Ըստ մասնագետի` հայկական ատոմային էլեկտրակայանի տեղադրման հրապարակում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավոր չէ

Ըստ մասնագետի` հայկական ատոմային էլեկտրակայանի տեղադրման հրապարակում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավոր չէ

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի տեղադրման հրապարակում 9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավոր չէ: Այս մասին ապրիլի 26-ին «ԷկոԼուր» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Ատոմային էլեկտրակայանների շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն  Վահրամ Պետրոսյանը: «Հետազոտությունները ցույց տվեցին, որ այնտեղ, որտեղ կառուցված է ատոմակայանը, շատ ճիշտ է ընտրված, որովհետեւ իր ընդերքում գտնվում է բազալտի հաստ շերտ, որը գնում է մինչեւ Արաքս գետը: Այն երկրաշարժերի ժամանակ կարողանում է տատանումների մի մասը վերցնել իր վրա: Եւ այն, որ մենք ասում ենք, որ 9 բալի երկրաշարժ հնարավոր է այդտեղ, թե` ոչ, ապացուցում է, որ 9 բալի երկրաշարժ այդ հրապարակում հնարավոր չէ շնորհիվ այդ բազալտի շերտի, որը տեղադրված է ընդերքում»,- ասաց Վահրամ Պետրոսյանը` պատասխանելով ասուլիսի մյուս բանախոսին`   էներգետիկայի ոլորտի փորձագետ Էմիլ Սահակյանին: Նշենք, որ իր ելույթում Էմիլ Սահակյանը, անդրադառնալով ատոմակայանի շահագործումից առաջացող վտանգներին, ասել էր, որ ատոմակայանին միշտ սպառնալիք հանդիսացող վտանգներից է սեյսմավտանգությունը: «Սա այն հարցն է, որ չպետք է քննարկվի, որովհետեւ բնության հետ խաղալը շատ վտանգավոր է: Ես պետք է հիշեմ ակադեմիկոս Սախարովին: Նա այսպիսի խոսք ունի, բառացիորեն ցիտում եմ. «Հարկավոր է ուղեղ չունենալ, որպեսզի Հայաստանի պես տեղում ատոմակայան կառուցի»»,-ասաց Էմիլ Սահակյանը:

Վահրամ Պետրոսյանը ներկաներին հիշեցրեց, որ ՀԱԷԿ-ը կանգնեցվեց Սպիտակի երկրաշարժից հետո: Սակայն 1995թ. այն վերաթողարկվեց` դրա համար հաշվի առնվեցին, թե  ինչպիսի սեյսմիկ դաշտում է գտնվում ատոմակայանը, ինչ վիճակի մեջ են գտնվում ռեակտորի իրանը եւ ներքին կառուցվածքները, ինչ ախտորոշիչ համակարգերով է կարգավորված ատոմակայանը:

«Ես այդ ժամանակ եղել եմ ատոմակայանի վերաթողարկման պետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար: Երբ որ այդ ուսումնասիրություններից հետո ամփոփվում էր, ապա արտասահմանյան մասնագետները, մենք շատ էինք ուզում, որ նրանք գնահատեին տարածքը, ասացին` կամ հայերն են շատ խելոք, որ ճիշտ տեղ են ընտրել, կամ Աստված է կամեցել, որ այսպիսի ճիշտ տեղ ընտրեն ու ատոմակայանը կառուցեն»,- Ասաց Վահրամ Պետրոսյանը:

11:32 Մայիս 03, 2013


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news