Արմավիրում անցկացվել է ուսումնավարժություն ՀԱԷԿ-ի միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման թեմայով

Արմավիրում անցկացվել է ուսումնավարժություն ՀԱԷԿ-ի միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման թեմայով

ԷկոԼուր
Օրերս ՀՀ Արմավիրի մարզում անցկացվել է հրամանատարաշտաբային ուսումնավարժություն՝ «ՀԱԷԿ-ի միջուկային և/կամ ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպումը» թեմայով:


Ուսումնավարժության նպատակներն էին՝
• ստուգել և կատարելագործել մարզի ղեկավար կազմի հմտություններն ու ունակությունները` միջուկային և ճառագայթային վթարների դեպքում աղետի գոտու բնակչության պաշտպանության միջոցառումների ղեկավարման գործում.
• ճշտել վթարային հակազդման կազմակերպությունների և արձագանքող ուժերի առկա հնարավորությունները և փոխհամագործակցությունն արտակարգ իրավիճակներում:


Միջոցառմանը մասնակցում էին մարզի ԱԻ հանձնաժողովը, Արմավիրի մարզային փրկարարական վարչությունը, տարհանման հանձնաժողովը, Մայիսյան, Նորավան գյուղական համայնքներն ու Արմավիր քաղաքը, Արմավիրի և Մեծամորի բժշկական կենտրոնները, ոստիկանության մարզային վարչության բաժինները, ՊՀՀՏ Արմավիրի փորձագիտական կենտրոնը և «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերությունը:


Սցենարի համաձայն՝ ՀԱԷԿ-ից ահազանգ էր ստացվել, որ տեխնոլոգիական պարամետրերը դուրս են եկել անվտանգ շահագործման սահմաններից, ապա տեղի էր ունեցել ՀԱԷԿ-ի նախագծային վթար: Նորավան գյուղի բնակիչներից ոմանք վթարի ազդարարման պահին գտնվել էին հողատարածքներում, իսկ Արմավիր քաղաքում արձանագրվել էին գողության դեպքեր: Ծանրաբեռնվածության պատճառով փլուզվել էր Հացիկ և Մյասնիկյան գյուղական համայնքների միջև գտնվող կամուրջը:


ՀՀ Արմավիրի մարզպետարանում կայացած ԱԻ հանձնաժողովի նիստի ընթացքում կայացվել էր որոշում` իրականացնել նախահարձակ պաշտպանական միջոցառումների իրականացման գոտու համայնքների բնակչության տարհանում և շտապ պաշտպանական միջոցառումների գոտու ճառագայթային աղտոտված տարածքներում ընկնող համայնքների բնակչության ճառագայթային պաշտպանություն: Մարզում ծավալվել էին սանիտարական մշակման և բժշկական կետեր:

Ուսումնավարժության գործնական միջոցառումներն անցկացվել են մարզի Մայիսյան գյուղում: Իրականացվել է բնակչության ազդարարում, պատսպարում, տարհանում և տարհանման երթուղում և բնակավայրերում հասարակական կարգի պահպանության ապահովում:
Տարհանված բնակիչները պատսպարվել են սեփական առանձնատների նկուղներում, որոնք հարմարեցված էին 2-3 օր պատսպարվելու համար: Նկուղներն ապահովվել էին ջրով, սննդով, սեղանով, նստարաններով, ժամանակավոր քնելատեղերով, անկողնային պարագաներով: Պատսպարվողներն իրենց հետ վերցրել էին անհրաժեշտ տաք հագուստեղեն, փոստաթղթերը և դպրոցից հատկացված հակագազերը:


Ընդհանուր առմամբ դրական գնահատելով ուսումնավարժության արդյունքները՝ առաջարկներ են ներկայացվել մարզի ծառայությունների և գյուղական համայնքների ՀԱԷԿ-ի վթարի դեպքում գործողությունների պլանների լրամշակման և բնակավայրերի ազդարարման համակարգերի վերազինման վերաբերյալ:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:

18:33 Հոկտեմբեր 03, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news