Ի՞նչ կսպասվի Հայաստանի ատոմային էլեկտրակայանին և էներգետիկ համակարգին, եթե նոր էներգաբլոկը չկառուցվի

Ի՞նչ կսպասվի Հայաստանի ատոմային էլեկտրակայանին և էներգետիկ համակարգին, եթե նոր էներգաբլոկը չկառուցվի

ԷկոԼուր

Մինչև 2017թ-ի սեպտեմբեր կմշակվի ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկի կառուցման միջոցառումների պլան-ժամանակացույցը: Այս մասին նշված է ՀՀ կառավարության 2017թ. գործունեության միջոցառումների ծրագրում, որը գործադիրը հաստատեց սույն թվականի հունվարի 12-ին:

Հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկի կառուցման մեկնարկը նախատեսված է 2018 թվականին, իսկ շահագործման հանձնումը՝ 2026 թվականին: Հենց այս նույն տարում պետք է շահագործումից դուրս բերվի ՀԱԷԿ-ի գործող երկրորդ էներգաբլոկը: Այս էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացավ 2016թ-ին: Սակայն պետությունը, հաշվի առնելով ատոմակայանի փակվելու հետևանքով բազիսային հզորությունների լուրջ պակասի առաջ կանգնելու ռիսկը, որոշեց 10 տարով երկարաձգել ատոմային երկրորդ էներգաբլոկի շահագործումը: Այդ նպատակի համար Ռուսաստանը Հայաստանին տրամադրեց 270 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ և 30 միլիոն ԱՄՆ դոլարի դրամաշնորհ:

Հարց է, թե արդյոք ատոմային նոր էներգաբլոկի կառուցման համար Հայաստանը կգտնի ներդրողներ և այն շահագործման կհանձնվի 2026թ-ին: Այս կապակցությամբ պատմական գիտությունների թեկնածու Արմեն Մանվելյանն իր «Էներգետիկ անվտանգությունը և աշխարհքաղաքական մարտահրավերները Կովկաս-Կասպյան տարածաշրջանում» մենագրության մեջ գրել է. «Ռուսական կողմը հայտարարում է, որ նոր էներգաբլոկի մոտավոր արժեքը կկազմի 4-5 միլիարդ դոլար: Նոր ատոմակայանի գինը թերևս որոշակի հարցեր է առաջացնում փորձագիտական շրջանակներում, քանի որ պարզ չէ, թե ինչու հենց այդ գինն է նշվում, երբ նմանատիպ ԱԷԿ-ի համար Հնդկաստանից «Ռոսատոմը» պահանջել է ընդամենը 3 միլիարդ դոլար գումար:...

Ռուսական կողմը հայտարարել է, որ պատրաստ է իրականացնել այս ծրագիրը և ներդնել գնի 20%-25%-ը՝ մոտ 1 միլիարդ դոլար, սակայն ատոմակայանի կառուցման համար հայտարարված միջազգային տենդերներն այդպես էլ անարձագանք մնացին այլ ներդրողների կողմից: Վերջիններս չեն շտապում գումարներ տրամադրել այս ծրագրին, քանի որ չեն տեսնում նոր ատոմակայանի բիզնես հեռանկարը, բացի դրանից, շատ ներդրողներ չեն ցանկանում աշխատել ռուսական կողմի հետ: Հետևաբար, նոր ԱԷԿ-ի կառուցումը հնարավոր կլինի, եթե Ռուսաստանը ընդունի քաղաքական որոշում և ամբողջովին ֆինանսավորի կայանի կառուցումը, քանի որ տնտեսական շահույթ այս ծրագրից ակնկալել գոնե առաջիկա մի քանի տարիների համար դժվար կլինի»:

Հայկական ատոմային էլեկտրակայանն ապահովում է երկրի էլեկտրաէներգիայի արտադրության շուրջ 40 տոկոսը: Հարց է առաջանում, թե ինչ կսպասվի Հայաստանի ատոմային էլեկտրակայանին և էներգետիկ համակարգին, եթե նոր էներգաբլոկը մինչև 2026 թվականը չկառուցվի:

 

17:16 Հունվար 12, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news