ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում գտնվող Ծաղկալանջի բնակիչների պահանջները

ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում գտնվող Ծաղկալանջի բնակիչների պահանջները

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված Հայկական ատոմային էլեկտրակայանի (ՀԱԷԿ) ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

Ազդակիրության կարգավիճակի հատկացում, ճառագայթային վտանգից պաշտպանվելու համար նախատեսված հակագազերի ու շնչադիմակների տրամադրում, վտանգի վերաբերյալ ինքնապաշտպանության կազմակերպման հմտությունների ուսուցում, սոցիալական արտոնություններ...Այս հարցերի վերաբերյալ իրենց մտահոգությունը ԷկոԼուրին հայտնեցին ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում գտնվող Արմավիրի մարզի Ծաղկալանջ համայնքի բնակիչները: 

1787 բնակիչ ունեցող Ծաղկալանջը մեկն է այն 25 համայնքներից, որոնք գտնվում են ՀԱԷԿ-ի ազդեցության՝ 5-10 կմ շառավղի գոտում: Ծաղկալանջի և ՀԱԷԿ-ի միջև հեռավորությունը կազմում է 5-6 կմ: «Մեր հողերը կպած են ատոմակայանին...Ժամանակին ոտքով էին գնում մարդիկ այնտեղ աշխատանքի... Գոնե հոսանքը մատչելի լիներ: Կարգավիճակ տան: Դրանից հետո մենք կիմանանք մեր իրավունքներն ու պարտականությունները»,- ասացին գյուղացիները:

Սպառած էլեկտրաէներգիայի համար զեղչերի անհրաժեշտության մասին Ծաղկալանջի միջնակարգ դպրոցի ուսուցիչները նշեցին. «Վտանգավոր գոտում ապրողների համար զեղչեր պետք է լինեն, բայց չկա»:

Դպրոցում նաև ասացին, որ ՀԱԷԿ-ի հետագա շահագործման վերաբերյալ որևէ կարծիք հայտնելուց առաջ պետք է իրազեկված լինեն այդ գործունեության ազդեցության և հնարավոր վտանգների մասին: Մինչդեռ իրենք մակերեսային տեղեկություններ ունեն. «Այնքան քիչ ենք տեղյակ, չգիտենք լավ է, որ լինի, թե՝ վատ: Մեր կարծիքը չենք կարող արտահայտել, որովհետև երբևիցե մեզ չեն իրազեկել, մեր կարծիքը երբեք չեն հարցրել, մենք ատոմակայանի վիճակի մասին որևէ տեղեկություն չունենք: Եթե տեղեկացված լինեինք ատոմակայանի վիճակի, սննդի, օդի, ջրի ու ճառագայթման մասին, մեր կարծիքն ավելի օբյեկտիվ կլինի»:

Ինչպես ԷկոԼուրի կողմից ուսումնասիրված ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում գտնվող մյուս համայնքներում, Ծաղկալանջում նույնպես չկան ֆունկցիոնալ առումով հարմարեցված հակաճառագայթային ապաստարաններ, բնակիչներն ապահովված չեն հակագազերով: Միակ պատսպարվելու վայրը տների նկուղներն են: Համայնքի մշակույթի տան նկուղը որպես թաքստոց չի կարող ծառայել, քանի որ այն բաց պատուհաններ և մուտքեր ունի, աղբավայրի է վերածվել:

 

Հայմանքապետարանի աշխատակիցը նշեց, որ նպատակ ունեն մաքրել և ըստ նպատակի օգտագործել այդ նկուղը: Համայնքապետարանից նաև հայտնեցին, որ ամեն տարի համայնքային բյուջեից 200 հազար դրամ է նախատեսվում աղետների ռիսկերի նվազեցման նպատակով: Սակայն մինչ օրս այդ գումարը երբեք չի ծախսվել: ԷկոԼուրի հարցին՝ ինչո՞ւ գոնե հակագազերի ու շնչադիմակների ձեռքբերման վրա չեն օգտագործում այդ գումարը, համայնքապետարանի աշխատակիցը պատասխանեց. «Ճիշտն ասած պահեստ էլ չունենք, որ պահեստավորենք, կփչանա»:

Շնչադիմակներ ու հակագազեր կան դպրոցում, բայց դրանք կիրառելի չեն՝ ժամկետանց են: Նախնական զինվորական պատրաստվածության դասընթացի շրջանակում աշակերտները ծանոթանում են դրանց կիրառման նպատակներին: Քաղաքացիական պաշտպանության դասընթացի ժամանակ աշակերտներն ունեն աղետներին առնչվող դասաժամեր, որոնց ժամանակ տեղեկանում են տարերային աղետների, առաջին բուժօգնության մասին, գործնական պարապմունքներ են կազմակերպվում: Ըստ դպրոցի տնօրենի՝ այդ ամենն արվում է Արմավիրի մարզպետարանի կրթության վարչության հետ համաձայնեցնելով: Վերջինս շեշտեց, որ ՀՀ կառավարությունը հնարավորության դեպքում ՀԱԷԿ-ի ազդեցության գոտում գտնվող գյուղերի բնակիչներին պետք է ապահովի հակագազերով. «Մենք գտնվում ենք շատ վտանգավոր գոտում: Ուզում ենք իրազեկված լինել, բայց ոչ մի միջոց չունենք: Օրինակ՝ մեր դպրոցին 200 հակագազ է պետք, 170 աշակերտ ունենք, 30-ը՝ աշխատակազմն է: Պետությունը պետք է այդ ամենն ապահովի»:

Ծաղկալանջում երբևէ չի իրականացվել տեղական սննդամթերքի, բանջարանոցային բուսատեսակների հետազոտություն՝ դրանց վրա ատոմակայանի ազդեցությունը պարզելու նպատակով: Մինչդեռ Ծաղկալանջի տարեց բնակիչները հիշում են, որ մինչ ՀԱԷԿ-ի գործարկումը բանջարանոցներն ու այգիներն ավելի «հարուստ» էին. «Երբ դեռ ատոմակայանը չէր աշխատում, ամեն ինչ լավ էր: Հիմա լոլիկը նորմալ չի աճում: Անձրևից հետո բույսերի վրա ասես մոխրագույն նստվածք լինի՝ հողագույն հետքեր են, բայց պետք է հակառակը լիներ՝ լվացվեր անձրևից հետո»:

Ճառագայթային վտանգի գոտում այս գյուղի խնդիրներից է խմելու ջրի ներքին ցանցը: Մոտ 40 միլիոն դրամ արժողությամբ ծրագիր ունեն՝ ներքին ցանցի վերանորոգումն իրականացնելու նպատակով, սակայն ծրագիրը կյանքի կոչելու համար համայնքն իր կողմից 6 միլիոն դրամի ներդրում պետք է անի. «Նախագիծ-նախահաշիվն արված է, պետք է այդ 6 միլիոն դրամը հայթայթել»:

18:29 Փետրվար 14, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news