ՀԱԷԿ-ի պլանային նորոգման աշխատանքներում ներգրավված են մոտ 700 մասնագետներ

ՀԱԷԿ-ի պլանային նորոգման աշխատանքներում ներգրավված են մոտ 700 մասնագետներ

ԷկոԼուր

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հոկտեմբերի 7-ին այցելել է Հայաստանի ատոմային էլեկտրակայան և ծանոթացել կայանում իրականացվող  տարեկան պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքների ընթացքին: ՀԱԷԿ-ում վերանորոգման աշխատանքները սկսվել էին սեպտեմբերի 27-ին և  կտևեն  46 օր:

Նախարարի խոսքով՝ աշխատանքների կատարման համար կազմվել է ժամանակացույց և այսօր կայանի պրոֆիլակտիկ նորոգումն ընթանում է այդ ժամանակացույցի համաձայն: Աշխատանքների համար կպահանջվի մոտ 3 մլրդ դրամ, ինչն արդեն իսկ հաշվարկված է սակագնի մեջ, և այդ ծախսը որևէ ազդեցություն չի ունենա գործող սակագնի վրա:

«Ռեակտորը բացելուց հետո պարզվեց, որ անհրաԺեշտ կլինի իրականացնել լրացուցիչ աշխատանքներ ևս: Խոսքը շոգեգեներատորում կոմպոզիցիոն 2 կարաների /շովերի/ վերականգնման աշխատանքների մասին է, որը մենք կանխատեսում էինք, բայց չէինք նախատեսել,- շրջայցից հետո ասաց նախարար Երվանդ Զախարյանը, - Այդ աշխատանքը շատ կարևոր ու պատասխանատու աշխատանք է, ուստի մենք հրավիրել ենք համապատասխան մասնագետներ Ռուսաստանի Դաշնությունից և Չեխիայից»:

Նախարարի խոսքով` արվում է հնարավոր ամեն ինչ, որ լրացուցիչ աշխատանքները չազդեն ժամկետի վրա և ՀԱԷԿ-ը էներգաարտադրության ցանցին միանա ժամանակցույցի համաձայն՝ նոյեմբերի 11-ին:

Երվանդ Զախարյանը տեղեկացրեց նաև, որ ՌԴ-ից հրավիրվել է նաև գիտական խումբ, որն ուսումնասիրում է սարքավորումների տեխնիկական վիճակը: Նախնական գնահատականների համաձայն տեխնիկական վիճակի հետ կապված խնդիրներ չեն լինի: Ընդհանուր առմամբ ՀԱԷԿ-ի տարեկան պլանային նորոգման աշխատանքներում ներգրավված են մոտ 700 մասնագետներ, որոնցից 300-ը՝ հրավիրված են արտերկրից:

Ինչ վերաբերում է էներգամատակարարման ռեժիմներին, ապա նախարարը վստահեցրեց, որ, էներգամատակարարման հետ կապված խնդիրներ չկան ու չեն կարող լինել, քանի որ էլեկտրաէներգիայի անհրաժեշտ քանակությունն այս պահին վերցվում է Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկից:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը:

17:56 Հոկտեմբեր 07, 2014


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news