թե մենք ինչպես կարող ենք ապահովել էներգետիկ անվտանգություն, եթե գործող ՀԱԷԿ-ն ապահովում է առկա պահանջարկի մոտ 40%-ը, Սահակյանը պատասխանեց. «Մեզ մոտ կան չգործարկված հզորություններ ջերմաէլեկտրակայանների վրա: Սակայն նրանց օգտագործումը ՀԱԷԿ-ի շահագործումից դուրս բերելու դեպքում հղի է անցանկալի փոփոխություններով էլեկտրաէներգիայի գնագոյացման գործում: ՀԱԷԿ-ը շահագործումից հանելուց առաջ  անհրաժեշտ է էներգահամակարգում իրականացնել մի շարք նախապատրաստական երկարաժամկետ միջոցառումներ: Այս հարցը հնարավոր է լուծել միայն երկրի իշխանության կամքի եւ ցանկության դեպքում: Իսկ եթե մեզ քաղաքական մոտիվներով պետք է նոր էներգաբլոկ, ապա այն պետք է համապատասխանի մեր պահանջներին, այլ ոչ այլ երկրների պահանջներին, այն էլ մեր անվտանգության հաշվին»:

Եզրակացությունը մեկն է` «Հայաստանի Հանրապետության նոր միջուկային էներգաբլոկի(ների) կառուցման մասին» օրենքը լավ մշակված չէ, ընդունված է անտեղյակ խորհրդարանականների կողմից եւ պարտադրվել է ամբողջ հասարակությանը եւ ժողովրդին ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության կողմից, որը, ինչպես հայտնի է, որեւէ պատասխանատվություն չի կրում բնակչության առողջության եւ շրջակա միջավայրի մաքրության համար:

13:41 Հունվար 10, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news