ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման սցենարը փոխվել է

ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի կառուցման սցենարը փոխվել է

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի նոր էներգաբլոկի կառուցման սցենարը փոխվել է: Կառավարությունն այլևս մտադիր չէ կառուցել մինչև 1200 ՄՎտ հզորությամբ միջուկային էներգաբլոկ: Ներկա պահին դիտարկվում է ավելի ցածր հզորությամբ էներգաբլոկի կառուցման տարբերակը: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը:

«1200 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկ չի կառուցվելու, դա հին կառավարության ծրագիրն էր: Ներկա պահին մենք դիտարկում ենք ավելի քիչ հզորությամբ ռեակտորների հնարավորությունը: Իրավիճակ է փոխվում, նոր տեխնոլոգիաներ են շուկայում ի հայտ գալիս, մոդուլյար ռեակտորների ավելի փոքր հզորություններ, և մենք հիմա շատ ուշադիր հետևում ենք այդ զարգացումներին, քանի որ դրանց կառուցման համար շատ ավելի կարճ ժամանակ է պահանջվում, և դրանք շատ ավելի ճկուն են էներգետիկ համակարգում: Մինչև 2017 թվականի սեպտեմբեր մշակվելիք միջոցառումների շրջանակում մենք կներկայացնենք մեր նոր տեսլականը այդ ոլորտի համար», - նշեց Հայկ Հարությունյանը:

ԷկոԼուրի հարցին՝ ինչ հզորությամբ էներգաբլոկ է նախատեսվում կառուցել և որքան ներդրումներ կպահանջնվեն դրա համար, փոխնախարարը պատասխանեց. «Ներդրումը կախված է հզորությունից, իսկ հզորությունը կախված է ոլորտի զարգացման մեր տարբեր սցենարներից: Մենք ունենք մինչև 2036 թվականին մեր համակարգի զարգացման հարյուրավոր սցենարներ: Եթե մենք սահմանենք արևայինի սակագինը, և այն ավելի ցածր ու մրցունակ դառնա, դա որոշակիորեն կփոխի բալանսը: Հողմայինը կարող է բալանս փոխել, գազի գինը: Էներգետիկայի զարգացումը նվազագույն ծախսերով ճկուն է, քանի որ շուկայում շատ տեխնոլոգիաներ շատ արագ զարգանում են, և մենք չենք կարող հիմա ֆիքսել մի բան և հետո անտեսել նոր զարգացումները»:

2026 թվականին շահագործումից դուրս է բերվելու Հայկական ատոմային էլեկտրակայանի գործող երկրորդ էներգաբլոկը: Կհասցնի արդյո՞ք կառավարությունը մինչ այդ լուծել նոր էներգաբլոկի կառուցման հարցը: «Հուսով եմ` այո», - արձագանքեց Հայկ Հարությունյանը:

Հարցին, եթե հանկարծ չստացվի մինչև 2026 թվական կառուցել նոր միջուկային էներգաբլոկ, ի՞նչ կսպասվի մեր էներգետիկ համակարգին, Հայկ Հարությունյանը պատասխանեց. «Դրա սցենարներն էլ կան, և ոչ մի կատաստրոֆիկ բան չեմ կարծում, որ սպասվի: Եթե ինչ-ինչ պատճառներով մենք չկարողացանք կառուցել նոր ատոմային էներգաբլոկ, դա կփոխարինենք այլ աղբյուրներից ստացված էլեկտրաէներգիայով: Դա կախված կլինի արդեն մեր հետագա էներգետիկ բալանսից, բայց հիմա չի քննարկվում այն սցենարը, որով ատոմային էներգետիկա մենք չենք ունենալու: Բոլոր սցենարներում դրված է, որ ատոմային էներգետիկա մենք ունենալու ենք»:

Նշենք, որ նախկինում նախատեսում էր 2018 թվականին մեկնարկել ՀԱԷԿ-ի նոր՝ մինչև 1200 ՄՎտ հզորությամբ էներգաբլոկի կառուցումը, որի արժեքը կազմում էր մոտ 4.5 միլիարդ դոլար: Սակայն բավարար ներդրումներ այս ծրագրի համար չգտնվեցին:

 

13:38 Հունվար 24, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news