Ուսումնասիրվում են Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցերը

Ուսումնասիրվում են Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման հարցերը

ԷկոԼուր

Ներկայում ուսումնասիրվում են Հայաստանում նոր ատոմակայանի կառուցման և այդ նախագծում օտարերկրյա գործընկերների ներգրավման հարցերը: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ մարտի 5-ին կառավարությունում տեղի ունեցած Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:

Պատվիրակության կազմում էին միջուկային էներգիայի հարցերով խորհրդական, Ֆրանսիական միջուկային էներգիայի հանձնաժողովի ներկայացուցիչ Ալեքսանդր Գորբաչևը և ֆրանսիական ORANO (նախկին AREVA) ընկերության ներկայացուցիչներ: Հանդիպմանը ներկա է եղել Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը:

Զրուցակիցները քննարկել են միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցության խորացման հնարավորությունները: Փոխվարչապետն այս առումով ասել է, որ Հայաստանը կարևորում է երկրի էներգետիկ արտադրական կարողությունների մեջ Մեծամորի ատոմակայանի ունեցած դերը և շարունակելու է զարգացնել միջուկային էներգետիկան:

Կողմերը պայմանավորվել են ուսումնասիրել միջուկային էներգետիկայի ոլորտում համագործակցության հնարավորությունները, մասնավորապես արտադրական, հետազոտության և մշակումների, մասնագիտական փոխանակումների ու կրթական ծրագրերի ուղղություններով:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության կայքից:

16:44 Մարտ 07, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news