ՀԱԷԿ-ի 67 աշխատակից ատոմակայանից դուրս գալու դիմում է գրել. դժգոհ են, որ աշխատավարձը քիչ են բարձրացրել

ՀԱԷԿ-ի 67 աշխատակից ատոմակայանից դուրս գալու դիմում է գրել. դժգոհ են, որ աշխատավարձը քիչ են բարձրացրել

aravot.am, Լուսինե Բուդաղյան

Aravot.am-ը Հայաստանի ատոմային էլեկտրակայանի՝ ՀԱԷԿ-ի աշխատակիցներից տեղեկություն էր ստացել, որ ատոմակայանի մոտ 70 աշխատակից երեկ ՀԱԷԿ-ի տնօրենին աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Նրանց թվում են ատոմակայանի միջուկային անվտանգության գծով մասնագետները: Տեղեկության վերաբերյալ փորձեցինք պարզաբանումներ ստանալ Հայաստանի ատոմային էլեկտրակայանի գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանից:

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Վարդանյանը հաստատեց աշխատակիցների դիմում գրելու փաստը, ասաց, որ ոչ թե 70-նն են, այլ՝ 67 աշխատակցի մասին է խոսքը, որոնք հիմնականում հերթափոխի անձնակազմում են: Ըստ Մովսես Վարդանյանի, ՀԱԷԿ-ի միջուկային անվտանգությանը վտանգ չի սպառնում, այդուհանդերձ այդ աշխատակիցների հետ հանդիպումներ են տեղի ունենում, որպեսզի խնդրին ինչ-որ լուծում տան:

ՀԱԷԿ-ի 67 աշխատակից, գլխավոր տնօրենի խոսքով, դիմում են ներկայացրել, քանի որ աշխատավարձերի բարձրացման արդյունքում նրանց ակնկալիքները չեն արդարացվել: Նրանք դիմել են տնօրինությանը՝ որպեսզի լուծեն աշխատանքային պայմանագիրը:

«Ինչպես էներգահամակարգի մյուս օբյեկտները Հայաստանի ատոմակայանում էլ օպտիմալացման գործընթաց է սկսվել, արդյունքում 151 հաստիք կրճատվելու է, որի արդյունքում որոշակի գումար ենք ունենում: Ինչպես գիտեք, Հայաստանի պայմանների համար ատոմակայանի աշխատակիցների աշխատավարձերը համեմատաբար բարձր են, այդ թվում նաեւ դիմում ներկայացրած 67 աշխատակիցներինը, եւ մյուս ազատված աշխատակիցների գումարներն ուղղորդվելու են ատոմակայանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացմանը: Խնդիրը ոչ թե աշխատավարձի իջեցման կամ կրճատման հետ է կապված, այլ, ընդամենը, աշխատավարձի այդ չափով բարձրացման, այսինքն՝ այդ մարդիկ դժգոհ են, քանի որ ակնկալիքներն ավելի մեծ էին»,-ասաց Մովսես Վարդանյանը: Պարոն Վարդանյանն ասաց, որ նրանք շարունակում են աշխատել.«Ես հուսով եմ, որ այդ 67 հոգու հարցը ատոմակայանի միջուկային անվտանգության վրա որեւէ ազդեցություն չի ունենա: Այդ թվում նաեւ աշխատանքի, բայց կփորձենք աշխատանքային հանդիպումներով խնդրին լուծում տալ: Այսօր աշխատակիցների եւ արտադրամասերի պետերի, գլխավոր ինժեներների հետ հանդիպել ենք եւ փորձում ենք լուծումներ տալ: Այլ երկրներում էլ գործատուն եւ աշխատակիցներն ունենում են  որոշակի աշխատանքային խնդիրներ աշխատավարձի հետ կապված, հույս ունենք, որ հարցը կլուծվի»:

Դիմում գրած 67 աշխատակիցների մեծ մասը երիտասարդ կադրեր են եւ 1974 թվականից ցածր, որոնք կենսաթոշակային վճարումներ են անում: Ըստ դիմում գրած աշխատակիցների, աշխատավարձերի այդչափ բարձրացումը շոշափելի չէ, քանի որ ավելացած գումարներն ուղղվում են բարձրացված հարկերին եւ կենսաթոշակային համակարգին: Ըստ Մովսես Վարդանյանի, աշխատանքային պայմանագիրը լուծելու մտադրություն ունեցող աշխատակիցների աշխատավարձերը բարձրացվել են մինչեւ 18 տոկոս:

14:04 Փետրվար 06, 2019


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news