ՀԱԷԿ-ին մերձակա Արշալույս համայնքում չկան անվտանգ ապաստարաններ

ՀԱԷԿ-ին մերձակա Արշալույս համայնքում չկան անվտանգ ապաստարաններ

ԷկոԼուր

ԷկոԼուրը շարունակում է ներկայացնել Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդակիր բնակավայրերի բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների` արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության մասին նյութերի շարքը:

Ներկայացնում ենք ՀԱԷԿ-ին ազդակիր Արմավիրի մարզի Արշալույս համայնքում անցկացված մոնիտորինգի արդյունքները:

3900 բնակչություն ունեցող Արշալույսը ՀԱԷԿ-ին ամենամոտ գտնվող համայնքներից է` ընդամենը 4 կմ հեռավորության վրա: Սակայն համայնքն արտակարգ իրավիճակների դեպքում ապահովված չէ հատուկ ապաստարաններով և պաշտպանիչ միջոցներով: Ճառագայթային անվտանգության մասին գիտելիքներ ստանում են միայն դպրոցականները` «Ռազմագիտություն» առարկայի դասավանդման ժամանակ: «Ուսման գործընթացում կան հատուկ դասաժամեր, 9-10-րդ դասարանների աշակերտներին ուսուցանում ենք և զուգահեռ անցկացնում ուսումնավարժանքներ», - ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Արշալույսի միջնակարգ դպրոցի զինվորական պատրաստության ուսուցիչ Համլետ Բալյանը:

Դպրոցում որպես ապաստարան նախատեսված է մարզադահլիճը: Սակայն, ինչպես ցանկացած դպրոցի մարզադահլիճ, այն չի կարող ապաստարանի ֆունկցիա կատարել, նախևառաջ մեծ պատուհանների առկայության պատճառով: Ինչպես հայտնի է, միջուկային վթարների համար նախատեսված ապաստարանները պետք է լինեն ոչ ապակեպատ:

Դպրոցն իր միջոցներով ապահովվել է առաջին անհրաժեշտության տեղեկատվական ուղեցույցերի առկայությունը: Բոլոր հարկերում միջանցքներում փակցված է տարհանման պլանը, ռազմագիտության դասարանում` միջուկային վթարի դեպքում պաշտպանվելու պաստառ:

«Անվտանգության հետ կապված երաշխիքները պետք է կառավարության մակարդակով տրվեն, և այն մարդկանց կողմից, որոնք պատասխանատու են և ապահովում են ատոմակայանի անվտանգ աշխատանքը: Լավ կլիներ, որ մենք ոչ թե սեփական պատկերացումներով հավատայինք, որ անվտանգ է, այլ համոզվեինք, առնչություն ունենայինք փաստաթղթերին, - ասաց Համլետ Բալյանը և հավելեց, - մեզ քննարկումներին չեն հրավիրում, մենք կցանկանայինք մասնակցել, ներկայացնել մեր խնդիրները` սկսած անհատական պաշտպանության միջոցներից, որոնցով պետք է յուրաքանչյուրն ապահովված լիներ»:

Նրա կարծիքով` ՀԱԷԿ-ը պետք է շարունակի աշխատել` «հաշվի առնելով Հայաստանի սակավ էներգետիկ ռեսուրսները»: Արմավիրի մարզում ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման մասին դպրոցի զինղեկը տեղյակ չէ, նոր ատոմակայանի կառուցման խնդրին տեղյակ է մասնակի:

Արշալույսի բնակիչները քիչ են տեղեկացված ՀԱԷԿ-ին առնչվող հարցերին, միջուկային վտանգի իրազեկվածության մասին իրենց գիտելիքները գնահատում են «բավարար»: Տեղացիներից մեկը նշեց, որ դեմ է ՀԱԷԿ-ի ժամկետի երկարացմանը: Ռադիոակտիվ թափոնների գերեզմանոցի կառուցման մասին բնակիչները տեղյակ չեն:

Արշալույսում միջուկային անվտանգության պատասխանատուն դպրոցում տնօրենն է, համայնքում` համայնքապետը:

Համայնքն ունի բուժամբուլատորիա: ԷկոԼուրը պարզեց, որ այն ապահովված չէ ռադիացիոն վտանգների դեպքում նախատեսված առաջին անհրաժեշտության դեղամիջոցներով:

«Վերջին 10 տարվա ընթացքում ոչինչ չեն տվել, 10 տարի առաջ գոնե յոդ էին տալիս, հիմա ընդհանրապես ոչինչ չկա…ՀԱԷԿ-ի անվտանգության հետ կապված որևէ քննարկման չենք մասնակցել, մեզ ոչ մի տեղ քննարկման չեն հրավիրում: Ինչ-որ չափով տեղեկացված ենք, համայնքապետարանում ժողովների ժամանակ նկարագրել են, թե ինչպես են տարհանելու բնակչությանը: Ասել են` պետք է նկուղներում թաքնվեք, առանց պատուհանների նկուղներում չթաքնվեք: Անգամ ասել են` որոնք են լավ նկուղները, որ այդտեղ գնանք թաքնվենք», - ասացին տեղացիները:

Ջուրը չի բավարարում, գազն ու հոսանքը թանկ են

Արշալույսցիների հիմնական զբաղմունքը այգեգործությունն է, բանջարաբոստանային կուլտուրաների մշակումը և անասնապահությունը: Սակայն գյուղատնտեսական համայնքը չունի ջուր. «Ոռոգման սեզոնին Սևջուր գետից ենք օգտվում, բայց գետում ջուր չկա: Ընդամենը 1 հոր ունենք, որը չի բավարարում ամբողջ համայնքին…Ջուրն է մեր խնդիրը, ջրի դեֆիցիտն ազդում է մեր եկամտի վրա», - ասացին բնակիչները:

Ջեռուցման նպատակով օգտագործում են գազ, հոսանք, փայտ և աթար: «Գազը թանկ է, հոսանքը թանկ է, փայտն այս տարի թանկացավ…Ատոմակայանն անմիջապես մեր կողքին է, կցանկանայինք, որ գոնե էներգիան մեզ համար էժան հաշվեն», - նշեցին Արշալույսի բնակիչները:

Ձմռանը գազի համար ամսեկան միջինը վճարում են 10.000-25.000 դրամ, նույնը` հոսանքը: Փայտ օգտագործում են 5-7 խմ: Բնակիչների խոսքով` 1 խմ-ը գնում են 25.000-27.000 դրամով:

Արշալույսի բնակիչները մտահոգված են իրենց համայնքում արատներով ծնունդների կապակցությամբ. «20-ից ավելի դեպք գիտենք, երբ երեխաները ծնվել են բնական արատներով: Մեզ մոտ ոչ մի հետազոտություն չի անցկացվել դրա պատճառները պարզելու համար: Բայց մենք մտահոգ ենք, որ դա կարող է կապված լինել ատոմակայանի հետ»:

14:50 Դեկտեմբեր 27, 2018


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news