ՀԱԷԿ-ի շահագործումից հանվող առաջին էներգաբլոկը կդառնա բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոնների առաջացման խոշոր աղբյուր

ՀԱԷԿ-ի շահագործումից հանվող առաջին էներգաբլոկը կդառնա բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոնների առաջացման խոշոր աղբյուր

ԷկոԼուր

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության առաջին էներգաբլոկը շահագործումից հանելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին: Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) առաջին էներգաբլոկը 1989 թվականի փետրվար ամսից գտնվում է երկարատև կանգառի ռեժիմում: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանի խոսքով`առաջին բլոկի ապամոնտաժումը հնարավորություն կտա երկրորդ բլոկի աշխատանքի երկարացման ժամկետի ծրագիրը իրականացնել` ավելի քիչ գումար ծախսելով: Առաջին բլոկի բոլոր այն սարքավորումները, որոնք հնարավոր է օգտագործել, կտեղափոխվեն երկրորդ բլոկ:
Նշենք, որ ՀԱԷԿ-ի երկրոդ էներգաբլոկի շահագործման ժամկետը լրացել է` սակայն հաշվի առնելով, որ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը հետաձգվում է, ՀՀ կառավարությունը 2012թ-ին ընդունել է որոշում` ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելու մասին:

2007 թվականին ՀՀ կառավարության կողմից ընդունված Հայկական ատոմային էլեկտրակայանը շահագործումից հանելու ռազմավարությամբ առաջարկվում է ՀԱԷԿ-ի շահագործումից հանման տարբերակ ընտրել է «Հաջորդական ապամոնտաժում» տարբերակը, որը նախատեսվում է իրականացնել 40 տարվա ընթացքում: Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանումը իրականացվելու է 3 փուլով: 2007թ-ի գնահատականներով ՀԱԷԿ-ի շահագործումից հանելը գնահտատվել է շուրջ 310,37 միլիոն ԱՄՆ դոլար:

Հայկական ԱԷԿ-ի շահագործումից հանվող էներգաբլոկները կդառնան բարձր ակտիվության ռադիոակտիվ թափոնների առաջացման խոշոր աղբյուր: Իսկ Հայաստանը խնդիր ունի ռադիոակտիվ թափոնների պահման տեսանկյունից, քանի որ համապատասխան տարածքներ են պետք, խոշոր ֆինանսական ներդրումներ` նորագույն տեխնոլոգիաների օգտագործմամբ համապատասխան պահեստարանների կառուցման, ռադիոակտիվ թափոնների վնասազերծման և պահեստավորման համար: Նշենք, որ մինչև 1991 թ-ը ՀԱԷԿ-ի աշխատած միջուկային վառելիքը տեղափոխվում էր Ռուսաստան վերամշակման և պահվում էր այնտեղ: ՀՀ անկախությունից հետո ՀՀ-ի շրջափակման պատճառով աշխատած միջուկային վառելիքի տեղափոխում չիիրականացվում և պահվում է ՀԱԷԿ-ի տարածքում:

ՀՀ կառավարությունը ռադիոակտիվ թափոնների, ինչպես նաև միջուկային վառելիքի անվտանգ կառավարման համար մշակել է և սույն թվականի հոկտեմբերի 5-ին ընդունել Հայաստանի Հանրապետությունում ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարությունը: ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է վեցամսյա ժամկետում մշակել և կառավարության աշխատակազմ ներկայացնել առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավության դրույթների իրականացման միջոցառումների ծրագիր։

13:15 Հոկտեմբեր 13, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news