Նոր Եդեսիա՝ հին խնդիրներ միջուկային վտանգի դեմ

Նոր Եդեսիա՝ հին խնդիրներ միջուկային վտանգի դեմ

ԷկոԼուր

ԷկոԼուրը ներկայացնում է Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքում իրականացված ուսումնասիրության արդյունքները՝ կապված ՀԱԷԿ-ի ազդեցության, արտակարգ իրավիճակներում պատրաստվածության, անվտանգության միջոցառումների մասին իրազեկվածության, որոշումների կայացման գործընթացում մասնակցության և համայնքի սոցիալական խնդիրների հետ:

ՀԱԷԿ-ին ամենամոտն ու չպաշտպանվածը

ՀՀ Արագածոտնի մարզի Նոր Եդեսիա համայնքի՝ Հայկական ատոմային էլեկտրակայանից (ՀԱԷԿ) հեռավորությունն ուղիղ գծով ընդամենը 3 կմ է: Համայնքապատկան որոշ այգիների հեռավորությունը՝ 500 մ է:

Բնակիչները դժգոհ են, որ Նոր Եդեսիան չի համարվում ՀԱԷԿ-ի ազդակիր համայնք. «Մենք ամենամոտն ենք գտնվում ատոմակայանին: Մեր գյուղմթերքն առաջին հերթին պետք է ստուգվեր, մեզ պետք է արտոնություններ տրվեին՝ էլեկտրաէներգիայի դոտացիա կամ առողջապահական ծրագրեր լինեին: Մի անգամ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեցինք, թե ատոմակայանի մոտ ենք ապրում, բայց հոսանքի զեղչ ինչո՞ւ չի արվում: Պատասխանեց՝ ձրի ռադիացիա կստանաք: Էլ ինչի՞ մասին է խոսքը»,- նշեց բնակիչներից մեկը:

1392 բնակիչ ունեցող համայնքը միջուկային վտանգի դեպքում պետք է տարհանվի հարևան Ուջան գյուղ: Տարհանման համար պետք է օգտագործվեն բնակիչների անձնական մեքենաները: Առաջնային պաշտպանության համար բնակիչները չունեն ճառագայթային ապաստարաններ, պաշտպանիչ պարագաներ: Համայանքապետարանում առկա է ԽՍՀՄ տարիներից մնացած մոտ քսան հակագազ, որոշակի քանակ էլ՝ դպրոցում կա, բայց դրանք պիտանի չեն: «Համայնքում գրեթե բոլորը նկուղներ ունեն, այնտեղ սնունդն են պահում: Բայց անհրաժեշտության դեպքում կարող է որպես ապաստարան ծառայել: Սանհանգույցի բացակայությունը կարող է խնդիր լինել: Այդ դեպքում մեկ օրից ավելի չեն կարող մնալ: Նկուղների մուտքը տան միջից է: Կարող են բարձրանալ, օգտվել: Բայց դա թույլատրելի է, թե՝ ոչ, չեմ կարող ասել: Նկուղները հիմնականում մեկ պատուհան ունեն կամ փոքրիկ օդանցքեր»,- ԷկոԼուրի հետ զրույցում ասաց Նոր Եդեսիա համայնքի ղեկավար Վահան Աբգարյանը:

Որպես ապաստարան կարող է ծառայել նաև համայնքային դպրոցի նկուղը, որը լուրջ վերանորոգման կարիք ունի: Իսկ վերանորոգման բեռը դրվել է դպրոցի «ուսերին»: «Աշտարակի ԱԻՆ ծառայությունում ներկայացրել ենք պայմանները: Ասել, որ դպրոցի նկուղը պատսպարվելու համար պիտանի չէ, պիտանի են մարդկանց տների նկուղները, բայց դրանք էլ հերմետիկ փակված չեն: Սննդի հարցը կարելի է լուծել, բայց սանհանգույց՝ ոչ: Հիմա մեզնից պահանջում են մեր միջոցներով դպրոցի նկուղը պատրաստել, որ ծառայի իր նպատակին: Բայց դպրոցի միջոցներով անհնար է, դպրոցը չի կարող դա անել»,- ԷկոԼուրի հետ զրույցում նշեց Նոր Եդեսիայի դպրոցի տնօրեն Հրաչ Սահակյանը:

2018թ. Նոր Եդեսիան մասնակցել է համապետական նշանակության «Շանթ» զորավարժություններին, որոնց նպատակն այս կամ այն աղետի, ռազմական գործողությունների ժամանակ բնակչության պաշտպանվածության մակարդակի բարձրացումն է: Համայնքապետ Վահան Աբգարյանը նշեց. «Գործող շտաբ ունենք: Բնակիչներին տեղյակ ենք պահում: Բոլորը մասնակցում են»:

Նոր Եդեսիայում ճառագայթային վտանգի ազդարարման շչակը տեղադրված է համայնքապետարանի տանիքին: Համայնքում կա բուժկետ: Բնակիչներն առողջական խնդիրները կապում են ատոմակայանի հարևանությամբ բնակվելու հետ: «Բժիշկիները մեզ ասում են, որ խնդիրը կարող է էլ ավելի սրվել», - ասաց բնակիչներից մեկը:

Մթնոլորտային օդի ճառագայթվածության աստիճանը որոշելու նպատակով նախատեսվում է Նոր Եդեսիայում մշտադիտարկող սարքավորում տեղադրել: Արդեն իսկ ընտրվել է համապատասխան տարածք ու ցանկապատվել: Մնում է՝ սարքավորումները տեղադրել: «Երկու անգամ եկել են համայնք, տեղում վերլուծական գործողություններ կատարել: Ճառագայթումը չափելու համար սարք են տեղադրելու: Բայց դե շատ բան իմանալն այդքան էլ լավ չէ: Նաև խոստացել են, որ հատուկ ալեհավաք կտեղադրեն, որպեսզի վտանգի ժամանակ հեռախոսազանգերը նորմալ լինեն: Հիմա մեր կապը շատ վատն է»,- ասաց Վահան Աբգարյանը:

Խմելու և ոռոգման ջրի խնդիրները՝ մասամբ լուծված

Նոր Եդեսիան համեմատաբար երիտասարդ գյուղ է: Այստեղ եկած զույգերի առաջին սերունդը նոր-նոր ընտանիք է ստեղծում: Խորհրդային Միության տարիներին Նոր Եդեսիայում 700-730 հա խաղողի ու ծիրանի այգիներ են մշակվել: «1993-1994 թթ. ոռոգման ջրի պակասի պատճառով այգիները չորացել էին: 2005-2006թթ. վերսկսել են այգիների մշակումը: Տարեկան 15-25 հա-ով ավելանում է: Միայն նախորդ տարի 33 հա այգի են հիմնել: Մեզ մոտ ոռոգման նոր համակարգ է կառուցվել, Արզնի ջրանցքն է վերանորոգվել, արդյունքում՝ կորուստները նվազել են»,- ասաց Նոր Եդեսիայի համայնքապետը: Գյուղը նաև խմելու ջրի խնդիր է ունեցել:

«Մեր խմելու ջուրը տալիս էին շաբաթը մեկ, անգամ՝ ամիսը մեկ անգամ: Հիմա ջուրը Նազրվանից լցվում է Ագարակի ջրամբար, Ագարակից հոսանքով մղում են Ուջանի ջրամբար: Այնտեղից էլ գալիս, լցվում է մեր խաչմերուկի ջրամբարը, որտեղից էլ 14 կմ գալիս և լցվում է մեր գյուղի ջրամբար: Հազար տոննա լցվում է, ինչը մեկ օր բավարարում է»,- նշեց համայնքի ղեկավարը:

Արևային էներգետիկան Նոր Եդեսիայում

ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երակարացման վերաբերյալ համայնքում քննարկումներ տեղի չեն ունեցել: «Եթե պետության շահերի հետ համընկնում է, եթե պետք է, որ հոսանք ունենանք, ինչպե՞ս կարող ենք չհամաձայնել: Ուրիշ բան, որ արևայիններ լինեն: Եթե այսօր հոսանքի խնդիր ունենք, ինչպե՞ս կարող ենք չհամաձայնել այդ որոշմանը», - նշեց Վահան Աբգարյանը: Համայնքի բնակիչները, սակայն, ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման հետ կապված ռիսկեր են տեսնում. «Ի՞նչ տեսակ սարքավորումներ են, իրենք պիտանի՞ են, թե՞ ոչ: Ռիսկը միշտ էլ կա: Բայց եթե կառավարությունը որոշել է, եթե մասնագետներ կան, որոնք գտնում են՝ պետք է...Ինձ թվում է, եթե արևային կայաններ դնեն, շատացնեն, արդեն ատոմակայանի կարիք չի լինի»:

Նոր Եդեսիան գազաֆիկացված չէ: Ձմռանը ջեռուցման նպատակով օգտագործում են փայտ, աթար և ածուխ: Համայնքում ակտիվորեն սկսել են տեղադրել նաև արևային ջրատաքացուցիչներ ու վահանակներ: ՀՀ Արագածոտնի մարզում նախատեսվում է արդյունաբերական մասշտաբի 200 ՄՎտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայանի կառուցում: Այդ նպատակով նախատեսվում է վերցնել Եղվարդ և Նոր Եդեսիա համայնքների շուրջ 520 հա հողատարածքը: Կայանի կառուցումը կիրականացվի «ՄԱՍԴԱՐԱՐՄԵՆԻԱ ԾՐԱԳԻՐ» ներդրումային ծրագրով: ՀՀ կառավարությունը դիտարկում է հողերը վերցնել նվիրաբերության տարբերակով և համապատասխան հանձնարարական է տրվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարին: «Չափագրման աշխատանքները կլինեն աշնանը: Եթե տարածքը գերակա շահ ճանաչվի, կմտնեն շուկայական փոխհարաբերությունների մեջ: Եթե բնակիչը համաձայնվում է առաջարկած գնին, ապա գործարքը ստացվում է»,- ասաց Վահան Աբգարյանը:

Կորոնավիրուսի համաճարակն ու գյուղը պատուհասած սոցիալական խնդիրները

Կորոնավիրուսի համաճարակի պատճառով Նոր Եդեսիայի բնակիչները չեն մեկնել արտագնա աշխատանքի, ինչն իր հերթին հանգեցրել է բնակիչների եկամուտների նվազման մոտ 50-60%-ով: Գյուղատնտեսական աշխատանքներից ստացվող եկամուտը հուսալի չէ:

17:34 Հունիս 23, 2020


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news