Խոսում է հայկական ատոմային քաղաք Մեծամորը

Խոսում է հայկական ատոմային քաղաք Մեծամորը

ԷկոԼուր

Ատոմային Մեծամոր քաղաքը դուրս են բերել Հայկական ատոմային էլեկտրակայանի ազդեցության գոտուց՝ թողնելով որպես ազդեցության գոտի Մայիսյան փոքրիկ համայնքը՝ իր ամառանոցներով և տնակներով: Այժմ և Մեծամորի, և Մայիսյանի համար չկա որևէ արտոնություն ու հատուկ ծրագիր: Այնտեղ բնակվողների սոցիալական մակարդակը գնալով իջնում է: Բնակիչների 70 տոկոսը ջեռուցում են իրենց տները փայտով, քանի որ գազով կամ էլեկտրաէներգիայով ջեռուցելու համար միջոցները չեն բավարարում: Քաղաքի կոյուղատար համակարգը չի աշխատում, այցելուներին այստեղ դիմավորում է տհաճ հոտը: Ջրամատակարարման համակարգը ծայրահեղ վատ վիճակում է, և ատոմակայանին մոտ ընկած տարածքները պարբերաբար տուժում են սելավներից. ողողվում են բնակիչների տները: ՀԱԷԿ-ում աշխատող մեծամորցիների քանակը գնալով նվազում է:

Աշխատատեղերն աստիճանաբար զբաղեցնում են այլ շրջանների բնակիչները, օրինակ, Երևանի:
Մեծամոր քաղաքը հիմնադրվել է 1969 թվականին, որպես ՀԱԷԿ-ի բնակելի ավան: Այլ խոշոր գործարաններ այնտեղ չկան: Զարգացված չէ նաև գյուղատնտեսությունը, ինչը բնորոշ է ատոմային քաղաքներին:

Մեծամոր և Արմավիր քաղաքների հասարակական ակտիվ ներկայացուցիչների հետ ԷկոԼուրի հանդիպման ժամանակ բարձրացվեցին ՀԱԷԿ-ի հետ կապված սոցիալական վիճակին, էներգետիկ քաղաքականությանը, շրջակա միջավայրի պահպանությանն և մարդկանց առողջությանն ու անվտանգությանն վերաբերող հարցերը:

ԽՈՍՈՒՄ Է ՄԵԾԱՄՈՐԸ

ԷկոԼուր.
- Բավարարված ե՞ք ընդհանուր պաշտոնական պատասխանով, որ ձեզ մոտ ամեն ինչ կարգին է:

Խաչիկ Դանիելյան, «ԱԼՏ» հեռուստաընկերություն.
Մենք բավարարված չենք: Խորհրդային տարիներին ատոմակայանի ամենամոտ բնակավայրը Մեծամորն էր: Մեծամորի 80 տոկոսը, եթե ոչ 100 տոկոսը աշխատում էին ատոմակայանում: Առաջ ատոմակայանի շրջակայքում բնակվողներին էլեկտրաէներգիան գործնականում անվճար էին տալիս: Նպատակն այն էր, որ այն որոշակի վնաս է հասցնում մարդկանց: Հիմա ինչքան է Հայաստանում նորմալ ռենտգեն ֆոնը, մենք չգիտենք: Մենք այդ ինֆորմացիային չենք տիրապետում, թե ստանդարտն ինչքան է, որ մենք ասենք՝ ատոմակայանը ինչ վնաս է հասցնում մարդկանց առողջությանը: Դա յուրաքանչյուրը պետք է իմանա: Նույնիսկ քաղաքապետարանը չգիտի, թե իր քաղաքի ռենտգեն ֆոնն ինչքան է, ոչ էլ չափելու հնարավորություն ունի: Ինֆորմացիան փակ է:

ԷկոԼուր.
-Իսկ դուք պետական մարմիններին հարցումներ արե՞լ եք:

Խաչիկ Դանիելյան, «ԱԼՏ» հեռուստաընկերություն.
- Պատասխանում են, որ նորմայի սահմաններում է, վերջ:

Մարջան Գրիգորյան, Հույսի Մեծամոր ՀԿ.
- Անցյալ տարի միանշանակ ասում էին, որ անվտանգ է:

Անժելա Ստեփանյան, «ԱԼՏ» հեռուստաընկերություն.
- Իսկ դուք ինչպե՞ս եք պատկերացնում, որ կարող է ինչ-որ մեկը կանգնի ու հրապարակի, որ վտա՞նգ է իրենից ներկայացնում:

ԷկոԼուր.
-Դուք ապահովվա՞ծ եք սոցիալական, էկոլոգիական, առումով, տեղեկատվության առումով պաշտպանվա՞ծ եք:

Խաչիկ Դանիելյան, «ԱԼՏ» հեռուստաընկերություն.
- Ատոմակայանի աղտոտվածությունը թե ինչ ուղղություն ունի, դրա քարտեզն էլ չկա: Օրինակ, ինչքան ես ծանոթ եմ, Մեծամորն ավելի անվտանգ է, քան թե Արշալույս համայնքը... Մեր մոտ օդի շարժն ընկնում է հյուսիս-արևմուտքից հարավ-արևելքը: Այդ ուղղությամբ է շարժվում:

Ատոմակայանի աղտոտվածությունն էլ օդի շարժվելու միջոցով է լինում, ու իմ սուբյեկտիվ կարծիքն է, որ Մեծամորը, Արմավիրն ավելի անվտանգ են, քան թե շրջակա գյուղերը, որ այդ հոսանքի ուղղությամբ են ընկնում: Որ ընդհանուր վերցնես, Արմավիրն ավելի անվտանգ է, քան թե Երևանը:

Ռուզաննա Վարդանյան, բնակչուհի.
- Երբ որ ատոմակայանը նոր պետք է գործարկեին, շրջակա բոլոր գյուղերի թթենիները կտրեցին, ոչ մի թթենի չթողեցին: Հիմա շատերն են թթենի տնկում: Ո՞վ է հիմա հետևում, ոչ ոք: Նույնիսկ հիմա աճեցնողները չգիտեն, որ դա ճառագայթում է կլանում ու վնասակար է:

ԷկոԼուր.
- Արտակարգ իրավիճակների համար ունե՞ք գործողությունների պլան, գիտե՞ք՝ ում պետք է դիմեք:

Մարգարիտա Սեդրակյան, «Հույսի Մեծամոր» ՀԿ.
- Կապ չունենք: Որպես բնակիչ ուրախ կլինեմ, որ այդ հարցով զբաղվեն կազմակերպությունները: Այդ ինֆորմացիան մի տեսակ մեզ համար էլ է փակ:

Ռուզաննա Ենոքյան, «Ընտանիք և համայնք» ՀԿ.
- Սրանից երկու տարի առաջ արտակարգ իրավիճակների Արմավիրի բաժնի պետը եկավ մեր կազմակերպություն և սեմինար անցկացրեց, թե ատոմակայանի վտանգի դեպքում ինչ պետք է անեն մարդիկ, որ իրենք ունեն հատուկ ծրագրեր, մարդկանց ուր պետք է տեղափոխեն, ուր պիտի գնան: Ցանկալի կլինի, որ նման բաները հաճախ լինեն, որ մարդիկ տեղեկացված լինեն: Մի անգամ եկել են մի 15-20 հոգու տեղեկացրել են, բայց դա չի նշանակում, որ ամբողջ բնակչությունն է տեղեկացված:

Նաիրա Առաքելյան, «Արմավիրի զարգացման կենտրոն» ՀԿ.
- Դպրոցներում, պետական հիմնարկներում վարժանքներ անում են, բայց սովորական բնակչությունը, որ չունի աշխատանք, այդ բնակչության շրջանակներում աշխատանքներ չեն տարվում: Ինչքան էլ այդ աշխատանքները տանեն, ես՝ ինքնս, որպես քաղաքացի չեմ հավատում, որ եթե դեպք լինի, մենք ունենք այդքան ապաստարաններ:

Խաչիկ Դանիելյան, «ԱԼՏ» հեռուստաընկերություն.
Մեր տեղանքի արտակարգ իրավիճակների ծառայությունը, ըստ օրենքի, պետք է ունենա յուրաքանչյուր քաղաքացու համար հակագազ ու հագուստ: Այն ամեն տարի պետք է նորացվի:

Մարգարիտա Սեդրակյան, «Հույսի Մեծամոր» ՀԿ.
- Իմ հարցումներից պարզվում է, որ մեր մարզում առկա հաշմանդամության բոլոր տեսակները Հայաստանի բոլոր մարզերում կան: Այսինքն, կոնկրետ ինչ-որ մի երևույթ, որ տարբերվում է Արմավիրի մարզը, նման բան ինձ ասում են, որ չկա: Բայց որ մենք ունենք հաշմանդամություն և այլ տեսակի հիվանդություններ ունեցող մեծ թվով մարդիկ, երիտասարդներ, երեխաներ, փաստ է:

Խաչիկ Դանիելյան, «ԱԼՏ» հեռուստաընկերություն.
Եթե մենք Մեծամորի ատոմակայանի հետ կապենք հաշմանդամությունը, պետք է գնանք Մուրացան բժշկական կենտրոն ու այնտեղի պաշտոնական տվյալները ունենանք, որովհետև ատոմակայանի պահով հիվանդները պետք է գրանցված լինեն Մուրացան բժշկական կենտրոնում: Ուզում եմ ասել, որ չկա նման ուսումնասիրություն, չեն էլ արել:

Ռուզաննա Ենոքյան, «Ընտանիք և համայնք» ՀԿ.
- Չեմ կարծում, որ այստեղ նման հետազոտություն կատարած լինեն: Ատոմակայանը չի մտնում Մեծամորի տարածքի մեջ, ատոմակայանը Մայիսյան համայնքի տարածքի մեջ է:

Անժելա Ստեփանյան. «ԱԼՏ» հեռուստաընկերություն.
-Այս Մեծամոր ավանը հենց ստեղծվել է ատոմակայանի հենքի վրա: Եթե ասում ենք ատոմակայան, միանշանակ հասկանում ենք Մեծամոր քաղաք:

Խաչիկ Դանիելյան, «ԱԼՏ» հեռուստաընկերություն.
-Հիմնական աշխատողներն առաջ այստեղից էին: Տուն չկար, որ ատոմակայանում աշխատող չունենար, բայց այսօր Մեծամորի 10 տոկոսն է աշխատում ատոմակայանում:

ՀԱԷԿ-ի աշխատակից 1.
-Ատոմակայանում աշխատում է մոտ 70% Երևանից, 30% տեղի բնակչությունից:

ՀԱԷԿ-ի աշխատակից 2.
- Ատոմակայանում եթե նույնիսկ 12 ժամ աշխատես, այնտեղ հաց չես ուտում, վտանգավոր աշխատանք է:

Մարգարիտա Սեդրակյան, «Հույսի Մեծամոր» ՀԿ.
- Ես փոքր Հայաստանի համար ատոմակայանը շատ մեծ բան եմ համարել: Պետք է ընտրել այլ տարբերակներ, թե ինչու ենք հիմնվել հենց ատոմակայանի վրա, չգիտեմ, չեմ պատկերացնում:

Խաչիկ Դանիելյան, «ԱԼՏ» հեռուստաընկերություն.
- Ատոմակայան ունենք, թե չունենք, մեր էլեկտրաէներգիայի վարձը Վրաստանից թանկ է:

Անժելա Ստեփանյան, «ԱԼՏ» հեռուստաընկերություն.
-Եթե կառուցեն նոր էներգաբլոկը, ես իմ մաշկի վրա դրա դրական ազդեցությունը պետք է զգամ, որպեսզի այն, ինչն իմ առողջության վրա է ազդում, ես ուղիղ համեմատականի մեջ դնեմ՝ հանուն ինչի:

ԷկոԼուր.
- Դուք համոզվա՞ծ եք, որ առողջության վրա դա ազդում է:

Անժելա Ստեփանյան. «ԱԼՏ» հեռուստաընկերություն.
Ես ոչ միայն համոզված եմ, ես նույնիսկ տեսնում եմ՝ ինչքան է ազդում առողջության վրա: Մտնում եմ պոլիկլինիկա, հերթերի քանակից եմ տեսնում:

Մեծամոր քաղաքի բնակչուհի Ռուզաննա Վարդանյան.
- Ես իմ սեփական մաշկի վրա եմ դա զգում: Երբ մեկ-երկու ամսով դուրս եմ գալիս քաղաքից, ինքս ինձ վրա զարմանում եմ, այնքան որ ինձ լավ եմ զգում, իսկ այստեղ միշտ վատ ինքնազգացողություն ունեմ:

ԷկոԼուր
- Ձեզ մոտ ի՞նչ էներգակիրներ եք օգտագործում սեփական կարիքների համար:

Մեծամոր քաղաքի բնակչուհի Ռուզաննա Վարդանյան.
-Ամենաէժանը վառելափայտով է լինում, ու, բնականաբար, վառելափայտ են օգտագործում. ֆինանսապես ավելի ձեռնտու է:

Խաչիկ Դանիելյան, «ԱԼՏ» հեռուստաընկերություն.
Եթե վերցնենք Արմավիրը, մասնավոր սեկտորի 70 տոկոսը փայտ է վառում: Գազը չի տաքացնում: Բազմաբնակարան շենքերում էլ են գազից հրաժարվում:

Անժելա Ստեփանյան, «ԱԼՏ» հեռուստաընկերություն.
- Գյուղամիջում կամ Արմավիր քաղաքի ծայրամասում ձմռանը մեքենան կանգնած է, երբ պետք է փայտ, կարող ես գնել: Խորանարդ մետրը 18 հազար է, ձմեռը 22 էլ է լինում:

 

16:10 Նոյեմբեր 23, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news