ՀԱԷԿ-ի110 կիլովոլտ լարմամբ ենթակայանի վթարային անջատման արդյունքում միջուկային և ճառագայթային նորմից շեղումներ չեն եղել

ՀԱԷԿ-ի110 կիլովոլտ լարմամբ ենթակայանի վթարային անջատման արդյունքում միջուկային և ճառագայթային նորմից շեղումներ չեն եղել

ԷկոԼուր

Հայկական ատոմային էլեկտրակայանի 110 կիլովոլտ լարմամբ ենթակայանի վթարային անջատման արդյունքում միջուկային և ճառագայթային նորմից շեղումներ չեն եղել: Այս մասին ԷկոԼուրին հայտնեց ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը: Վթարային անջատումը տեղի էր ունեցել հունվարի 21-ին:

Ըստ Աշոտ Մարտիրոսյանի՝ վթարային անջատման պատճառը եղել է հալոցքը: «Քանի որ ցուրտ էր, սառցակալած տեղեր կային110 կիլովոլտ լարման գծի վրա: Եղանակը տաքացել է, սկսել է հալոցք, և դա բերել էր կարճ միացման, խափանումների, ինչի պատճառով ատոմակայանի հզորությունն իջել էր մինչև զրո: Ատոմակայանը չի անջատվել, մնացել է զրոյական հզորության վրա: Բարձրավոլտ լարման գծի խափանումները վերացնելուց հետո, համաձայն շահագործման ռեգլամենտի, սկսվել է ատոմակայանի հզորության բարձրացում: Ճառագայթային՝ ռադիոակտիվ, և միջուկային անվտանգության որևէ շեղում չի եղել»,- ասաց Աշոտ Մարտիրոսյանը:

ԷկոԼուրի հարցին, թե արդյոք ատմային էլեկտրակայանի շահագործաման ժամկետի երկարացման գործողությունների պլանի մեջ ներառված են վթարված ենթակառուցվածքները, Աշոտ Մարտիրոսյանը պատասխանեց. «Այո, ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագրում կան 110, 220 կիլովոլտ լարմամբ ենթակայանի արդիականացման միջոցառումներ: Խափանումը եղել է այդ ենթակայանում, այսինքն այն տարածքում, որը գտնվում է ռեակտորից և այլ սարքավորումներից դուրս մոտ 100 մետր: Այդ ենթակայանը ատոմակայանի արտադրած հոսանքը փոխանցում է Հայաստանի էներգահամակարգին: Դա նշանակում է, որ ատոմակայանի տուրբինային, ռեակտորային և տեխնոլոգիական մյուս համակարգերում ոչ մի թերություն չի եղել»:

Այս կապակցությամբ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց. «Դա ամոտակայանի խնդիրը չէր, դա բարձրավոլտ էլեկտրական ցանցերի վրա սառույցների կուտակումից առաջացած խնդիր էր: Այդ խնդիրը ժամերի ընթացքում վերացվեց, ոչ մի համակարգային վթար դրա արդյունքում տեղի չունեցավ, և սա ընդամենը ցույց տվեց, որ ատոմակայանի բոլոր պաշտպանական համակարգերը սարքին են, նորմալ աշխատում են և պատրաստ են ցանկացած նման վթարի դիմակայել»:

 

14:17 Հունվար 23, 2017


էկոԱհազանգ

Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news