Իսկ ի՞նչ կա մեզ մոտ Մեծամորում` ոչինչ

Իսկ ի՞նչ կա մեզ մոտ Մեծամորում` ոչինչ

ԷկոԼուր

Մեծամորը հայկական ատոմակայանի աշխատողների քաղաքն է: Մարդիկ առանց հավեսի կիսվում են իրենց մտքերով Մեծամորի ապագայի մասին: Ասում են, որ եթե հանկարծ կայանը փակեն, ապա կմնան առանց աշխատանք եւ առանց գոյության միջոցի: «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը եղավ Մեծամորում: Հարցերին, թե ինչպես են վերաբերվում ատոմային նոր էներգաբլոկի կառուցմանը, կամ ներկայիս ՀԱԷԿ-ի ժամկետների երկարացմանը, անցորդ մի կին պատասխանեց. «Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչպես եմ վերաբերվում, այստեղ ապրում եմ 40 տարի, սովորել եմ: Այստեղ ամեն ինչ կապված է ատոմակայանի հետ, եւ սա է մեր կյանքը»:

Հաշվի առնելով բոլոր հանգամանքները` կապված անվտանգության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի սոցիալական քաղաքականության, ինչպես նաեւ կառավարության կողմից ատոմային էներգետիկայի զարգացումը առաջնահերթություն հայտարարելու հետ, Մեծամորը պետք հատուկ ուշադրության կենտրոնում լիներ: Պետք է լիներ, բայց չեղավ: «Ի՞նչ ունենք մենք  այսօր Մեծամորում, ոչինչ»,- ասաց «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախագահ Նաիրա Առաքելյանը:  Մեծամորի բնակչուհի. «Ես այստեղի 40 տարվա բնակիչ եմ, նոր մենք իմացել ենք, որ այս տարածքը` այս պասյոլկեն, ատոմակայանին վաբշե չի պատկանում, 2-րդ սովխոզին է պատկանում»:

Քաղաքում պոլիկլինիկա չկա: Առաջ կար, սակայն շինությունը վթարային դարձավ, եւ հիմա պոլիկլինիկան իր բժշկական ծառայություններով տեղափոխել են քաղաքի ծայրամասում գտնվող հիվանդանոց:  «Անհասկանալի պատճառով մի օրվա մեջ եկան ասեցին, հավաքեք ձեր վեշերը: Այսպես լցրել են մեքենան, տարել են, լցրել էնտեղ»,- պատմում են բնակիչները: Մեծամորի բնակիչներն պրոֆիլակտիկ ստուգումներ չեն անցնում: «Այդ ամենը գումար արժի: Սովորական մարդիկ չեն կարող գնալ եւ այդ գումարը տրամադրել այն դեպքում, երբ իրենք, ասենք, չունեն հացի գումար»,- ասում է Մեծամորի բնակչուհին:

Մեծամորում խնդիրները քիչ չեն: Միայն «Հույսի Մեծամոր» ՀԿ-ում հաշվառված է 27 հաշմանդամ երեխա: ՀԿ-ի նախագահ Մարգարիտ Սեդրակյանն ասում է. «Կոնկրետ 0-18 տարեկան 27 երեխա ունի հաշմանդամություն, բայց կան երեխաներ, որոնք ունեն կոնկրետ խնդիրներ, դեռ հաշմանդամություն չունեն: Առանձնացված ստուգումներ, որ վերաբերվի հենց խնդիր ունեցող երեխաներին կամ խմբերին, կարծում եմ, նմանատիպ ստուգուներ չեն եղել»: «Բնապահպանության նախարարությունից Մեծամոր քաղաքի բնակչության հետ հանդիպման, չգիտեմ, եկել են, թե ոչ: Հանրային լսումներն արել են քաղաքում, ես` ինքս, մասնակցել եմ 2-3 հանրային լսման, անձամբ եմ արտահայտվել: Նույնիսկ նամակով մեր պահանջներն եմ ուղարկել, բայց դա պետք է ավելի մասսայական, դա պետք է բնակչության համար ավելի լսելի դարձվի, որպեսզի մենք կարողանանք գոնե մեր մինիմալ պայմաններն ապահովել: Այստեղի առողջական կենտրոնը պետք է լինի ամենալավը Հայաստանում, պոլիկլինիկան պետք է լինի ամենամատչելին, որը տեղափոխվեց, ու բնակչությունն այսօր դժգոհում է, որովհետեւ մատչելի չէ, որովհետեւ քաղաքային տրանսպորտ չկա, ու ստիպված են մի քանի կիլոմետր մարդիկ քայլել, որպեսզի գնան պոլիկլինիկա»,- ասաց Նաիրա Առաքելյանը:

Շատերն անհանգստացած են, որ գուցե զարգացման արատները կապված են այն բանի հետ, որ նման երեխաների ծնողներն աշխատում են ՀԱԷԿ-ում: Մեծամորի գրեթե բոլոր ընտանիքներում ՀԱԷԿ-ում աշխատողներ կան:

«Բնականաբար, մեզ ոչ մեկ տեղեկություն չի տալիս: Ես` ինքս, աշխատել եմ ատոմակայանի տարածքում անցյալ տարի, բայց ես ոչ մի տեղեկություն չունեմ, չի երեւում. այնտեղ ամեն ինչը փակ է»,- ասում է Մեծամորի բնակչուհին:



Հուլիս 03, 2012 at 12:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր