ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին մասնակցել է 15 մասնագիտացված կազմակերպություն

ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքներին մասնակցել է 15 մասնագիտացված կազմակերպություն

ԷկոԼուր

Ավարտվել է Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման նախագծի առաջին փուլը: Աշխատանքներին մասնակցել է 15 մասնագիտացված կազմակերպություն, զննվել է 4500 միավոր սարքավորում, մշակվել և տրամադրվել է 46 հաշվետու փաստաթուղթ։ Հաստատվել է ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման հնարավորությունը:

Այս տեղեկատվությունը ներկայացվել է սույն թվականի դեկտեմբերի 2-ին Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների շրջանակներում Երևանում տեղի ունեցած ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի Համատեղ համակարգող հանձնախմբի երրորդ նիստում: Նիստի համանախագահներն էին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանը և «Ռոսատոմ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենի առաջին տեղակալ, զարգացման և միջազգային բիզնեսի գծով տնօրեն Կ. Կոմարովը։

Նիստում նշվել է, որ ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման միջոցառումների շրջանակներում իրականացվել են ռեակտորային տեղակայանքի սարքավորումների, հիմնական խողովակագծերի մետաղի և եռակցման կարերի հսկման աշխատանքներ: Հսկողություն իրականացնելու ընթացքում չեն հայտնաբերվել այնպիսի թերություններ, որոնք կխոչընդոտեն ռեակտորային տեղակայանքի շահագործման ժամկետը 10 տարով երկարաձգելուն:
Զուգահեռաբար կատարվել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի ամրանների, մխոցային, ջերմամեխանիկական, բեռնամբարձիչ և այլ սարքավորումների գործիքային զննման աշխատանքներ, որոնք կավարտվեն 2018 թվականին: Գործիքային զննման արդյունքում նախատեսվում է որոշել սարքավորումների ավելի քան 1000 միավորի մնացորդային ռեսուրսը՝ դրանց հետագա շահագործման նպատակով:

Նիստի ընթացքում կողմերը հաստատել են, որ շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացումն ընթանում է սահմանված ժամանակցույցին համապատասխան:

Հանձնաժողովի նիստի արդյունքներով ընդունվել են որոշումներ, համակարգերի և սարքավորումների ժամանակին պատրաստման ու մատակարարման, Հայկական ԱԷԿ-ի անվտանգության մակարդակի պահպանման և բարձրացման, ինչպես նաև էլեկտրաէներգիայի արտադրության հուսալիության ապահովման վերաբերյալ:

Նիստի մասնակիցները քննարկել են նաև 2017 թվականին Ռուսաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում ատոմային էներգետիկայի ոլորտին առնչվող մասնագիտություններով հայ ուսանողների ներգրավման հարցը:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը:

15:35 Դեկտեմբեր 06, 2016


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news