ՀԱԷԿ-ում իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների հետազոտություն

ՀԱԷԿ-ում իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների հետազոտություն

ԷկոԼուր

ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարաձգման և արդիականացման միջոցառումների շրջանակներում այս տարի իրականացվել է ավելի քան 690 սարքավորումների գործիքային հետազոտություն։ Աշխատանքները կատարվել են պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության աշխատակազմի էներգետիկայի վարչության ատոմային էներգիայի բաժնի պետ Արտեմ Պետրոսյանի փոխանցմամբ՝ մշակվել է համակարգերի, կառույցների մնացորդային ռեսուրսի հիմնավորման և տեխնիկական վիճակի գնահատման 37 ծրագիր, տրվել է 126 նախնական եզրակացություն։ Հաստատվել են ակտիվ գոտու վթարային հովացման, էներգաբլոկի հուսալի սնուցման, բլոկային տրանսֆորմատորի, ինչպես նաև, այսպես կոչված, սպրինկլերային համակարգերի արդիականացման նախագծման տեխնիկական առաջադրանքները։

Նախատեսված ժամանակացույցի համաձայն սկսվել է արդիականացման ենթակա սարքավորումների առաքումը։ ՀԱԷԿ-ի տարածք են տեխափոխվել առաջին տուրբոգեներատորը, ենթասնուցվող ջրի տաքացուցիչը, հովացնող պոմպերը, մի շարք այլ փոխարինվող համակարգեր։ Մատակարարվել է նաև կամրջակային էլեկտրական կռունկների արդիականացման համար անհրաժեշտ սարքավորումների մի մասը։ Մյուս մասը տեղ կհասնի մինչև տարեվերջ։

Ըստ Արտեմ Պետրոսյանի՝ սարքավորումների փոխարինման աշխատանքները կմեկնարկեն 2018թ. նախատեսվող պլանային նախազգուշական վերանորոգման ընթացքում։
Հիշեցնենք, որ ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրն իրականացվում է ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև ստորագրված համաձայնագով տրամադրված 270 մլն դոլար վարկային և 30 մլն դոլար դրամաշնորհային միջոցների հաշվին։

Այս մասին հայտնում է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:

 

13:54 Դեկտեմբեր 15, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news